ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ


Դավիթ ՄՈՒՐԱԴՅԱՆ. գրող, կինոգետ Խորագրի խոսքաշեն հյուրի հետ առնչվելիս` նորեն համոզվում ես, որ մայրենիի գեղեցկությունը սահմաններ չի ճանաչում: «Հայկական գիտակցությունը միաժամանակ նաև համամարդկային է» - Ի՞նչն է կյանքում Ձեզ համար եղել ամենադժվարը: - Ստեղծագործողի կյանքը աշխատանքային կյանքի հետ համատեղելը: - Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել: - Իմ լավ բարեկամներից մեկը` մոլդովացի ճանաչված գրող Սպիրիդոն Վանգելին, դեռ տարիներ առաջ, ասում էր, որ Սարոյան ընթերցելիս ինքն աննկատելիորեն դառնում է… հայ: Ինձ էլ է ծանոթ այդ ինքնալրացումը: Կարդում ես Լորկայի բանաստեղծությունները և մեջդ արթնանում է իսպանական հոգեզգացողություն: Իսկ ավելի վաղ` «Երեք հրացանակիրներ» ընթերցելիս, քեզ պատկերացնում ես ֆրանսիացի: Այնպես որ, մի քանի կյանքեր ապրելու և ներքուստ ընդարձակվելու բանալին գտնվում է տաղանդավոր գրքերի մեջ: Մանավանդ որ հայկական գիտակցությունը միաժամանակ նաև համամարդկային է: Չարենց, Փարաջանով, Սարոյան, Փելեշյան, Խաչատրյան դրա օրինակներն են: - Ձեր կյանքի որևէ գաղտնիք, կամ անցյալում այն չասվածը, ինչն այժմ կուզենայիք բարձրաձայնել: - Եթե ինչ-որ բան ես գրել` լինի վիպակ, թե պիես, քո չասվածների արտահայտությունն է: Գրողի «գաղտնիքները» նրա ստեղծագործությունների մեջ են, իսկ խոսքային սպառումները այլևս չեն վերաճում ստեղծագործության: Այն, ինչ դեռ կուզենայի բարձրաձայնել, իմ հաջորդ վիպակի համար է, ընդ որում` «գաղտնիքների» հիմնական մասն իր մասին հայտարարում է հենց գիր անելու ընթացքում: Այլ բան է, որ հիմա չունեմ այդ լռության և հոգեկենտրոնացումի ժամանակը, առանց որի նույնիսկ մի կարգին նամակ գրել չես կարող: Բայց Աստված մեծ է, գուցե դեռ գրվի: - Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային: - Գեղեցիկը: - Մանկության այն հուշը, որ մինչև այժմ ուղեկցում է Ձեզ: - Ամբողջ մանկությունս անընդհատ ուղեկցում է ինձ:

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ