Գազային գործարքը ձեռնունայն թողեց Արևմուտքին
Անցած շաբաթվա ընթացքում աշխարհաքաղաքական ամենանշանակալի իրադարձությունը, թերևս, Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցն էր Բաքու և այնտեղ ռուս-ադրբեջանական գազային գործարքի ստորագրումը: Ըստ էության, այդ գործարքից Ռուսաստանը տնտեսական առումով ոչ մի շահ չունի, ընդհակառակը, կարելի է ասել, որ նույնիսկ ինչ-որ տեղ կորցնում է: Խնդիրն այն է, որ համաձայն այդ գործարքի, 2010 թ. հունվարից Ռուսաստանը կգնի ադրբեջանական գազը` 1000 խմ-ի դիմաց վճարելով 350 ԱՄՆ դոլար: Նշենք` նույն ծավալի գազի գինը միջազգային շուկայում 220-230 ԱՄՆ դոլարից ավել չէ: Ակնհայտ է, որ այն գործարքներում, որոնք կաղում են տնտեսական տեսանկյունից, թաքնված են ճշգրտորեն հաշվարկված քաղաքական նպատակներ: Հուլիս ամսվա ընթացքում Անկարայում պետք է ստորագրվեր Նաբուկո գազային ծրագրի պարտավորեցնող միջպետական փաստաթուղթը: Սակայն, Բաքվում ռուս-ադրբեջանական հիշյալ գործարքի կայացումը անորոշ ժամանակով հետաձգեց Անկարայում Նաբուկոյի ստորագրումը: Իսկ այդ ծրագրով նախատեսված էր, որ Եվրամիությանը մատակարարող գազատարը պետք է անցներ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին զուգահեռ` ըստ էության, շրջանցելով Ռուսաստանն ու Հայաստանը և այդպիսով Հարավային Կովկասում նոր բաժանարար գիծ դառնալով: Նաբուկոյի շնորհիվ Եվրամիությունը կվերացներ էներգակիրների, մասնավորապես գազի հարցում Ռուսաստանից իր կախվածությունը: Մոսկվան այս տարածաշրջանում ազդեցության զգալի կորուստ կունենար` այդ հարցում զիջելով իր մրցակից Թուրքիային: Փաստորեն սա այն դեպքն է, երբ տարածաշրջանում Հայաստանի և նրա ռազմավարական գործընկեր Ռուսաստանի քաղաքական շահերը համընկնում են: Սակայն, կա մի պահ, երբ թվում է, թե ռուս-ադրբեջանական քննարկման առարկա գազային գործարքն, ինչ-որ առումով հարվածում է հայկական շահերին: Ակնհայտ է, որ Ադրբեջանը համաձայնել է Ռուսաստանի հետ հիշյալ գործարքը կնքել` առաջադրելով «Գազ` Ղարաբաղի դիմաց» բանաձևը: Դ. Մեդվեդևը Իլհամ Ալիևին խոստացել է մոտ ապագայում կարգավորել Ղարաբաղի հարցը: Ստացվում է` էներգակիրները որպես Եվրամիության զսպօղակ իր ձեռքում պահելու համար Ռուսաստանը զոհում է հայկական շա՞հը: Իսկ Ադրբեջանը ստանալով «Գազ` Ղարաբաղի դիմաց» բանաձևին Ռուսաստանի համաձայնությունը, հասկացնում է Արևմուտքին, թե մերժո՞ւմ է նրա առաջարկը, այն է` «Ղարաբաղը` Հայաստանին, գրավյալ տարածքները` Ադրբեջանին, իսկ գազը` Արևմուտքին»: Թերևս, այս պատկերն է ուրվագծվում առաջին հայացքից: Սակայն, որքանո՞վ է հավանական, որ Ռուսաստանը կարող է հանդուրժել Հարավային Կովկասում իրենից բացի, նաև մեկ այլ երկրի, տվյալ պարագայում Ադրբեջանի ազդեցության աճը: «Կարգավորելով» Ղարաբաղի հարցը Ադրբեջանի օգտին, Ռուսաստանը որպես ռազմավարական գործընկեր կկորցնի Հայաստանին, որը կարևոր դիրք է զբաղեցնում կովկասյան տարածաշրջանում` նրա շահերի սպասարկման առումով: Բացի այդ, նաև զգալիորեն կթուլանա Հայաստանով անցնող Ռուսաստան-Իրան ռազմաքաղաքական վեկտորը: Ղարաբաղյան հակամարտության հարցում Ռուսաստանի գրաված դիրքորոշման վերաբերյալ ճշմարտությանը մոտ է թերևս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովի բնորոշումը. «Կրեմլը չի հրաժարվելու Բաքվի հետ համագործակցությունից և վերջնականապես չի կողմնորոշվելու Հայաստանի կամ Ադրբեջանի կողմը»: Այս ձևակերպումը համապատասխանում է իրականությանն այնքանով, որ Ղարաբաղի ներկայիս ստատուսքվոյի պահպանումն, իրոք, բխում է Մոսկվայի շահերից: Այս կամ այն կերպ` ադրբեջանանպաստ կամ հայանպաստ լուծում տալով ղարաբաղյան հակամարտությանը, Ռուսաստանը կկորցնի և° Ադբրեջանի, և° Հայաստանի վրա հարկ եղած դեպքում ճնշում գործադրելու ազդեցիկ լծակը: Ղարաբաղի խնդրի ներկա վիճակը ձեռնտու է Մոսկվային` հիշյալ լծակի պահպանման առումով: Իսկ Բաքվում Ալիևին Մեդվեդևի տված խոստումը մոտ ապագայում Ղարաբաղի հարցը կարգավորելու մասին, թերևս, կարելի է դասել Մինսկի խմբի համանախագահների` տարիներ շարունակ տրվող այն հավաստիացումների շարքում, թե հակամարտող կողմերի դիրքորոշումները շատ հարցերում համընկնում են, և հակամարտությունը ուր որ է` կլուծվի: Իրականում հակամարտությունը կարող է լուծվել, եթե կողմերը գործնականում փորձեն փոխզիջումներ գտնել: Իսկ այդ դեպքում կարգավորման գործընթացին Ղարաբաղի մասնակցությունը պարտադիր կլինի: Սակայն այսօր Ղարաբաղի մասնակցությունը բանակցային գործընթացին խոսակցություններից այն կողմ չի անցնում: Այսպիսով, Բաքվում Ադրբեջանի հետ կնքած գազային գործարքի շնորհիվ Ռուսաստանը կանխում է էներգակիրների հարցում իրենից Եվրոպայի անկախացումը, արգելակում է Հարավային Կովկասում և ընդհանրապես Մերձավոր Արևելքում իր մրցակից Թուրքիայի ազդեցության ու դերակատարության մեծացումը` թույլ չտալով Ադրբեջանին էլ չափից ավելի ակտիվանալ կովկասյան թատերաբեմում: Թվարկված բոլոր կետերով, Ռուսաստանի և Հայաստանի շահերը համընկնում են: Իսկ Ադրբեջանին (Նաբուկոյի շուրջ Արևմուտքի և Ռուսաստանի հետ տարուց ավելի ձգված բանակցությունների արդյունքում) հաջողվեց առավել բարձր գնով վաճառել իր գազը: