Մահապատիժ` միլիարդատիրոջը


Իհարկե` պատճառը նրա ունեցվածքը չէ: Եգիպտացի նշանավոր գործարար Հիշամ Թալաաթ Մուստաֆան անշարժ գույքի գործարքներից բացի, նաև քաղաքականությամբ է զբաղվում: Նա Եգիպտոսի խորհրդարանի բարձրագույն պալատի կոմիտեներից մեկի ղեկավարն է, Ազգային ժողովրդավարական իշխող կուսակցության ղեկավարներից: Ազդեցիկ այս գործիչը ճանաչված է և երկրի նախագահ Հոսնի Մուբարաքի որդու հետ ունեցած բարեկամությամբ: Եվ ահա Մուստաֆան նախկին մի ոստիկանի հետ մեղադրվում է լիբանանցի երգչուհի Սյուզան Թամիմի սպանության մեջ: Երգչուհու դիակը գտնվել է Դուբայի նրա բնակարանում` անցյալ տարի հուլիսին: Նրան սպանել են դանակի մի քանի հարվածներով և կտրել են կոկորդը (Բի-Բի-Սի):