«Բարեխիղճ մոլորությո՞ւն», արդյոք


Որ անկախ հռչակված դատարանները, իմա` դատավորները հաճախ չարաշահում են իրենց իրավունքները, դժբախտաբար նորություն չէ: Որ տարընթերցման հնարավո րություն ընձեռող օրենքի առանձին կետեր պարզապես գանձ են դատարան-դատավորի ձեռքում` նույնպես գաղտնիք չէ` նույնիսկ նրանց հետ չառնչված երջանիկների համար: Ստացվում է, սակայն, որ հստակորեն ձևակերպված օրենսդրական պահանջն իսկ նսեմ կարող է լինել` դատավորի քմահաճույքի հանդեպ: Անձնական կամ նյութական շահախնդրություն որակումն, իհարկե, պատասխանատու բեռ է, բայց որոշ դատավճիռների ու առանձին դատավարությունների ծանոթանալով, ակամա հոռետես ես դառնում արդարադատություն կոչվածի հանդեպ: Մինչդեռ, որպես 3-րդ մեծարվող իշխանություն (ավելի ստույգ` նրա որոշ վայ-ներկայացուցիչներ) շարունակում են արդար դատելու իրենց պարտականությունը շփոթել ինքնաբավ իրավունքի հետ: Ասվածի հերթական առիթը Արևհատ Օրբելյանի նամակն է խմբագրությանը և նրա ու երկու անչափահաս զավակների իրավունքները ոտնահարող վճիռը` «թխված» Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում: Եվ, իհարկե` «Հանուն Հայաստանի Հանրապետության»: Առաջին հայացքից խճողված այս պատմությանը լուծում որոնող դատավորը պարզապես անտեղյակ պետք է լիներ օրենքի տարրական պահանջներից, որպեսզի իրեն թույլ տար պարտավորեցնել քաղաքացուն` «հետ գնել» իրեն չպատկանող անշարժ գույքը և այն գրանցեր այդ գույքի հանդեպ նույնպես սեփականության որևէ իրավունք չունեցող մի ամերիկաբնակի անունով: - Լինելով արվեստի բնագավառի ներկայացուցիչ, ծանոթ չեմ եղել օրենքին և լիովին վստահել եմ իմ փաստաբանին, որին ինձ առաջարկել էին դատարանում: Եվ այսօր իմ անչափահաս երեխաների հետ հայտնվել ենք մեր սեփական բնակարանը կորցնելու վտանգի առջև,- հուզված պատմում է Ա. Օրբելյանը: 1999 թ. թիվ 5-4534 լիազորագրով, Գայանե Հովհաննիսյանը անշարժ գույքի օտարման պայմանագրով Անահիտ Մկրտչյանին է վաճառել Ելենա Շիրյաևային անձնական սեփականության իրավունքով պատկանող` Էջմիածին քաղաքի Կիրովի փող. թիվ 96 «ա» տունը: Առքուվաճառքն օրինականացվել է, և կատարվել է իրավունքների պետական գրանցում, որի հիման վրա տրվել է սեփականության իրավունքի գրանցման վկայական 2005-ին: Ա. Մկրտչյանը լիազորել է Սուրեն Բաբայանին` վաճառելու ավելի քան 5 տարի անձնական սեփականության իրավունքով իրեն պատկանող տունը: Ս. Բաբայանը իր պարտավորությունները կատարել է պատշաճ: Ի հաստատումն` Անահիտ Մկրտչյանը նոտարական կարգով վավերացված հայտարարությամբ հայտնել է, որ այդ կապակցությամբ ինքը Ս. Բաբայանից ոչ մի պարք և պահանջ չունի: Սակայն նշյալ տան նկատմամբ երբեք սեփականատեր չհանդիսացող Գայանե Հովհաննիսյանը որոշել է միջոցների մեջ խտրականություն չդնելու «ռազմավարությամբ» տիրանալ այդ անշարժ գույքին: Չհաջողվելու դեպքում` կարելի է տիրանալ նաև Սուրեն Բաբայանի և նրա մտերմուհի Արևհատ Օրբելյանի գույքին` Երևանում գտնվող բնակարանին, որտեղ մեծանում են դավին անտեղյակ երկու մանկահասակ երեխաներ: Գայանե Հովհաննիսյանն Ամերիկայում հմտորեն Սուրեն Բաբայանից կորզում է մի հայտարարության տեքստ, համաձայն որի Ս. Բաբայանը պարտավոր էր 6 ամսյա ժամկետում հետ գնել և Գ. Հովհաննիսյանին հանձներ ք. Էջմիածնի, Կիրովի փող. 96 «ա» տունը, հակառակ դեպքում վերջինիս անունով պետք է ձևակերպեր իբրև սեփականություն` ք. Երևան, Դ. Անհաղթի 2 շ., թիվ 11 բնակարանից իրեն պատկանող 1/2 մասը: Իրավաբանությունից անտեղյակ մարդն էլ կհասկանար, որ սա անիրականալի պայման է: Սուրեն Բաբայանը չէր կարող տնօրինել իրեն երբևէ չպատկանած գույքը: Սակայն դա ամենևին էլ չի խանգարել, որպեսզի Գայանե Հովհաննիսյանը հայցով դիմեր դատարան, ու դատավորն էլ բավարարեր նրա անարդար պահանջը: - Գայանե Հովհաննիսյանի փեսան` Հովհաննես Գրիգորյանը (նա ներկայումս պատիժ է կրում ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քկ հիմնարկում), գիշերով հանկարծակի եկավ մեր տուն: Ես միայնակ իմ երկու երեխաների հետ էի: Ներքևում նրան սպասում էր ինչ-որ մեկը, որի հետ նա անընդհատ հեռախոսային կապի մեջ էր: Ես հասկացա, որ նա ևս առնչություն ունի այդ այցի հետ: Դա ինձ ավելի վախեցրեց. ուշ գիշերով իմ տուն գալը, հեռախոսային զանգը, տոնը, հայացքը ամեն ինչ ասում էր, որ նա ագրեսիվ է տրամադրված: Իսկ Հովհաննեսի մասին լսել էի, որ կապեր ունի հանցավոր աշխարհի հետ: Երբ ես ուշքի եկա և վերլուծեցի նրա թելադրած պարտավորագիրը, զգացի, որ առանձնապես որևէ իրավական հետևանքներ` պարտավորեցում չի առաջացնում: Ես իմ երեխաների և իմ կյանքը փրկելու համար ստորագրեցի այդ պարտավորագիրը: Դրա բովանդակության մակերեսային ուսումնասիրությունից հետո զգացի, որ օրենքի որևէ կետին չի համընկնում` «ես ցանկանում եմ հետ գնել ինչ-որ բնակարան, հակառակ դեպքում գրավ կդնեմ իմ բնակարանը»: Եթե նույնիսկ սպառնալիք չլիներ, գիշերվա ուշ ժամին չգար ինձ սարսափ պատճառող Հովհաննես Գրիգորյանը, և ես կամավոր գրեի այդ պարտավորագիրը, այն որևէ իրավաբանական հետևանք պետք է չունենար, քանի որ գրավը պետք է օրինականացվեր նոտարական գրասենյակում և գրանցվեր կադաստրում: ,- պատմում է Արևհատ Օրբելյանը: Հետագայում հայցվոր դարձած Գայանե Հովհաննիսյանը ահաբեկմամբ ստացած պարտավորագիրը օգտագործել է դատարանում: Այն ի դեպ, նոտարական վավերացում չունի, սակայն ըստ դատավոր Ս. Հովսեփյանի, միանգամայն բավարար հիմք է հանդիսացել` 18.05.2009 թ. դատական ակտը կայացնելու համար: Մանավանդ` Երևանի բնակարանը` Հովհաննես Գրիգորյանի տնօրինմանը հանձնելու լիազորագիրը վերացված է համարվել Կենտրոն նոտարական գրասենյակին տրված հայտարարությամբ: Ավելին, Ա. Օրբելյանը Ս. Բաբայանի հետ օրինական ամուսիններ չեն, և երկու երեխաների մայրը չի կարող պատշաճ պատասխանող ճանաչվել: Գ. Հովհաննիսյանն էլ, իհարկե` պատշաճ հայցվոր: Փաստորեն (կամ` մեղմ ասած)` դատավոր-դատարանի կողմից թույլ տրված նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներով հիմնավորվել է մի վճիռ, որը հեռու է արդարադատության իրականացում կոչվելուց: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը հավանաբար զերծ կմնա դատավոր Սիմա Հովսեփյանի` այսպես կոչված «բարեխիղճ մոլորությունից» և հետամուտ կլինի արդարության վերակենդանացմանը: Հուսա°նք: Թ. ՂՈՒԿԱՍՅԱՆ