ՀԵՐՈՍ ԸՆՏԱՆԻՔԸ


«Շամոյի պես հարյուր մարտիկ ունենամ, սարսափելի չի լինի թուրքի և ոչ մի հարձակում»,- ասել է Լեոնիդ Ազգալդյանը: Երբ շահումյանցի Էդիկ Խաչատրյանը և թալիշցի Լենա Իսախանյանը ամուսնացան, երջանկացած ուրվագծեցին ապագան` անխախտ հավատով, որ Ռուդիկ, Արթուր, Նաիրա, Շամիր զավակները կապրեն խաղաղ երկրում: Ցավոք, 1973 թ. ավտովթարից մահացավ Էդիկ Խաչատրյանը: Ժամանակի անողոք բռունցքից բեկվեց ընտանեկան երջանկությունն ու անդորրը: Այրիացած Լենան պայքարեց կյանքի հարվածների դեմ` միայնակ հոգալով ու հետևելով զավակների կրթությանը` նրանց սովորեցնելով հավերժ սիրել հայրենիքն ու բնօրրանը: Ապացույցը եղավ այն, որ երեք տղաներն էլ Արցախյան գոյամարտի մասնակիցներ դարձան: Այդ ընտանիքի մասին պատմությունը լի է դառնությամբ: Արցախյան գոյապայքարում բազում հայ ընտանիքներ դարձան վշտակիրներ, բայց Թալիշում բնավորված Խաչատրյանների ընտանիքն անվերջ ապրեց դառնության ու կորստի ցավը: Ռուդիկ Խաչատրյանի համար դժվար էր պատմել իր ընտանիքի մասին, քանզի տառապանքը կտոր-կտոր էր անում ցավից կարկամած մարդկային միտքն ու հոգին: Արցախյան պայքարի առաջին մասնակիցը տան ամենակրտսերը` Շամիր Խաչատրյանն էր, ով սկզբից ընդգրկվեց «Հայ երիտասարդական ճակատ» ջոկատի կազմում, դեռ քսանը չբոլորած` մասնակցեց Ասկերանի մի շարք գյուղերի մարտական գործողություններին: Կարճ ժամանակում կարողացավ բացահայտել մարտարվեստի գաղտնիքները: 91-ին նա արդեն ջոկատի հրամանատարն էր: Այդ ընթացքում մասնակցեց Ասկերանի, Շահումյանի, Մարտակերտի, այնուհետև Բուզլուխ, Մանաշիդ, Էրքեջ գյուղերի մարտական գործողություններին: Նրա մարտընկերների վկայությամբ` կյանքում խոնարհ ու համեստ երիտասարդը մարտադաշտում խիզախ էր ու անվեհեր: Նրա յուրաքանչյուր մարտը արիության, մարտական վարպետության յուրօրինակ դաս էր: Թալիշի անկման ժամանակ անհետ կորավ նրանց Լենա մայրը… Զավակների որոնումներն ապարդյուն էին: Չանցած երկու օր` 92 թ. հունիսի 18-ին, Մատաղիսի համար մղված մարտերում Շամիրը ծանր վիրավորվեց ու տեղափոխվեց Երևան` հիվանդանոցում մնալով ընդամենը մեկ շաբաթ: Վերադառնալով դիրքեր` մասնակցեց Չլդրանի ու Մեհմանայի ազատագրմանը: Նրա ջոկատը շտապեց Մեծ Շենի ու Մոխրաթաղի դիրքերը, ծանր մարտերից հետո ազատագրեցին գյուղերը, սակայն նրա չսպիացած վերքերն ստիպեցին նորից վերադառնալ հիվանդանոց: Չլդրանի կատաղի մարտերի ժամանակ կրկին թողեց բուժումը և օգնության շտապեց տղաներին: Օգոստոսի 31-ին Պողոսագոմեր գյուղի կատաղի մարտերից մեկի ժամանակ ծանր վիրավորվեց, երեք օր գիտակցության չգալով` սեպտեմբերի 2-ին մահացավ: Խաչատրյան ընտանիքի համար կրկնակի կորուստ էր. սկզբում` մայրը անհետ կորավ, ապա` ամենափոքր եղբայրը զոհվեց: Ռուդիկի մյուս եղբայրը` Արթուրը, Արցախյան գոյապայքարի ընթացքում ՌԴ-ից ընտանիքով վերադարձավ Թալիշ: Գյուղի անկումից հետո ավագ եղբոր խորհրդով տեղափոխվեց Հրազդան` միաժամանակ հոգալով Ռուդիկ եղբոր ընտանիքի հոգսը: Արթուրը չհաշտվեց հարազատների կորստի հետ: Դեռ եղբոր շիրիմի առաջ երդվել էր. - Եղբա´յր, վստահ եղիր` ցավիս տասնապատիկը պիտի ոսոխին տամ: Հաճախ մտովի կվերադառնար մանկություն, ցավով կհիշեր մորը… Մի օր էլ ընկերներին պատմել էր. - Մայրս մեզ հուսադրել գիտեր: Այն դառը պահերին, երբ թվում էր, թե այլ ելք ու հնար չկա, նա մեզ շարքով նստեցնում էր թախտին ու սկսում հեքիաթներ պատմել, որոնք միշտ ավարտվում էին բարու հաղթանակով: Եվ մեզ թվում էր, թե հեքիաթի բարի հսկաները մենք ենք, որ վաղ թե ուշ ձեռք կբերենք մեր երջանկությունը: Կարճ ժամանակ անց` 1993 թ. գարնանը, Արթուրն անդամագրվեց Շահումյանի պարտիզանական ջոկատին: Օգոստոսին ծառայության անցավ Ստեփանակերտի կենտրոնական պաշտպանական շրջանի հետախուզական վաշտում` մասնակցելով Ֆիզուլիի, Ջաբրայիլի, Ժդանովի ազատագրմանը: Դեկտեմբերին թշնամին Արցախի բոլոր ուղղություններով լայնամասշտաբ հարձակման անցավ. անհավասար մարտի ժամանակ` դեկտեմբերի 27-ին, Ջաբրայիլի ազատագրման ժամանակ զոհվեց Խաչատրյան ների երկրորդ զավակը: Արթուրը հետախուզական վաշտից էր: Շամիր ու Արթուր Խաչատրյաններն ամփոփված են Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոցում: Մորն ու եղբայրներին կորցրած Ռուդիկ Խաչատրյանը շարունակեց պայքարը թշնամու դեմ… Նոր փորձություններով վերաիմաստավորվեց նրա հետագա պայքարը: Անցած ողջ տարիների ընթացքում չդադարեց որոնել Լենա Իսախանյանին: Նա սկզբում «Կենտրոնական պաշտպանական շրջանի» ջոկատի հրամանատարն էր: Երբ ազատագրեցին գյուղը, այլևս չէր կարող հեռանալ բնօրրանից, ուր թողել էր ընտանիքի հուշերը: 15 տարի ապրեց ծննդավայրում` պայմանագրային ծառայության անցնելով Հայոց Բանակում: Հիմա բնակվում է Երևանում: Ամեն անգամ Արցախում լինելիս հիշում է անցած օրերը, հիշում եղբայրների սխրանքները, անհետ կորած մորը. յուրաքանչյուր բնակավայրի պատմությունը փոթորկում է նրա հոգին:

Նաիրա ԲԱԴՈՅԱՆ