Էքս Նախագահը` անկախ տնօրեն


Աստված բարեհաճ գտնվեց Ռոբերտ Քոչարյանի հանդեպ. 40 հազար աշխատատեղ ստեղծելու տասնամյա վաղեմության երազանքի դիմաց անսպասելիորեն հենց ինքը` երկրորդ Նախագահն աշխատանքով ապահովվեց: Հատկապես այս շրջանում ստեղծվել էր մի իրավիճակ, երբ Քոչարյանների ընտանիքը հնարավոր է, որ մոտ էր նյութական ծանր վիճակի առջև հայտնվելուն: Մանավանդ վարդաողող հարսանիքից հետո, երբ 360 հազար դրամ նախագահության թոշակ ստացող Ռոբերտ Քոչարյանը տոննաներով ծաղիկ ներկրել տվեց ու մեր ժամանակների ամենաճոխ հարսանիքների մասին ամենաաներևակայելի պատկերացումներն ամբողջացնող հազար ու մի չնախատեսված ծախսերի առաջ հայտնվեց: Նման ծախսերն ու թոշակառուի հարկադրյալ կարգավիճակը ուժերի ծաղկման շրջանում գտնվող, բայց հանգամանքների բերումով գործազուրկ դարձած ցանկացած մարդ, առավել ևս Ռ. Քոչարյանի պես գործունյան, բնականաբար երկար չէր հանդուրժելու: Եվ իրոք, առաջիկա օգոստոսի 31-ին երկրորդ Նախագահն ընդամենը 55 տարեկան է դառնալու, և գոնե մեր օրենքներով նա, ինչպես ՀՀ ցանկացած քաղաքացի, դեռ ութ տարի ժամանակ ունի, որպեսզի ներկայիս հոգեմաշ կարգավիճակը թոթափի: Իսկ նշված ժամանակահատվածը գերազանց մարզավիճակում գտնվող և պաշտոնավարության ավարտից հետո մեկ ու կես տարի լիարժեքորեն հանգստացած, ուժերը վերականգնած քաղաքական գործչի համար լիուլի բավարար է` եռանդով ու ոգևորությամբ նոր աշխատանքի անցնելու: Իր հերթին մեծ է հավանականությունը, որ այդ աշխատանքն այնքան էլ նոր չէ… Եվ ինչպես մեկ ամիս առաջ էին «Սիստեմա» ռուսական ընկերությունում Ռ. Քոչարյանի ստանալիք նոր պաշտոնի մասին խոսում, այնպես էլ մի քանի տարի առաջ դեռևս Նախագահի բարձր կարգավիճակն ունեցող անձի «Վիվասելում» ունեցած փայաբաժնի թեման էր արծարծվում` չնայած խնամքով գաղտնի պահվելու ջանքերին: Երկրորդ Նախագահի նորապսակ որդին, թեպետ նույնպես հրապարակավ գործել չի սիրում, բայց նույնքան հաջողակ գործարար է և, ինչպես հայտնի է, հատկապես բջջային հեռախոսների ներկրման գործում է մասնագիտացած: Նա տարբեր առիթներով կարգին խոչընդոտներ է ստեղծել այդ բիզնեսում ընդգրկվել փորձողների համար: Հիմա էլ, պարզվում է, առաջիկայում գործունեություն ծավալել խոստացող երրորդ բջջային օպերատորի կենտրոնական գրասենյակը «պատահականորեն» տեղակայվել է հենց այն շենքում, ուր գտնվում է Ռոբերտ Քոչարյանի հետնախագահական «նստավայրը»: Այս կամ այն ձեռնարկության հետ ունեցած անուղղակի ու անտեսանելի կապերի մասին մինչ այս էլ խոսվել է: Իսկ Ռ. Քոչարյանի անկախ տնօրինությանը հանձնված «Մարս» գործարանն ու Մերգելյանի անվան գիտահետազոտական ինստիտուտը, արդյո՞ք ժամանակին արագությամբ ու հաջողությամբ իրագործված «Գույք պարտքի դիմաց»-ից վերադարձվող-փոխհատուցվող մասնաբաժիններ են: Գուցե պարզապես երկրորդ Նախագահի կազմակերպչական ունակություններն օգտագործած լինելու ու նրան աշխատանքով ապահովելու խնդի՞ր է լուծվում: Այս ամենը, թերևս, մոտ ապագայում կերևա: Մեծ է հավանականությունը, որ « Սիստեմա»-ում նրան տրված պաշտոնը միտված է միաժամանակ նշված երկու խնդիրների լուծմանը: Իսկ թե ռուսաստանյան չափանիշներով (ինչը տեղականից մի քանի անգամ մեծ է) որքան է կազմելու Ռ. Քոչարյանի նոր աշխատավարձը, առայժմ գաղտնի է պահվում: Մի բան պարզ է. այն 360 հազար դրամից կամ որ նույնն է` 1000 դոլարից մի քանի անգամ ավելի բարձր է լինելու… Եվ եթե հանկարծ երկրորդ Նախագահի «թոշակն» էլ բյուջեին «մնա», ուրեմն, երկու երանի նորից է մեկտեղվում: Այսինքն, և° բյուջետային միջոցներ են տնտեսվելու, և° ճգնաժամի պայմաններում էլի մեկ աշխատատեղի խնդիր է լուծվում: