Տարազգի կանայք XXI դարասկզբին
90-ականներին ծնունդ առած առաջին մասնավոր բուհերից է Կրթության միջազգային ակադիմայի (ռեկտոր` Անահիտ Հարությունյան) Լազարյանի անվան միջազգային հարաբերությունների ինստիտուտը: Ինքնահաստատման տարիների ընթացքում, կրթական առանցքային գործունեությունից զատ, աստիճանաբար ավելի ու ավելի ակտիվորեն ներգրավվել է հասարակական օրախնդիր գործառույթների ոլորտում: Եվ կարողացել է իր համակարգում մասնագիտական գիտելիքներ ստացող ուսանողների քաղաքացիական գիտակցությունը բարձրացնող միջոցառումների ինքնահատուկ ավանդույթներ զարգացնել: Աշխույժ հետաքրքրությունների բազմազանությամբ մշտապես հագեցած այս հարկի տակ պետք է, որ բարեկամական զրույցի հունով անցներ 3 հեղինակավոր կազմակերպությունների միասնական նախաձեռնությամբ ծրագրված «Կանայք և նրանց դերը երրորդ հազարամյակում» հայ-իրանական համաժողովը: Հասարակական-քաղաքական-մշակութային առօրյայում 2 հարևան երկրների կանանց իրական կարգավիճակի մասին արված տասնյակ զեկուցումներում, թվերի ու փաստերի պատմահայաց ամփոփ ընդգրկմամբ, կենդանանում էր ներկայիս հայուհիների ու պարսկուհիների ընտանեկան-հանրային գոյավիճակը: 3 կազմակերպիչների` ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի երևանյան գրասենյակի (տնօրինուհի` Կոնսուելա Վիդալ), Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի (նախագահ` Ջեմմա Հասրաթյան) և ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի (խորհրդական` Մոհամադ Ռեզա Շաքիբա) հիմնարար զեկուցումներում ուրվագծված ընդհանուր պատկերը պատկերավոր լրացվում էր հարակից ելույթներով: Թեհրանի Ազատ համալսարանի դասախոս Զահրա Ֆեհրեսթիի կողմից մեջբերված կենսական փաստերով ֆեմինիստական շարժման ողջ ընթացքը անկողմնակալ գնահատվեց` կնոջ անազատության դեմ պայքարում ձեռքբերումների և արատածին ծայրահեղությունների ճշգրիտ վերլուծությամբ: Հայրիշխանությամբ հազարամյակների արմատավորած հոգեկերտվածքով դժվարանում է, անշուշտ, համաչափ հաղթահարումը հինավուրց ապրելակերպի մերօրյա մնացուկների: Հասարակության ու անձնական կյանքում կնոջ դերակատարության թերագնահատության բազմաթիվ դեպքեր դեռևս արձանագրվում են հեղաբեկումնա յին իրադարձությունների ալիքով ինչ-ինչ իրավական հաղթանակների արժանացած իրանուհիների և հայուհիների կենսագործունեության ընթացքում: Էթնիկ ակնբախ տարբերակումներով հանդերձ` բազում են երկուսին մեկ դրոշի տակ միավորող արմատական խնդիրները: Ժողովրդավարության համակարգի թերզարգացմամբ մեծապես պայմանավորված, ինչն անմիջականորեն անդրադառնում է միջազգային համաձայնագրերում, պետությունների սահմանադրություններում ամրագրված մարդասիրական բովանդակության թերարժեք իրականացված նկարագրում: Այս առումով սրտամոտ էին ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայանի պրպտուն խոհերը. «Ղուրանում 4 կանայք են նշված որպես դրախտային, բայց միակը Սբ. Մարիամն է, ում անունով սուրահ կա: Կնոջը Արարչի շնորհած մայրության պարգևը ի սկզբանե ակնածանք է ներշնչում նրա հանդեպ: Ուշի-ուշով վերընթերցեք Սուրբ գիրքը: Չեք գտնի կնոջը թերագնահատող ոչ մի արտահայտություն որևէ մարգարեի խոսքում: Արարիչը աշխարհի բոլոր պարտականությունները չի դրել կանանց ուսերին: Նրանց թերագնահատումը հասարակական կյանքում, ըստ երևույթին, պատճառաբանվում է ֆիզիկական փխրունությամբ տղամարդու համեմատ: Բոլոր ազգերի ու ժողովուրդների կանանց էլ բաժին է ընկել արատավոր ապրելակերպով թելադրված խտրական վերաբերմունքը: Տարբեր ձևաչափերով, իհարկե: Ես լիովին չեմ կիսում այն միտքը, թե կինը թույլ արարած է: Բայց լուրջ մտորելու տեղիք են տալիս կենսական փաստերը դառը իրողությունների: Սուրբ պատգամներից արտառոց շեղումներով եմ բացատրում թրաֆիքինգի տոկոսային տվյալներում կանանց գերակշռությունը: Պատերազմների ժամանակ էլ կանայք ավելի շատ են տուժում` հաճախ անմեղ զոհեր լինելով: Ինչպես Կոնգոյում, Բոսնիայում և այլուր: Արդար հասարակություն ունենալու համար պետք է բացառել ամեն տեսակ խտրականությունները: Ոչ միայն սեռական: Բարոյականության նորմերը պետք է նաև պահպանել»: Ինչպե՞ս գտնել խելամիտ, մարդասիրական ճանապարհը XXI-ի շեմին: Այս փնտրտուքով էր ուշագրավ հայ-իրանական բարեկամության հերթական արտահայտություն այս համաժողովը, որը յուրովի նշանավորում էր նաև Սբ. Զահրայի ծննդյան ու իրանուհիների տոնը: