Խրախուսվել են «ՀՀ վարչապետի գավաթ-2009» մրցաշարի հաղթողները
Այսօր Սեյրան Օհանյանն ընդունեց «ՀՀ վարչապետի գավաթ-2009» ֆուտբոլային միջգերատեսչական մրցաշարի եզրափակիչի հաղթող ՀՀ պաշտպանության նախարարության թիմին: Շնորհավորելով պատվավոր առաջին տեղը զբաղեցնելու առթիվ` նախարարը նշեց, որ այս հաղթանակը պատահականություն չէ, քանի որ սպորտը բանակում կարևորագույն դեր ունի: Սպաների և զինվորների ֆիզիկական բարձր պատրաստությամբ է պայմանավորված մարտական խնդիրների արդյունավետ կատարումը: ՀՀ վարչապետի սպորտային այս նախաձեռնության նպատակն էր նաև ամրապնդել գերատեսչությունների փոխգործակցությունը և համախմբել տարբեր կառույցներում աշխատող մարզասերներին: Հանդիպման ավարտին Սեյրան Օհանյանը ՊՆ ֆուտբոլային թիմի անձնակազմին հանձնեց դրամական պարգևներ, իսկ առաջին տեղը զբաղեցրած հավաքականի պատվոգիրն ու հուշամեդալը հաղթողները փոխանցեցին պաշտպանության նախարարին: