Սիրիայի արվեստի դեսպանները


Միջպետական ներկայացուցչական մակարդակով մեկնարկելով Ազգային պատկերասրահում արդի գեղանկարչության, գեղագրության ու զարդանախշերի, լուսանկարչա կան, կիրառական արվեստի ցուցահանդեսներով և գեղարվեստական ֆիլմերի հարակից ցուցադրությամբ` «Սիրիայի Արաբական Հանրապետության (ՍԱՀ) մշակույթի օրերը Հայաստանում» Երևանից ձգվեցին դեպի ՀՀ հեռավոր մարզեր: Անմիջապես հետևելով ՍԱՀ նախագահ Բաշար Ալ-Ասատի պաշտոնական այցին` ամրապնդեցին ձեռք բերված նոր բանակցային փոխպայմանավորվածությունների իրագործման հիմքերը: Սիրիական պատվիրակության պարագլուխ, ՍԱՀ մշակույթի նախարար դոկտ. Ռիադ Նաասան Աղայի խոսքերով` «երկու երկրների մշակութային պաշտոնական կապերի նորոգված ուխտի» արժեք ստացան: 2008-2010 թթ. միջպետական համագործակցության շրջանակներում կայացած ՍԱՀ մշակույթի օրերի իրական բովանդակությամբ երկուստեք գոհունակությունը արտահայտվեց ՀՀ և ՍԱՀ մշակույթի փոխնախարարների կողմից Փոխըմբռնման հուշագրի ստորագրությամբ: «Իրականում կարիք չունեինք պաշտոնական թղթեր ստորագրելու,- ասաց արարողությանը ներկա լրագրողներին ՍԱՀ մշակույթի փոխնախարար Մոհամադ Թրքի ալ-Սայեդը,- քանի որ մեր ժողովուրդների միջև համագործակցությունը մշտապես է եղել` շնորհիվ Սիրիայի հայկական համայնքի գործուն ակտիվության տեղի հասարակական կյանքում»: Օգտվելով առիթից` 7-օրյա մշակութային միջոցառումների արդյունավետության շուրջ առանձնազրույց եմ վարում ՍԱՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, պատմական գիտությունների դոկտոր, երբեմնի «Ավանգարդ»-ցի Արշակ ՓՈԼԱԴՅԱՆԻ հետ: «Ինձ լիարյուն հայաստանցի եմ համարում» - Նախ, ավելի հանգամանալից ծանոթանանք: Որպես վաղեմի ու նորօրյա երկու «Ավանգարդ»-ցի: - Ծնվել եմ Սիրիայում: Մանուկ հասակում ներգաղթելով Հայաստան` ողջ գիտակցական կյանքս եմ այստեղ անցկացրել, կայացել որպես մարդ, հայ, պատմաբան ու դիվանագետ, ուստի ինձ հայաստանցի եմ համարում: Ավարտելով Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմաաշխարհագրական ֆակուլտետի պատմահասարակագիտական բաժինը` մասնագիտացել եմ արաբական աղբյուրագիտության ոլորտում Լենինգրադի արևելագիտության ինստիտուտում: Դեռևս ուսանելու տարիներից ակտիվորեն հանդես եմ եկել մամուլում` առաջին ինֆորմացիոն փոքրիկ հոդվածներս տպագրելով 70-ականների «Ավանգարդ»-ում, ապա` «Խորհրդային Հայաստան», «Գրական թերթ», «Երեկոյան երևան» և այլ պարբերականներում: Ուսանողի համար մեծ պատիվ էր ժամանակի հեղինակավոր մամուլի էջերում բարձրակարգ անվանիների շարքում հիմնավորապես հաստատվելը: Մեծ է «Ավանգարդ»-ի դերը գիր ու գրչի մարդ դառնալու առումով: Մեր հանդիպումը ինձ համար ավետիսն էր նրա տոկուն կենսունա կության: Գրչին տիրապետելով` ես սերտորեն կապվեցի գրականությանը նաև: «Հայ գրականությունը` արաբերեն» խորագրով բազում ուսումնասիրություններ եմ արել` համադրելով պատմության տարերքս գրականության հանդեպ խորացող սիրո հետ: Զուգահեռ աշխատել եմ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում` ողջ կյանքում կապված մնալով այդ գիտահետազոտական պատկառելի օջախին: Ինչի որ հասել եմ գիտության ու դիվանագիտության ասպարեզներում, խնդրում եմ` անպայմա°ն նշեք, պարտական եմ իմ մեծերին: Ուսուցչիս` Հովհաննես Ինճիկյանին, ինստիտուտի երկարամյա տնօրեն Գագիկ Սարգսյանին, ներկա գործընկերներիս` Նիկոլայ Հովհաննիսյանին ու նշանավոր մյուսներին: Հեռուստատեսությամբ կազմակերպել եմ «Արևելք» հաղորդաշարը, դասավանդել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում, ուր և շտապում եմ հիմա: Շուրջ 15 գրքի հեղինակ եմ` հայերեն, ռուսերեն ու արաբերեն հրատարակված, պատմական գիտությունների դոկտոր: - Դիվանագիտական բարձրագույն ատյաններում ներգրավվելով ` ստիպված էիք մի կո՞ղմ թողնել գիտահետազոտական գործունեությունը: - Բարեբախտաբար` ոչ: Ինձ հաջողվեց այս 17 տարիների ընթացքում համատեղել դիվանագիտությունը արևելագիտության ու մանկավարժության հետ: Նոր գրքերի համար հարուստ նյութ ունեմ ամբարած: 2 գիրք հրատարակեցի Արաբական Միացյալ Էմիրություններում: Անցյալ տարեվերջին, Դամասկոսում «Հայաստանի մշակույթի օրեր»-ի նախօրեին, ՍԱՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ 1500 օրինակով հրատարակեցի ամփոփ տեղեկատու Հայաստանի մասին ու «Հայաստանը և արաբական աշխարհը» աշխատությունս: - Հետաքրքրություն առաջացրեցի՞ն մեր մշակույթի օրերը: Ընթերցող գտա՞ն Ձեր գրքերը: - Բավականաչափ: Մանավանդ, երկրորդ անգամ էին անցկացվում 2004-ից հետո: Մեր հարաբերությունները նոր փուլ են մտել իսկապես` փոխադրվելով պետական բարձր մակարդակ: «Հայաստանի պատմամշակութային տարածքի մեջ մտնող երկիր է Սիրիան» - Երկար անջատումից հետո, պաշտոնավարման մոտ 2 տարիներին Ձեզ օտար չե՞ք զգում ծննդավայրում: Հասարակական, քաղաքական, կրոնական ինչ-ինչ սահմանափակումներով կաշկանդված: - Անբարդույթ երկիր է, ազատ: Հայերն այնտեղ հարգված ու պատվված են իրենց զգում, լիարժեք քաղաքացի: Արաբական աշխարհի, մասնավորապես Սիրիայի հետ դարավոր կապեր ունենք, որոնք խզվել էին խորհրդային 72 տարիների ընթացքում` անջրպետ առաջացնելով երկու երկրների ժողովուրդների հետագա սերունդների միջև: Ինչպես և` շատ ու շատ հինավուրց հարևանների: Հրաշալի էջեր ունենք մեր անցյալի մշակութային էջերում: Արաբական զարթոնքի մեջ խոշոր ներդում ունեն հայազգի արաբալեզու գրական տիտանները` Ռիզկալլահ Հասունը, Մկրտիչ Ալիքասիհը, Ադիբ Իսահակը… Շատերը: Հայաստանի պատմամշակութային տարածքի մեջ մտնող երկիր է Սիրիան: Ինչպես Լիբանանը, Պաղեստինը, Հորդանանը, Իրաքը, Եգիպտոսը, Իրանը… Դեռևս IV-V դարերից հաստատված հայությամբ, նրանց ակտիվ մասնակցությամբ այդ երկրների պատմական հասարակական կյանքին: Նշանակալից է Ֆաթիմյան խալիֆայության 100-ամյա ժամանակահատվածում հայերի դերակատարությունը որպես ռազմիկ տարր, հայ վեզիրներն են այնտեղ իշխել: Միջազգային դիվանագիտության պատմության մեջ այդ փուլը հայտնի է որպես «հայ վեզիրների դարաշրջան»: Խորթացած նոր սերունդները հեռավոր պատկերացում ունեին միայն հայ-արաբական փոխառնչությունների մասին: Հիմա մենք փորձում ենք վերակենդանացնել պատմական ենթագիտակցության մեջ պահպանված հոգեհարազատությունը մշակութային ներկայիս փոխշփումների խորացման միջոցով: Հաջողելու բոլոր հիմքերը կան: Սիրիայի ժողովուրդն իր խառնվածքով, հոգեկերտվածքով անչափ սրտամոտ է հայերիս: Տասնամյակների կորուստը միանգամից հնարավոր չէ վազանցել, ուստի վերջին տարիներին երկուստեք ունեցած ձեռքբերումները հարկավոր է խնամքով ամրապնդել: Հետաքրքրությունը հայկական մշակույթի, լեզվի հանդեպ այնտեղ օր-օրի է մեծանում: Թե° հայրերի, թե° արաբների կողմից: - Հայկական համայնքային առօրյայում կարողանու՞մ եք ակտիվ մասնակցություն ունենալ: - Անկեղծ ասած, չեմ հասցնում: Վարչատնտեսական կարևոր հոգսերով էի բազմազբաղ: Դեսպանատան չորսհարկանի շենքի ձեռքբերման, վերանորոգման, աշխատակազմի վերակազմավորման, ՍԱՀ նախագահի այցի կազմակերպման, հաջորդ տարում ծրագրված` մեր նախագահի փոխայցի… Սակայն լիովին իրազեկված եմ տեղի ողջ «անցուդար ձին»: «Շատերի համար նորույթ էր սիրիական պարարվեստը» - Տեղացիներս Ազգային պատկերասրահում մեծադիր լուսանկարներով ծանոթանում էինք Շամ երկրի հին ու նոր ճարտարապետական կոթողների` Օմայան մզկիթի, Սեյդնայա և Հանանիա եկեղեցիների, Ասադ Բաշա ալ-Ազըմ պալատի, Սամաան ալ-Ամուդի բերդի և մյուս սիրիական գլխավոր տեսարժան ու հնագիտական վայրերի ինքնատիպ գրավչությանը: Մտովի համադրում գրքեր «ծաղկեցնող» հայ վարպետների մեզ հայտնի գործերը Մուհամեդ Ալքադիի, Ջամալ Բուսթանի, Ահմադ Ալբարիի և երկու տասնյակից ավելի մյուս ավանդական ու մոդեռն արաբ գեղագիրների ներկայացված պատկերների հետ: Խորամուխ էինք լինում Իսամ Դարիուշի, Զուհեյր Հադրամաութի, Ալի Խալիլի, Քարիմ Ֆարաջի ու նրանց արվեստակիցների գեղանկարների ներթաքույց բովանդակության մեջ: Փորձում էինք որսալ սիրիական կիրառական արվեստի յուրահատկությունները ձեռագործ կարպետներում, սպասքեղենում, փայտե նախշազարդ առարկաներում և տեքստիլ արտադրանքի գունեղ նմուշներում: Ուսանելի էին Հասաքեի մշակույթի վարչության տնօրեն, բանաստեղծ դոկտոր Ահմադ Մուստաֆա ալ-Դրեյսի և «Ալ-Ջսր» (կամուրջ) քառալեզու հանդեսի հրատարակիչ-խմբագիր Սամիր Աբրաշի դասախոսությունները ՀԳՄ-ում հայ և արաբ գրողների մշակութային առանձնահատկությունների շուրջ: Ալ-Դրեյսի վերջին` վեցերորդ ժողովածուի «Ո°վ դու, գեղեցիկ հայ» և դեռևս 91-ին Աբրաշի հրատարակած «Հայաստան` հող և ժողովուրդ» մենագրության սոսկ խորագրերը, քանի որ շատերս անծանոթ էինք այդ գործերին, մեզ համար երաշխիքը դարձան մեր ազգի ու մշակույթի հանդեպ ունեցած նրանց համակրանքի և ճանաչողության: Սիրիական բազմամարդ պատվիրակությունը, փոխադարձաբար, անմիջական տպավորություններ էր քաղում հայ իրականության առօրյայից, մշակութային գանձերից և տեսարժան վայրերից: - Հայաստանում լինելով առաջին անգամ` արտակարգ տպավորված էին Գառնի, Գեղարդ, Զվարթնոց, Խոր Վիրապ կատարած այցելություններից: Շոյված Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Երևանում` ՀՀ վարչապետի, ԱԺ նախագահի, արտաքին գործերի ու մշակույթի նախարարների հետ ունեցած հանդիպում ների իմաստալից ջերմությունից: Մատենադարանում, Սարյանի ու Փարաջանովի տուն-թանգարաններում, Էրեբունի արգելոց-թանգարանում հայ մշակույթի իրենց համար անհայտ էջերը բացահայտելով, ազատ ժամերին զբոսնեցին Երևանում` առիթ ունենալով ՀՀ մայրաքաղաքով հրապուրվելու և առօրյա մասնակի փոխշփումների: «Մենք մեծ հաճույքով կապրեինք Հայաստանում, գեղեցիկ երկիր է` ջերմ ու հյուրընկալ բնակչությամբ», - չթաքցրեցին իրենց ընդհանուր խանդավառությունը: Դժբախտաբար, մեր երկրի շատ լավ կողմերն ինքներս չենք նկատում: Առաջին հերթին թերություններ ենք փնտրում մեր ներկա կեցության մեջ, տրտնջում-քննադատում-բողոքում: Վստահ եմ, շարունակական փոխայցելություններով կսերտանան հայ-սիրիական բարեկամական հարաբերությունները: - «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, Գորիսում ու Վանաձորում ունեցած ելույթներից հետո «Ջուլնար» պարախումբը (գեղ. ղեկավար` Ալի Համդան) և «Ջուսուր» երգ-երաժշտության համույթը (գեղ. ղեկավար` Սալահ ալ-Ամմո) երևանյան միասնական բացօթյա համերգով վերջին ակորդները հնչեցրեցին արաբական մշակույթի օրերի: - Շատերի համար նորույթ էր սիրիական պարարվեստը` դինամիկ, գեղահանդերձ: Հանդիսասրահի ուշադրությունը կլանող կատարողական ճկուն տեխնիկայով նաև, որ հավասարաչափ դրսևորվեց թե° արաբական, թե° հայկական ժողովրդական պարերը մատուցելիս: «Ջուսուր» համույթի արաբուհի մեներգչուհու կողմից Սայաթ-Նովայի անթերի կատարումը, կարծում եմ, նույնպես հայտնություն էր: - Սիրիայի արտիստներն առիթ ունեցա՞ն մեր կատարողական արվեստին Երևանում հաղորդակցվելու: - Կամերային երաժշտության տանն ունկնդրեցին «Կոմիտաս» լարային քառյակի, «Արամ Խաչատրյան» համերգասրահում` ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգները: Մեկ շաբաթվա ընթացքում, որքան հնարավոր էր, ողջ պատվիրակությունը առավելագույնս ճանաչեց Հայաստանը: Վստահ եմ, վերադառնալով Սիրիա, զգացած ջերմությամբ կվարակեն իրենց մտերիմ-ծանոթ-բարեկամներին` սրելով տեղացիների համակրական հետաքրքրությունը Հայաստան երկրի նկատմամբ: - Եվ կծնվեն հայ-սիրիական համագործակցությամբ մտահղացված համատեղ ստեղծագործություններ: Սիրիայի սիմֆոնիկ նվագախմբի (գեղ. ղեկավար` Միսակ Բաղբուդարյան) և 140 հայ արտիստների միավորմամբ Դամասկոսում բեմ կբարձրանա «Սպարտակ»-ը: Կնկարահանվի «Հայաստանը սիրիացի կինեմատոգրաֆիստների և Սիրիան` հայաստանցիների աչքերով» վավերագրական ֆիլմը: Կհրատարակվեն ժամանակակից սիրիական և հայ արձակի ժողովածուները… - Կա հսկայական ներուժ և բարի կամք երկուստեք, ուրեմն կարելի է ավելիին ձգտել:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ