Ամերիկացիները հիասթափվում են


Իր նոր Նախագահով դեռևս տարեսկզբին հիացած ամերիկյան հասարակությունը, ասում են, աստիճանաբար հիասթափվում է նրա վարած քաղաքականությունից: Այդ մասին վկայում են հասարակական կարծիքի ուսումնասիրման ամերիկյան 2 կազմակերպությունների սոցհարցումների արդյունքները: Gallup-ի տվյալներով` Օբամայի գործունեությունն այսօր արժանանում է բնակչության 57 %-ի հավանությանը (հունվարին այդ թիվը հասնում էր 70 %-ի): Բնակչության 35 %-ն ընդհանրապես հավանություն չի տալիս նրան: Հեղինակավոր մյուս կազմակերպության` Rasmussen Report-ի հավաստմամբ` Սպիտակ տան նոր տիրոջը «լիովին սատարում է ամերիկացիների 32 տոկոսը. այսինքն` ավելի քիչ, քան Gallup-ի նշած 35 %-ն է: Rasmussen-ի վերլուծաբաններն այս իրողությունը բացատրում են նախևառաջ տնտեսական քաղաքականությամբ: Օրինակ, ամերիկացիների զգալի մասը դեռ չի թոթափել ավտոհսկաների փլուզմամբ առաջացած բացասական վերաբերմունքը (այդ ընկերությունների «հսկիչ փաթեթը» կամ բաժնեմասերի մեծ տոկոսը ներկայումս պետությանն է պատկանում): Կասկածահարույց է նաև Օբամայի առաջարկած` առողջապահության համակարգի փոփոխությունը: Մասնավոր ապահովագրական ընկերություններին մրցակից դարձող պետապահովագրական կառույցի վերաբերյալ դրական ու բացասական կարծիքները հավասար են` 41 % կողմ, նույնքան էլ` դեմ: Շատ են դժգոհությունները նաև Օբամայի արտաքին քաղաքականությունից. հարցվածների 28 %-ը վստահ է, որ իսլամական աշխարհի հետ մերձեցման նրա ծրագիրը որևէ արդյունքի չի հանգեցնի: Եվս 35 %-ը դժգոհ է նրա պասիվությունից` Իրանում ստեղծված իրավիճակի հանդեպ: