Սովորեք ժպտալ


Նկատե՞լ եք` ոմանք ժպտալ չգիտեն: Դե, ժպիտ հիշեցնող բերանի ինչ¬որ ծամածռումն էլ նրանք ժպիտ են համարում: Բայց իրական, ինքնաբուխ անձայն ծիծաղը բազմաթիվ հաճելի բառերից ավելի խոսուն է: Անբռնազբոս այդ դիմախաղով մենք ուրախություն և գոհունակություն ենք արտահայտում, դիմացինին ակնարկում, որ նրա ներկայությունը կամ նրա վարմունքը հաճելի է… Քաջալերանքի, մաղթանքների, ողջույնի, ներողամտության, սիրալիության բոլոր խոսքերի փոխարեն պարզապես ժպտացեք: Ու որքան հաճախ` այնքան ավելի շատ կլինեն հաճելի պահերը ձեր կյանքում: Հիշեք, թե ձեզ համար որքան ավելի հաճելի ու դյուրին է հարաբերվել ժպտահայաց ծանոթ¬անծանոթի հետ: Հիշեք նաև, որ ժպիտը` Վստահության մթնոլորտ է ստեղծում Վստահությունը որքան կարևոր, նույնքան դժվարությամբ ձեռք բերվող անհրաժեշտություն է. երկար ժամանակ է հարկավոր` ինչ¬որ մեկին վստահելու համար: Իսկ մոգական այդ «զենքը» հոգեբանական հզոր խթան է` դիմացինին, շրջապատին ներշնչելու, որ «Ես հուսալի մարդ եմ»: Ընդգծենք` խոսքը ոչ թե շինծու, այլ էությունից բխող ժպիտի մասին է, որը նպաստում է վստահելի հարաբերություններ ստեղծել: Ու ոչ միայն անձնական, նաև` գործնական: Վերջին հաշվով` անկեղծ ու խաղաղ հայացքը «մատնում» է ձեր ներքին անչարությունը և հուսալիություն ներշնչում ձեր հանդեպ: Հանդուրժողականության, համբերատարության ձգտում Դեռ մանուկ հասակից` առողջ բնազդներով մենք ամոթխածորեն կամ շփոթահար ժպտում էինք` հերթական չարաճճիությունից, մեծերին զայրացնող արարքներից հետո: Հասուն տարիքում առավել ևս` գիտակցորեն, սեփական փորձից ելնելով պետք է իմանալ, թե որքան կարևոր է հանդուրժող լինելը: Չէ՞ որ ինքներդ էլ ուրիշներից եք հանդուրժողականություն ակնկալում: Դիցուք, մեղանչել եք ինչ¬որ մեկի դեմ. ասենք` չարախոսել եք, պատահմամբ հրել եք նրան կամ վիրավորել ուրիշի ինքնասիրութ յունը, և նա զայրացած բացատրություն է պահանջում: Փորձեք նույն` մանուկ օրերի ներողամտություն հայցող ժպիտո´վ ընդունել սեփական սխալը կամ բացատրելի դարձնել ձեր իսկ արարքի պատճառը: Դուրս գալ անհարմար վիճակից Պատահում է` մոռանում եք կամ չեք հասցնում շնորհավորել ձեր մտերիմին, երբեք չեք մտաբերում գործնական ծանոթի անունը կամ նախապես ձեռք բերված պայմանավորվածությունը, անզգուշորեն դիպչում եք որևէ մեկին… Մի խոսքով` հայտնվում եք անհարմար իրավիճակում, որն անելանելի չի դառնա, եթե գոռոզամտորեն դիմացինից հանդուրժողականություն պահանջելու փոխարեն` սիրալիր ժպտաք: Բարեհամբույր ձեր շփոթմունքը «զինաթափ» կանի նրանց, ում անզգուշաբար նեղացրել եք: Կարեկցանք և քաջալերանք Խորքում դրանք գրեթե նույն են: Վշտակիրներին` ցավակցելով, նեղության մեջ հայտնվածներին կարեկցելով` դուք նաև քաջալերում եք նրանց` ասելով կամ հասկացնել տալով, որ նրանք միայնակ չեն դժվարին պահերին: Հավատացեք` քաջալերանքի կարիք ունեն նաև երջանկության պահեր ապրող ձեր մտերիմներն ու ծանոթները: Իսկ ինչո՞ւ նրանք չիմանան, որ իրենց հաջողության համար դուք ևս ուրախ եք. ինչո՞ւ չոգևորել մարդուն` գեթ քաջալերող մի ժպիտով: Եթե դուք պատմեք ձեր երջանկության կամ հաջողության մասին, ի՞նչ կզգաք` անտարբեր (էլ չասենք` դժգոհ) հայացք տեսնելով… Ճիշտ նույն կերպ այլոց հոգում տհաճ «նստվածք» կմնա: Թոթափել նյարդային լարվածությունը Նման պահերին հանդարտ ծիծաղն ու ժպիտն անվանում են «ծիծաղ արցունքի միջից»: Գիտականորեն ապացուցված է, որ ծանր ցնցումներից հետո, եթե նույնիսկ ինքնաստիպմամբ «դուրս ենք քաշում» մեր շուրթերից (դիցուք` հաճելի մի պահ հիշելով), միևնույն է, դա ևս բարձրացնում է տրամադրությունը կամ` մեղմում լարումը: Դեմքի մկաններից ստացված ազդանշանը դրականորեն է ներգործում ենթագիտակցության վրա և բարելավում է ինքնազգացողությունը: Սակայն այս մեթոդից շա˜տ զգուշորեն պետք է օգտվել: Ձեր ինքնազգացողությունն, իսկապես, կլավանա, սակայն շրջապատողները կարող են ճիշտ չհասկանալ: Ուշադրությունն ու մտազգաստությունը բարձրացնելու համար Նյարդայնանալու կամ խորը ապրումների ժամանակ մեր ուշադրությունը նվազագույնի է հասնում: Նման պահերին մենք դադարում ենք նկատել, թե ինչ է կատարվում շրջապատում. ի վիճակի չենք լինում հսկել մեր մտքերն ու որոշումները: Մինչդեռ հենց դա´ է անհրաժեշտ, որպեսզի մեր գիտակցությունը սթափ մնա հոգեկան լարումների ժամանակ: Պատահական չէ, որ հոգեբանները խորհուրդ են տալիս հուզմունք առաջացնող ելույթներից, քննություններից, մրցույթներից առաջ հանձնաժողովների անդամներին պատկերացնել ներքնազգեստով. դա բարձրացնում է տրամադրությունը և ժպիտ առաջացնում ձեր դեմքին: Չե՞ք ուզում հրապուրել Տղամարդկանց աչքերում` կանանց, կանանց աչքերում` տղամարդկանց հրապույրը մի քանի անգամ մեծանում է, երբ նրա հայացքում գայթակղիչ (առեղծվածային) ժպիտ է որսում: Հոգեբաններն ուսումնասիրել են, թե հասարակական վայրերում առանց միջնորդի տղամարդիկ և կանայք ե՞րբ են ծանոթանում` ինքնամղումով: Հետազոտվածների միայն 20 %¬ն է այս կերպ ծանոթացել` միայն միմյանց արտաքինը հավանելով: Իսկ երբ հաճելի արտաքինին գումարվել է ժպիտը, ապա ծանոթանալու պահանջ զգացել է 60 %¬ը: Թաքցնել վատ տրամադրությունը Ինչ խոսք, մեծ փորձ ու տաղանդ պետք է ունենալ` ճշմարտանման ժպտալու համար, երբ «կատուներն են ճանկռում» հոգիդ: Իսկական ժպիտը ստեղծում են ոչ միայն այտերի ու շուրթերի մկանները, այլև` աչքերը: Ավելի տրամադրող, համակրելի է ընկալվում հանդարտ, ոչ կտրուկ ժպիտը, որն աստիճանաբար ջերմությամբ է ողողում ձեր դեմքը, տարածվում բոլոր մկանների վրա: Տիրապետելով «անկեղծ ժպտալ` երբ անհրաժեշտ է» արվեստին, դուք շատ հարցերում հաջողության կհասնեք: Ասողներ կլինեն, որ տրամադրությունը կեղծելն անկեղծություն չէ: Բայց արդյո՞ք վատ տրամադրությամբ ճնշվելն ու շրջապատողներին ևս ճնշելն օգտակար է որևէ մեկին: Գործնական հաջողության խթան Այո, այո. ժպիտը նաև գործնական պայմանավորվածությունների, կարևոր բանակցությունների ընթացքը հարթող գործոն է: Ամենատարրական օրինակը. սպասարկման ոլորտում ժպտուն մատուցողներին ու բարմեններին լրացուցիչ վարձատրելու ակամա ցանկություն է ծագում: Բարեհամբույր հայացքի համար որևէ ներդրում չի պահանջվում. ընդամենը բարի տրամադրվածություն և սիրալիր հայացք: Ժպտացեք աշխարհին, և աշխարհը կժպտա ձեզ Իսկ ինչու չժպտալ` ուրիշներից էլ ժպիտ ստանալու համար: Ինչու «չզինվել» լավ տրամադրությամբ` շրջապատին էլ համակելով դրական հույզերով: Վերջին հաշվով, ու թերևս ամենակարևորը` լավ տրամադրության, հոգու խաղաղության արտահայտիչ ժպիտը երկարացնում է կյանքը. սա գիտականորեն ապացուցված ճշմարտություն է: Ուրեմն` ժպտացեք: Ոչ թե ջղաձգորեն ու չարախնդորեն ծռմռեք բերանի շուրջ եղած մկանները, այլ թեթև պահեք ձեր հոգին, արագ ձերբազատվեք մտատանջություն ներից և ծանր ապրումներից: Հոգու ցավն ու տառապանքը երբեք հրաժեշտ չեն տա իրենցով ապրողներին` եթե ինքներս չհրաժարվենք դրանցից: Ինչու անվերջ տրվենք տհաճ զգացողություններին ու բացասական հույզերին, երբ առանց դրանց ավելի հեշտ է հաղթահարել ամենայն դժվարություն: