«Դա իմ և Աստծո գործն է»


Մեզ համար հաճելի էր իմանալ, որ Ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Վլադիմիր Գա սպարյանը նաև ճշմարիտ հավատացյալ է: Ոգևորվում էինք` իմանալով, որ նա եկեղեցիներ է վերանորոգում և վերականգնել է Կոտայքի մարզի Սուրբ Կարապետ եկեղեցին: Իսկ վերջերս անչափ մեծ եղավ բոլորիս ուրախությունը, երբ նա չմերժեց մեր առաջարկը և համաձայնեց դառնալ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Կոտայքի թեմի ատենապետ: Թեմի հավատացյալները միաձայն ընտրեցին նրան` համոզված, որ Վլ. Գասպարյանի աջակցությամբ այսուհետ ավելի է սերտանալու եկեղեցի-ժողովուրդ կապը: Շնորհավորելով կոտայքցի հավատացյալներին և Վլ. Գասպարյանին, մաղթում ենք, որ ամենքի հոգում նույնքան խորը լինի հավատը առ ճշմարիտ Աստված: Հայ Առաքելական եկեղեցու կոտայքցի մի խումբ հավատացյալներ Կոտայքի մարզից ստացված այս նամակը զարմացնել չէր կարող նրանց, ովքեր ծանոթ են գեներել-մայոր Վլ. Գասպարյանի նվիրումին` առ Աստված, առ քրիստոնեական ճշմարիտ հավատք: Ու իսկապես ուրախալի է և նույնքան էլ օրինաչափ, որ թեմի` շուրջ 63 հազար հավատացյալները հատկապես նրան են ընտրել` Հայ Առաքելական Եկեղեցու հետ իրենց կապն ավելի ամրապնդելու: Թեմի ատենապետ` ասել է թե` ներթեմային հոգևոր խնդիրների լուծման աջակից, կազմակերպչական տարաբնույթ հարցեր կարգավորող… * * * Խաչի ու սրի խորհուրդը առաջին քրիստոնյա մեր ժողովուրդն ապրելու և մաքառելո°վ ապրելու ազնիվ բնազդով է որդեգրել: Անխառն հավատքով Բարձրյալին ապավինած` հայ այրը խաչն է համբուրել` մարտի գնալիս ու վերադառնալիս: Առավել ևս` իր սուրը փառքով պատյան դնելիս ու տաղթանակած տուն դառնալիս: Եվ հայ ոգու արթնացումի մեր դարում իր ծնունդը հաղթանակով սրբագործած Հայոց մարտունակ բանակում նաև վերածնված հավատքն է ապավեն դառնում: Իսկ երբ Հայ Առաքելական Եկեղեցու, քրիստոնեական հավատքի նվիրյալը նաև բարձրաստիճան սպա է, ուրեմն Սուրն ու Խաչը միայն բարուն են ծառայելու: ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Վլադիմիր Գասպարյանի համար, իսկապես, հոգու պահանջ է դարձել հավատարմությունը` Աստվածաշնչյան պատգամներին: Իհարկե` նաև մասնագիտական, ծառայողական պարտականություններն այդ պատգամներից բխող նվիրումով կատարելով, մարդասիրության ոսկե կանոնով առաջնորդվելով: Եթե նույնիսկ պատժել (զինվորական առօրյայում, ինչպես և մեր կյանքի բոլոր ոլորտներում կարգազանցությունը բացառել պարզապես անհնարին է), ապա այնպես, որ կարգազանցը գիտակցի իր սխալը և ձգտի դարձի գալ… Իսկ խոնարհված եկեղեցիներին նոր ու նորոգ կյանք պարգևելու խորհրդին անդրադառնալու մեր մի քանի խնդրանքներին ի պատասխան, Գեներալը ասել է միայն` - Դա իմ և Աստծո գործն է: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Կոտայքի թեմի ատենապետ ընտրվելու առիթով շնորհավորելով Գեներալին, մաղթում ենք նույնքան հաստատուն ընթացք` հայրենիքի պաշտպանության սուրբ գործում և հավատքի մեջ: Առաջիկայում մեր ընթերցողին կներկայացնենք նաև մեր զրույցը գեներալ-մայոր Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆԻ հետ, ինչի համար հուսով ենք, նա ժամանակ կգտնի:

Թ. ՂՈՒԿԱՍՅԱՆ