«Թող զինծառայողները խաղաղ վերադառնան հայրենի օջախները»


Զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ գնդապետ Ն. ԱՂԱԳՈՒԼՅԱՆԻ հետ զրույցը գարնանային զորակոչի, լուծում ակնկալող խնդիրների, վերադաս հրամանատարության կողմից հաստատված մարտական պատրաստության ծրագրով իրականացվող համալիր միջոցառումների մասին է: - Մարտական պատրաստության պլանի համաձայն` մեր զորամասում առաջադրված բոլոր խնդիրները կատարվել են: Հանրապետություն ժամանած տարբեր երկրների նախագահների, այլ պատվիրակությունների, ինչպես նաև հանրապետությունում իրականացվող միջոցառումների` տոներին կամ հիշատակի օրերին նվիրված, ընդունելությունն ու կազմակերպումն իրականացնում է մեր զորամասը: Ցանկացած խնդրի լուրջ ուշադրություն ենք դարձնում: Մի փոքր անուշադրությունը կխաթարի ողջ գործընթացը: Եթե չկարողանանք պատշաճ մակարդակով ներկայանալ, ապա դա կանդրադառնա ոչ միայն մեր զորամասի, այլև` հանրապետության վրա: Սկսվել է գարնանային զորակոչը: Մինչև նորակոչիկների` զորամաս ոտք դնելը, արդեն ստեղծվում է հանձնաժողով` զորամասի հրամանատարի հրամանով: Հանձնաժողովն սկսում է աշխատանքը կազմակերպել հետևյալ սկզբունքով, նախ` ստուգում է զորամասի գույքը, ապա` եթե կան ինչ-որ բացթողումներ, մինչև նորակոչիկի գալը` համաձայն նախարարի հրամանի, բոլոր ստորաբաժանումներում նախօրոք շտկվում են. հանձնաժողովը նախապես ծանոթանում է նրանց փաստաթղթերին: Նորակոչիկների հետ հանդիպում-զրույցից հետո իրականացվում է բուժզննում: Պատահում են դեպքեր, որ նորակոչիկը թաքցնում է հիվանդությունը (ասենք` փոքր հասակում առողջական ի՞նչ խնդիրներ է ունեցել, հարազատների մեջ կա՞ն հոգեկան հիվանդներ…): Այսօր մեր նորակոչիկների մեծ մասը միակողմանի ծնողազուրկ են: Նրանց հետ տարվող աշխատանքները շատ ավելի լուրջ են, յուրաքանչյուրին պետք է անհատական մոտեցում ցուցաբերել: Նորակոչիկներն ուսուցման ծրագիրն անցնելուց հետո ընդգրկվում են համապատասխան ստորաբաժանումներում: Նրանք արդեն ընդհանուր ստորաբաժանման ծրագրով են շարունակում ուսուցումը: Մեր զիննվագախմբի նպատակն է պատշաճ մակարդակով իրականացնել պետական պատվիրակությունների այցը, ինչպես նաև հանրապետութ յունում իրականացվող այլ միջոցառումների անցկացումը: Դրան զուգահեռ` նրանք պետք է տիրապետեն մարտավարամասնագիտական հմտություններին: Մեր պատվոպահա կային վաշտի անձնակազմն ընտրովի է: Այսօր մեր զորամասում պետք է ընտրվեն առողջ, բարձրահասակ զինվորներ: - Գաղտնիք չէ, որ դեռևս լուծում ակնկալող բազմաթիվ խնդիրներ կան, որո՞նք կառանձնացնեիք որպես հրատապ: - Որ զորամասում պետք է լինի սպա սոցիոլոգ-հոգեբան, անհրաժեշտություն է: Սպա հոգեբանն ավելի ճիշտ մոտեցում կարող է ցուցաբերել, քան մեկուրիշը: Կառաջարկեմ, որ զինված ուժերում լինեն ռազմական հոգեբաններ. հոգեբանության ձեռնարկներն իմ աշխատանքային գրքերն են: Անշուշտ, պետք է ուշադրություն դարձնել բոլոր գործոնների վրա միաժամանակ: Դրա համար ՀՀ զինված ուժերի կողմից ստեղծված է պլան. սպաների հետ հատուկ պարապմունքներ են անցկացվում: Բոլորը չէ, որ նույն կրթությունն են ստացել: Սպան հստակորեն պետք է իմանա` նորակոչիկի հետ ինչպես աշխատի: Մեր զորամասում հրամանատարության կողմից արվում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի զինվորն իրեն հոգեբանորեն կաշկանդված չզգա: Բանակում զինվորն ինչքանով հղկվեց, նույնն է լինելու քաղաքացիական կյանքում: Մինչ այս զորամաս գալը, ծառայել եմ սահմանամերձ զորամասում. դա երկու տարի առաջ էր: Այն ժամանակ սոցիալ-կենցաղային պայմանները ցածր մակարդակի վրա էին: Այսօր շատ խնդիրներ լուծվում են. սպաների նկատմամբ վերաբերմունքն այլ է: Զինծառայողներն ու նրանց ընտանիքի անդամներն անվճար բուժօգնություն կարող են ստանալ: Խնդիրներ, անշուշտ, կան, բայց դրանք պետք է շտկել: Այսօր պետք է նոր մեթոդներ փնտրել, զարգացնել, դաստիարակության նոր ձևեր գտնել: - Գտնում եք, որ որոշակի փոփոխությունների անհրաժեշտություն այնուամենայնիվ կա: - Փոփոխությունների անհրաժեշտություն միշտ էլ լինում է. կյանքն առաջ է ընթանում, ինչն էլ մեզ ստիպում է նոր ձևեր գտնել: Այսօր զինվորի մտավոր զարգացման առումով պետք է լուրջ աշխատանք իրականացնել: Մեր հրամանատարի աջակցությամբ, իմ նախաձեռնությամբ զինվորների համար կազմակերպում ենք այցելություններ մշակութային տարբեր օջախներ: Շնորհակալությունս եմ հայտնում կենտրոնների տնօրեններին` աջակցելու համար: Քանաքեռ-Զեյթուն համայնքը մեզ շատ է աջակցում. գործում է փոխադարձ համագործակցության պլան: Մայիսը լեցուն էր միջոցառումներով: Հաղթանակի օրվան ու Շուշիի ազատագրմանը նվիրված միջոցառում կազմակերպվեց: Ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերով փոխնախարարը, մշակույթի գործիչներ, երգիչ-երգչուհիներ, ողջ համայնքը, դպրոցի աշակերտներ: Իմ համոզմամբ, այսօր զինվորը մեր զորամասում իրեն ապահով է զգում, ստանում է բարոյահոգեբանական ճիշտ մոտեցում: Արդեն մի քանի դպրոցների հետ ենք համագործակցում, պարապմունքներ ենք անցկացնում դպրոցներում, աշակերտները լինում են մեր զորամասում: Այս հարցում մեծ դեր ունի զորամասի հրամանատար գնդապետ Կ. Մարգարյանը: Նրա հետևողական հսկողության տակ է գտնվում միջոցառումների իրականացումը: Հաճախակի կազմակերպվող միջոցառում-հանդիպումները կոգևորեն մեր երեխաներին - Իսկ զինծառայությունից խուսափողների թիվը նկատելիորեն նվազե՞լ է, թե՞ դեռևս առկա է այդ հոգեբանությունը` չնայած զորացրվելուց հետո բոլորը պնդում են, թե բանակը լավ դպրոց է: - Առաջ ավելի շատ էին զինծառայությունից խուսափելու դեպքերը, բայց այսօր առավելապես նվազել է երևույթը: Փաստեմ` բնակչությունն արդեն վստահ է, որ զորամասերում բարվոք վիճակ է: Ասեմ ավելին` տարբեր երկրների քաղաքացիություն ստացած հայ երիտասարդներ ցանկացել են ծառայել հայոց բանակում: Սա ուրախալի փաստ չէ՞ արդյոք: Իսկ ինչ վերաբերում է բուհերում սովորողներին, նրանք, ովքեր իսկապես ցանկանում են գիտական ասպարեզ ոտք դնել, պետք չէ նրանց կտրել, բայց իրենց պարտքը թող կատարեն, թե ո՞ր ժամանակահատվածում, ղեկավար մարմիններն ավելի լավ գիտեն: Կարծում եմ` ծառայության ժամանակ էլ պետք է նրանց հնարավորություն տալ, չկտրել գիտական ոլորտից: Այսօր շատ են խոսում հոգեկան հիվանդության մասին: Երևույթը, անշուշտ, պետք է կարևորել, բայց… Վերջին զորակոչերից մեկի ժամանակ ունեինք նորակոչիկ, որ ըստ զորակոչային տվյալների` ինչ-որ շեղումներ ուներ, բայց կրկնակի հետազոտման ժամանակ պարզվեց, որ սխալ հետազոտում էր կատարվել: Եթե հիվանդությունների քննարկումը դիտարկենք հանրապետության մասշտաբով, ապա խնդիրը նաև տեսողության, հարթաթաթության հետ էլ է կապված: Պատվոպահակային վաշտ նման խնդիր ունեցող զինվոր չենք կարող ընդգրկել: Արդեն հստակ է, թե այդպիսի զինծառայողից ինչ կարող ենք պահանջել: Իմ կարծիքով, հոգեկան հիվանդություն ունեցող զինծառայողների հետազոտմանն ավելի ուշադրություն պետք է դարձնել. երբեմն լինում են պարփակված նորակոչիկներ: Իզուր չէ, որ կա ՀՀ պաշտպանության նախարարության հրաման` զորամասերում սպանությունների ու ինքնախեղումների դեմ հատուկ արտահաստիքային խումբ ստեղծելու համար: Նվազագույնը ամիսը մեկ անգամ պետք է այդ խումբը բոլոր ստորաբաժանումներում համապատասխան զրույցներ անցկացնի: Մեր զորամասում արդեն իսկ գործում է խումբը: Երբեմն պետք է չանտեսել ծնողների կարծիքը: Նրանց առաջարկությամբ, խնդրանքով զորամասում տեղադրվեց կապի միջոց: Զինծառայողը կարող է նախատեսված ժամանակում զրուցել հարազատների հետ: Անհրաժեշտ է մեկ այլ հանգամանքի ուշադրություն դարձնել: Երբեմն զորամասերում սպաների անփորձություն-անուշադրությունից դեպքեր, պատահարներ են լինում: Միշտ շեշտել եմ` ռազմական ուսումնական հաստատություններ պետք է ընտրվեն որակյալ կադրեր, իսկ ավարտելուց հետո հետևողական լինեն սպաների կադրային նշանակմանը` հաշվի առնելով նրանց ունակությունների որակական մակարդակը: Այդ դեպքում արդեն կնվազեն արտակարգ պատահարները: Սա կլինի կադրային ճիշտ քաղաքականություն: - Ձեր մաղթանքը` մեր նորակոչիկներին, զինծառայողների ընտանիքներին: - Ծնողներին մաղթում եմ համբերություն, թող հպարտանան, որ իրենց զավակները ծառայում են հայոց բանակում: Բանակն ստեղծվեց տքնանքի գնով. վստահ պետք է լինեն, որ ղեկավար մարմինները ձգտում են այնպես անել, որ զինծառայողի կյանքն անցնի անվտանգ: Թող զինծառայողները խաղաղ վերադառնան հայրենի օջախները:

Նաիրա ԲԱԴՈՅԱՆ