Հյուրասրահ


Նշանավոր գրող և հրապարակախոս Զորի ԲԱԼԱՅԱՆՆ այժմ «ԿԻԼԻԿԻԱ» նավով շուրջերկրյա ճամփորդություն է կատարում: Դեռ ճամփորդություն մեկնելուց առաջ նա խոստացել էր հյուրընկալվել մեր հյուրասրահում: Սակայն իր խոստումը չկարողացավ կատարել: Փոխարենը` մեր խնդրանքով նա իր մտորումներբն է ներկայացրել, որոնք առնչվում են այնպիսի կարևոր խնդրի, ինչպիսիք հայկական գերեզմաններն են: Համատեսքտից դուրս բերելով մեր հղած հարցերը` գրողի մտորումները ներկայացնում ենք մեկ ամբողջության մեջ: ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆԸ ՄՏՈՐՈՒՄ Է - Առաջին անգամ սփյուռքում ես գերեզմանատուն այցելեցի Լոս Անջելեսում: Դա ավելի քան քառորդ դար առաջ էր: Ծաղիկներ դրեցի Գուրգեն Յանիկյանի գերեզմանին: Սան Ֆրանցիսկոյում այցելեցի «Արարատ» անունը կրող հայկական ահռելի գերեզմանոցը, որտեղ ծաղիկներ դրեցի Սողոմոն Թեհլերյանի հիրավի վեհափառ շիրմաքարի տակ: Այնտեղ էլ, հուշասրահում խոնարհվեցի Վիլյամ Սարոյանի աճյունն ամփոփող մահասափորին... Տեխասի Հյուսթոն քաղաքում այսօր քիչ հայեր են մնացել, բայց այնտեղ մի անծայր գերեզմանոց կա հայկական շիրմաքարերով, որոնց գրություններից շատ բան կարելի է իմանալ: Նույնը կարելի է ասել Բեյրութի, Հալեպի, Կահիրեի, Բաղդադի, Թեհրանի, Սպահանի, Մարսելի և առանց բացառության` բոլոր հինգ մայրցամաքների բազմաթիվ բնակավայրերի մասին: Վերջին հաշվով, խոսքը միլիոնավոր ու միլիոնավոր գերեզմանների ու շիրմաքարերի մասին է: Եվ ամենից շատ դրանք Թուրքիայում են (մանավանդ` Արևմտյան Հայաստանում) և ցարական Ռուսաստանի տարածքում (ԽՍՀՄ): Համարյա ամենուր տեղական իշխանությունների կողմից պահպանվել ու պահպանվում է այն, ինչ քաղաքակիրթ աշխարհում կոչվում է սրբություն: Միայն Թուրքիայում ու նրա ճնշմամբ և հովանավորությամբ ստեղծված Ադրբեջանում ամեն ինչ լիովին ջնջված է երկրի երեսից: 1978 թվականին, աշխատելով «Օջախ» գրքի վրա, ես ճամփորդեցի ողջ Հայաստանում: Մեկնարկեցի Մեղրիից, ուր գնացել էի Նախիջևանով, որը Ստալինը վերածել էր համատարած սահմանապահ գոտու: Իսկ դա նշանակում է, որ նույնիսկ այնտեղ ծնված հայերն իրավունք չունեին առանց անցագրի մեկնելու այնտեղ և գոնե այցելելու իրենց նախնիների շիրիմներին: Այդ ամենը տեղի էր ունենում ԽՍՀՄ-ի տարածքում: Եվ մենք լռում էինք: Այցելեցի ոչ միայն Ջուղա` իր հազարավոր ու հազարավոր խաչքարերով, այլև Զնաբերդի, բուն Նախիջևանի, Օրդուբադի և իհարկե Ագուլիսի գերեզմանոցներ: Կոմունիստական տոտալիտարիզմի օրոք դեռևս ինչ-որ բան հաջողվել էր պահպանել: Բայց կապիտալիստական «դեմոկրատիայի» ժամանակ վանդալիզմը բարձրացվեց պետական քաղաքականության աստիճանի: Ավելին, իրենց գազանությունն արդարացնելու համար ազերիները աշխարհով մեկ հայտարարեցին, թե խաչքարը թուրքական երևույթ է` փոքր ճարտարապետության հայկական այդ գլուխգործոցը անվանելով խաչդաշ: Եվ մենք լռեցինք: Լռեցինք, երբ ոչ թե խորհրդային ժամանակներն էին, այլ անկախության շրջանը: Լռեցինք, երբ խորհրդային տարիներին պահպանված հազարավոր խաչքարեր բուլդոզերներով տապալվեցին ու վագոններով հեռացվեցին: Լռեցինք` երբ անկախ Հայաստանը ՄԱԿ-ի և շատ այլ միջազգային կազմակերպությունների լիիրավ անդամ է: Փառք Աստծո, բացարձակ մեծամասնությամբ աշխարհի երկրներում գերեզմանոցների հարցի դրվածքն ուրիշ է: Ասենք, Սինգապուրում հինավուրց գերեզմանոցներն ու եկեղեցիները համարվում են պետության ազգային սեփականություն: «Արմենիա»-ն դեռ չէր կառանվել Սինգապուրի նավահանգստում, բայց իմանալով, որ հենց այդ քաղաք-պետությունում են մարդկայնորեն մոտենում անցյալին, հնությանը, պատմական հիշողությանը, ես որոշեցի վերադառնալ այս դժվարին խոսակցությանը, որին վաղուց և երկար էի պատրաստվել: Ժամանակին, երբ կենսագործում էին քաղաքի գլխավոր նախագիծը, սինգապուրցիներն ստիպված էին քանդել որոշ հին շինություններ, այդ թվում` գերեզմանոցներ: Սակայն քաղաքի այրերը քանդված գերեզմանոցների շիրմաքարերն, իրենց գրություններով, տեղադրեցին հատուկ կառուցված պատերի մեջ` պահպանելու համար: Թվում է, ինչո՞ւ: Ո՞ւմ համար: Այդ մեռյալների ոչ հարազատները, ոչ մերձավորները, ոչ էլ տերերը վաղուց արդեն չկան: Բայց չէ՞ որ հենց սրա մեջ է մարդասիրությունը, սրանով է դրսևորվում գործուն քաղաքակրթվածությունը, բարոյականությունը` սեփական և օտարի դավանանքի հանդեպ: ...Մելբուռն: Եկեղեցում հոգեհանգստի արարողություն է: Առաջին չորս շարքում ազգականներն են` սգազգեստներով: Խորանի առջև դագաղն է` կափարիչի վրա ծաղիկներ: Հոգեհանգիստն անցկացնում են տեր հայր Կիրակոսը և Սիդնեյից ժամանած հոգևորական Պարթևը: Իմացա հանգուցյալի անունը: Վիկտոր Տեր-Պողոսյան: Ինֆարկտ: Համազգեստավոր ութ տղամարդիկ դուրս բերեցին դագաղը… Մի քանի տասնյակ հեկտարանոց գերեզմանոցը պարզապես հող, խոտ ու ծառ չէ. ֆանտաստիկ չափերի հասնող այգի է գցված` հավասարաչափ ներքին ճանապարհ ներով, համապատասխան ճանապարհային նշաններով: Կան հույների, իտալացիների, արաբների, հայերի, հրեաների, ռուսների և շատ այլ ազգությունների գերեզմանո ցային տեղամասեր: Ուշադրություն դարձրի, որ բոլոր շիրմաքարերը, հուշարձանները, քանդակները գրեթե նույն չափերի են: Պատվերները մեծ մասամբ կատարում են քաղաքապետարանի հովանու տակ գործող հատուկ արհեստանոցները: Հենց նրանք էլ պատասխանատու են չափսերի համար: Տարեցտարի հարցն ավելի է խստանում: Մի ամբողջ մայրցամաքում, որտեղ ընդամենը մեկ պետություն կա և ընդամենը քսան միլիոն մարդ, ոչ թե պարզապես տնտեսում են հողը, այլ մտածում հեռավոր ապագայի մասին: ...Ես չեմ պատրաստվում բանավեճ սկսել, բայց իրավունք ունեմ մտորել, այսպես ասած, հրապարակավ: Այդ հարցով ժամանակին շատերն են զբաղվել: Անմոռանալի Սերո Խանզադյանն իր բազմահատոր «Հայրենապատում» գործում պատմում է նաև Հայաստանի, Արցախի, Գարդմանքի, Նախիջևանի բազմաթիվ գերեզմանոցների մասին: Եվ հիշում եմ, որ երբ մի անգամ Գրողների միությունում Սիլվա Կապուտիկյանը փորձեց արծարծել գերեզմանոցների թեման, Սերոն աջակցեց, ասելով. «Շուտով փոքրիկ Հայաստանը վերածվելու է մեծ գերեզմանոցի»: Ի դեպ, թեման գրողների ժողովի օրակարգում էր հայտնվել այն պատճառով, որ Սիլվայի հեռուստատե սային ելույթից հետո շատերը նրան, մեղմ ասած, պարզապես չէին հասկացել: Իսկ նա խոսել էր ոչ միայն շատ շիրմաքարերի անճաշակության ու գռեհկության, այլև «պաշտոնյաների կողմից տարածքների զավթման» մասին: Այո, խնդիրը կա, և ինչ-որ ժամանակ կանգնելու ենք խնդրի լուծման անհրաժեշտության առջև: Ահա ինչու մենք պետք է անընդհատ պնդենք, որ ոչ թե պարզապես հող ենք պահանջում թուրքերից, այլ հայրենիք: Վանդալները ոչ թե պարզապես կործանել են խաչքարերը, այլ անարգել են մեր նախնիների փոշին, որոնք հանգչում էին այդ խաչքարերի տակ` հայրենիք-հողում: Միաժամանակ` չի կարելի ապագա սերունդների ուսերին բեռնել հողի և գերեզմանոցների խնդիրը, քանզի նրանց համար, իրենց ժամանակներում շատ ավելի բարդ ու դժվար կլինի այն լուծել...