ՆՈՐ ԱՆԴՐԱԴԱՐՁ ՄԻՆԱՍՅԱՆ ՈՐՄՆԱՆԿԱՐՆԵՐԻՆ


Լրագրողական հետաքննություն Մինաս Ավետիսյանի որմնանկարներին առնչվող պատմության մեջ, ցավոք, օրավուր նոր բացահայտումներ են կատարվում, որոնք մինչև այժմ փորձել են «խնամքով» թաքցնել հանրությունից` կառավարությունն ու «Մինաս Ավետիսյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արման Ավետիսյանը: Վերջինս, վիրավորված ԶԼՄ-ներում իր հասցեին հնչած մեղադրանքներից, որոնք նա «զրպարտչական» է համարել, դիմել է «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանին` պահանջելով իր հերքումը տեղադրել «Ասպարեզի» կայքում: Նա զրպարտություն է տեսել նաև «Ավանգարդում» հրապարակված «Ընտանեկան կապալի՞ն էին հարվածելու» վերտառությամբ հոդվածում: Լևոն Բարսեղյանն անպայմանորեն կպատասխանի «Մինաս Ավետիսյան» բարեգործական հիմնադրամի տնօրենին, իսկ մենք էլ ցանկանում ենք Ա. Ավետիսյանին վերադարձնել դեպի իրականություն` ներկայացնելով ՀՀ Կառավարության մի շարք որոշումներ, որոնք վերաբերում են որմնանկարներին ու նրանց տեղափոխմանը: Ահավասիկ` «1) Հայաստանի Հանրապետության Կառավարության 2007 թվականի հուլիսի 26-ի N 852-Ա որոշմամբ «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ին հատկացվել է 5578.6 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով) նախկին «Հայէլեկտրակոնդենսատոր» ԱՄ էլեկտրատեխնիկա կան գործարան» ՓԲԸ-ի կազմից առանձնացված ճաշարանի կիսաքանդ շենքի հարավային պատի վրա գտնվող Մինաս Ավետիսյանի «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարի ամրակայման, տեղափոխման և ՀՀ Շիրակի մարզի Ջաջուռ համայնքում գտնվող Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանի վերականգնման աշխատանքներն իրականացնելու համար: Աշխատանքների իրականացման պատվիրատուն «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ն է, կապալառուն` «Մինաս Ավետիսյան» մշակութային բարեգործական հիմնադրամը: Կողմերի միջև կնքված պայմանագրով նշված գումարը փոխանցվել է «Մինաս Ավետիսյան» մշակութային բարեգործական հիմնադրամին: 2) Հայաստանի Հանրապետության Կառավարության 2010 թվականի հունիսի 17-ի N 734-Ա որոշմամբ ՀՀ մշակույթի նախարարությանը հատկացվել է 20 մլն դրամ` ՀՀ Կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակեր պություններին» հոդվածով) Գյումրի քաղաքի «Էլեկտրատեխնիկական գործարան» ՓԲԸ-ի նախկին ճաշարանի շենքում գտնվող «Հանդիպում (15 թվական)» (5,75 մx3 մ) և «Խաչքարի մոտ» (5,75 մx3 մ) որմնանկարներն ամրացնելու, Հայաստանի Հանրապետության կառավարական N 1 շենք տեղափոխելու և վերականգնման ծախսերն իրականացնելու նպատակով «Մինաս Ավետիսյան» մշակութային բարեգործական հիմնադրամին որպես նվիրաբերություն տրամադրելու համար: Աշխատանքների իրականացման պատվիրատուն ՀՀ մշակույթի նախարարությունն է, կապալառուն` «Մինաս Ավետիսյան» մշակութային բարեգործական հիմնադրամը: Կողմերի միջև կնքված պայմանագրով նշված գումարը, որպես նվիրաբերություն, ամբողջությամբ փոխանցվել է «Մինաս Ավետիսյան» մշակութային բարեգործական հիմնադրամին: 3) Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 500-Ա որոշմամբ իրականացվում են «Էլեկտրատեխնիկական գործարան» ՓԲԸ-ի նախկին ճաշարանի շենքում գտնվող «Երկանք» (5,75 մx3 մ) և «Գալվանոմետր» («Օմեգա») գործարան« ՓԲԸ-ի մասնաշենքում տեղակայված «Թել են մանում» (13 մx3,25 մ) որմնանկարների ամրակայման, վերականգնման աշխատանքները: ՀՀ Կառավարության որոշման համաձայն` «Երկանք» որմնանկարը պետք է տեղադրվի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի նախագահական համալիրում, իսկ «Թել են մանում» որմնանկարը` «Զվարթնոց» օդանավակայանի նոր ուղևորային համալիրի մեկնման սրահում: Բոլոր որմնանկարները որպես մշակութային արժեք շարունակում են մնալ Հայաստանի Հանրապետության սեփականությունը: «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի համաձայն` «հուշարձան օգտագործող իրավաբանական և ֆիզիկական անձինք պատասխանատվություն են կրում դրանց պահպանության ու անվթարության ապահովման համար և պարտավոր են կատարել հուշարձանների պահպանության ու օգտագործման` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները»: Աշխատանքների ավարտից հետո օրենքի պահանջների կատարումն ապահովելու համար «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի հետ կկնքվի որմնանկարների պահպանական պարտավորագիր: 5-րդ կետ. ՀՀ Կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 500-Ա որոշմամբ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը թույլատրել է «Մինաս Ավետիսյան» մշակութային բարեգործական հիմնադրամին` «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի միջոցների հաշվին իրականացնելու Մինաս Ավետիսյանի «Երկանք» և «Թել են մանում» որմնանկարների տեղափոխման և վերականգնման աշխատանքները, ինչն իրագործելու համար կողմերի ստանձնած պարտավորությունները (այդ թվում նաև` ֆինանսական) ամրագրվել են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի և «Մինաս Ավետիսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի միջև կնքված երկկողմանի պայմանագրով»: Ինչպես է պատահել, որ մրցույթների հայտարարման մասին ՀՀ օրենքը խախտելով` բարեգործական հիմնադրամը դարձել է կապալառու կազմակերպություն և միանձնյա տնօրինել հատկացված բոլոր ֆինանսական միջոցները` կատարված ծախսերի մասին որևէ հաշվետվություն չներկայացնելով: Մի՞թե այս ամենը չի վկայում, որ իսկապես գործ ունենք ֆինանսական ինչ-ինչ գործարքների հետ, որոնց մասին ակնարկները «խոցել են» Մինասի որդուն... Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը պարտավոր էր քննարկել բոլոր ծախսերը, ապահովել հանրային իրազեկումը: Մանավանդ` խնդիրը վերաբերում էր այն պետական սեփականությանը, որը գտնվում է Գյումրի քաղաքի տարածքում, իսկ Գյումրին մեր պետության մի մասն է կազմում... Կառավարության 2010 թվականի հունիսի 17-ի նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ մշակույթի նախարարին առաջարկել է դիմել մասնավորների, երևանյան «օֆիսների» տերերի միջև աճուրդ կազմակերպել` այսպիսով ոտնձգություններ իրականացնելով պետական ունեցվածքի նկատմամբ: Չէ՞ որ օֆիսներին տրամադրելու համար հարկավոր էր առաջին հերթին օտարել «գույքը» , ապա նոր միայն մտածել դրանց աճուրդի մասին: Մինասի որդին այս առթիվ լռել է, որովհետև նա արդեն ստացել էր 20 միլիոն դրամ` սույն նիստի որոշմամբ, իսկ դրանից առաջ` ևս 5 միլիոն... Մինչև այսօր գաղտնի է պահվում, թե որքան գումար է հատկացրել «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն` կապալառու դարձած «Մինաս Ավետիսյան» հիմնադրամին, և ինչպես են ծախսվել այդ միջոցները... Լրագրողներին և մասնավորաբար տողերիս հեղինակին «վախեցնելուց» առաջ` Արման Ավետիսյանն ու Մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի և ժողովրդական ստեղծագործության վարչության պետ Սոնա Հովհաննիսյանը, ովքեր բացահայտորեն մոլորեցրել են նախարար Հասմիկ Պողոսյանին, պիտի այնքան պատվախնդրություն ունենային, որ ներկայացնեին Էռնեկյանից ստացված գումարների չափն ու դրանց օգտագործման հաշվետվությունը: Այսքանից հետո հուսանք, որ հայրենի դատախազությունն էլ կզբաղվի այն խնդրով, թե ինչպես է պատահել, որ բարեգործական կազմակերպությունը դարձել է պետության կողմից պատվիրակված գումարի տեր ու կապալառու: Ապա պետական սեփականություն հանդիսացող որմնանկարների տեղափոխման և վերականգնման աշխատանքների գործառույթն է ստանձնել և թաքցրել ստացված գումարների չափը... Մի բան էլ. եթե այսքան ժամանակ լռության ենք մատնել մի «շարք հանգամանքներ» և չենք ցանկացել «աղբը խրճիթից դուրս հանել», ապա միայն այն պատճառով, որ գործ ունենք 20-րդ դարի մեր մեծագույն նկարիչներից մեկի` Մինաս Ավետիսյանի անվան հետ: Արման Ավետիսյանը գոնե պիտի հիշեր, թե ինչ խանդաղատանքով ու նվիրում էի ես կազմակերպել մեծ նկարչի հոբելյանական հանդեսը Գյումրիում` այն կոչելով` «Ծնունդդ շնորհավոր, Մինաս»: Ինձ համար միշտ թանկ է եղել Մինասի անունը, ուստի այս փաստաթղթերի հրապարակումն անգամ արել եմ դժկամությամբ` միայն մի նկատառմամբ. ընթերցողին ցույց տալ ճշմարտությունը և Արման Ավետիսյանին հիշեցնել, որ «ակնհայտ սուտ տեղեկություններով» չենք առաջնորդվել` գրելով «Ընտանեկան կապալի՞ն էին վնասելու» վերտառությամբ հոդվածը:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ