Հա՞ որ...


ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» հետզհետե ավելի ու ավելի են նմանվում կռիլովյան կարապին, խեցգետնին և գայլաձկանը: Թե նշված քաղաքական ուժերից որն է կարապը, որը` խեցգետինը, և որը` գայլաձուկը, բոլորովին էլ կարևոր չէ: Նշանակալին այստեղ այն է, որ յուրաքանչյուրն իր պլատֆորմով առայժմ ոչ միայն ընդդիմադիր դաշտի պառակտվածությունն է փաստում, այլև զրոյացնում է ինչ-որ ժամանակ միավորվելու կամ գոնե համագործակցելու հեռանկարները: Կոնգրեսն ու «Ժառանգությունը» վաղուց էին իրենց պլատֆորմները հրապարակել, հասցեագրել միմյանց` ՀՅԴ-ին առաջարկելով միանալ և իրագործել իրենց առաջադրած դրույթները: Մնացել էր, որ նույնը նաև Դաշնակցությունն անի… Եվ ահա օրերս հայտնի դարձավ, որ այստեղ նույնպես ինչ-որ նման բան են արդեն մտմտում, և առաջիկայում հրապարակվելու է նաև այս քաղաքական ուժի ծրագիրը. բնականաբար` նախորդ երկու պլատֆորմների հետ անհամատեղելի: Թե ինչ է ստացվելու այս ամենի արդյունքում, կանխատեսելը դժվար չէ. կարապը, խեցգետինը և գայլաձուկը իրարից դժգոհ և առանձին-առանձին հայտարարելու են, թե հակառակ իրենց մեծագույն ցանկությանը` համագործակցության ծրագրերն այդպես էլ չհաջողեցին: Այսքանով հանդերձ` չափազանց հետաքրքիր է, թե նրանցից ո՞րն առաջինը մտածեց պլատֆորմային համագործակցության` ի սկզբանե ձախողման դատապարտված ծրագրի մասին: Չէ՞ որ մեզանում քաղաքական ուժերը համագործակցում կամ գոնե նման փորձեր նախաձեռնում են ոչ թե ընտրություններից հետո, այլ լավագույն դեպքում համապետական քվեարկություններից առաջ: Ասել է թե` չի բացառվում, որ կարապի, խեցգետնի և գայլաձկան գործառույթների թեկուզև ժամանակավոր համադրումը վերոնշյալ ընդդիմադիրների շրջանում անհամատեղելիության անդունդը խորացնի: Եվ այնպես ու այնչափ` որ մի քանի տարի հետո կայանալիք ընտրություններում նույնպես նրանց լրջորեն խանգարի համագործակցելու փորձեր ձեռնարկել: ՀԵՏԱՔՐՔԻՐ իրողություններ են բացահայտվում նաև համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի «շրջանակներում»: Տեղական ընկերություններից մեկի սոցհարցումների արդյունքում պարզվեց, որ մեր հայրենակիցների միայն ութ տոկոսը չի տուժել ընթացիկ տարին դժվարին դարձրած այդ պատուհասից: Համենայն դեպս այսքան քիչ մարդ է նման խոստովանություն արել, ինչը, թերևս, անկախ ամեն ինչից, լավատեսության ցուցանիշ նաև կարելի է համարել: Դե ինչ, գնահատականները միշտ էլ տարբեր և նույնիսկ հակասական կարող են լինել: Այս շրջանում աշխարհի տարբեր երկրներից հետաքրքիր կարծիքներ են հնչում այն մասին, թե ինչպես նախորդ ճգնաժամերի շրջանում որքան նոր ու հնարամիտ գաղափարներ առաջ քաշվեցին` տնտեսական պատուհասը մեղմելու և դրանով իսկ իրենց կյանքը մի փոքր ավելի բարեկեցիկ դարձնելու ուղղությամբ: Չնայած Նուբարաշենի աղբավայրը ոչ թե հենց այնպես այրելու, այլ դրանից գազ կամ էլեկտրաէներգիա ստանալու հայ-ճապոնական ծրագիրը բավական հին է ու հազիվ թե ճգնաժամի արդյունքում ի հայտ եկած նորարարություն համարվի, այդուհանդերձ սա այն դեպքն է, երբ նախաձեռնությունը միայն ու միայն ողջունել է պետք: Թե ինչքան գազ կամ էլեկտրաէներգիա կստացվի աղբանոցից, և այն կբավարարի՞ գոնե հարևան Նուբարաշենի կարիքները` առայժմ դժվար է ասել: Բայց միայն այն փաստը, որ մայրաքաղաքի օդը համեմատաբար քիչ է աղտոտվելու, արդեն իսկ ուրախացնող փաստ է: ԳՏՆՎՈՒՄ են նաև քիչ թվով մարդիկ, որոնց գործերն, անկախ իրողություններից, միշտ էլ առաջ են գնում: Ահա օրինակ հանրահայտ Ջորջ Սորոսը ճգնաժամի ընթացքում նույնպես հերթական մեկ միլիարդ դոլարն է հասցրել վաստակել: Ամերիկացի մեծահարուստը, ինքն էլ իր հաջողությունից զարմացած, ավելի ինքնավստահ է դարձել` հայտարարելով, թե ֆինանսատնտեսական ճգնաժամից մարդիկ անհրաժեշտ դասեր չեն քաղում, և չնայած դրա հիմնական ու ամենաբարդ փուլն արդեն անցել է, այնուամենայնիվ, նրանք շարունակում են նորանոր կորուստներ արձանագրել…