Վարդանյանների գունաշխարհը


Հիրավի ինքնօրինակ է Նկարչի տանը բացված ցուցահանդեսը: Նախ` աջակիցների առումով` ՀՀ սփյուռքի նախարարություն, Հայ կանանց միջազգային միավորում, Հայաստանի գեղարվեստի ակադեմիա, Հայաստանի նկարիչների միության «Արտկովկաս» տարածաշրջանային ասոցիացիա: Յուրատիպ է մասնակիցների առումուվ. հայր ու դուստր ԷԴԻԿ և ԱՄԱԼՅԱ ՎԱՐԴԱՆՅԱՆՆԵՐ: Եվ իհարկե` ներկայացված աշխատանքներով: Ամենակարևորը` ցուցահանդեսի «շարժառիթը» մշակույթի վաստակավոր գործիչ, Գեղարվեստի պետակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Էդիկ Վարդանյանի ծննդյան հոբելյանն էր` 70 ամյակը: Ինչպես հետո պարզվեց, առանց նախապես որոշելու, հայրը և դուստրը 70-ական կտավներ էին ներկայացրել արվեստասեր հանրությանը: Բացման արարողությանը հնչած ջերմ խոսքերի առարկայացումը դարձավ Սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» մեդալը, որը հոբելյարին հանձնելով, նախարար Հրանուշ Հակոբյանը հատուկ ընդգծեց.

- Վարդանյան ընտանիքում հայրը վերարտադրում է ավանդական հայկական, պատմական անցյալը, իսկ դուստրը մեզ է ներկայացնում եվրոպական քաղաքակրթութ յունը:

Եվ դիպուկ այս հուշումից հետո այցելուներին մնում էր միայն համոզվել, որ երկու արվեստագետների ստեղծագործությունները որևէ աղերս չունեն միմյանց հետ` թե´ գունային, թե´ թեմատիկ առումներով: Տարբեր աշխատանքներ են` յուրաքանչյուրն իր ուրույն հոգեբանությամբ ու ասելիքով: Այդուհանդերձ, ակնհայտ է ընդհանրությունը` ինքնուրույն երփնագիր և բարձր պրոֆեսիոնալիզմ:

Հրանուշ ՀԱԿՈԲՅԱՆ.

Հոգով ջահել, մանկան պես մաքուր

- Մինչ այս` նկարչի աշխատանքները տեսել էի տարբեր ցուցադրություներում, բայց այսօր հիացա, հաճելիորեն զարմացա և հպարտացա, որ մեր կողքին այսպիսի տաղանդավոր անհատ է ապրում ու ստեղծագործում: Որքան տաղանադավոր, նույնքան` համեստ, լռակյաց, իր մասին չխոսող: Մինչդեռ այստեղ ներկայացված նրա գործերն այնքան խոսուն են, այնքան տպավորիչ, որ անկասկած է դառնում` Էդիկ Վարդանյանն իր ուրույն ձեռագրով իր մնայուն տեղն ունի հայ գեղանկարչության պատմութ յան մեջ:

Շատ տպավորված եմ նրա գույներով, գունային մեղմ, բայց կտրուկ անցումներով, ինքնօրինակ ճաշակով: Օրինաչափ է, որ նման հորից պետք է ծնվեր Ամալյայի նման զավակը: Չկրկնելով հորը, բայց հորից ժառանգած տաղանդով դուստրը ևս հզոր է իր շնորհներով: Մենք վարժվել ենք գրաֆիկական աշխատանքները տեսնել գերազանցապես որպես սոսկ գծանկար, բայց գրաֆիկան նաև կոմպոզիցիա է: Ամալյայի գրաֆիկան քեզ մտովի տեղափոխում է Փարիզ, և նույնիսկ նրանք, ովքեր չեն եղել Փարիզում, այս աշխատանքներից զգում են քաղաքի շունչը…

Շատ կարևոր է նաև, որ այս տաղանդավոր և հրաշալի արվեստագետը` Էդիկ Վարդանյանը, մանկավարժ է, ուսուցիչ, ով իր գիտելիքները, գեղագիտական բարձր ճաշակը, իր պատկերացումներն ու հմտությունները երիտասարդներին է փոխանցում, նկարիչների սերունդ է կրթում: Մեծ ոգևորություն ապրեցի` նրան անձամբ ճանաչելով. հոգով երիտասարդ է, մանկան պես մաքուր: Իր ծննդավայր Թալինի պարզ ու անապական գեղջուկն է նրա մեջ նստած: Բայց և այնքան գիտակ է, այնքան բանիմաց...

«ԱՌԱՆՑ ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ԱՐԱՐԵԼ»

Չնայած երիտասարդ տարիքին` Ամալյան հասցրել է ճանաչվել Հայաստանում. բազմաթիվ գրքերի իլյուստրացիոն ձևավորումներով և հանրապետական մի քանի ցուցադրություններում ներկայացված իր աշխատանքներով ու նաև Փարիզում` երկու անհատական ցուցահանդեսներով: Առաջին և մշտամնա ուսուցիչը, բնականաբար հայրն է, սակայն աղջիկը չի մոռանում երախտագիտությամբ հիշատակել Անդրանիկ Կիլիկյանի, Արայիկ Բաղդասարյանի, Վաղարշակ Արամյանի, Վիլիկ Զաքարյանի անունները, որոնց աշակերտել է` գրաֆիկայի բաժնում ուսանելիս:

- Նկարներումս խտացված ասելիքս միշտ չէ, որ հնարավոր է բառերով վերարտադրել: Փարիզյան շարքի գծանկարները ճամփորդական հուշերս ու տպավորություններս են: Նկարչությունն էլ նման է ճամփորդության. նկարիչը նոր կտավի ստեղծման ճանապարհին պատմում է հոգում կուտակվածի մասին, դիտողն էլ իր մտահայացքով անցնում է այդ ուղին…

Ա. Վարդանյանի աշխատանքները թեմատիկ շարքեր են. Հ. Պարոնյան` «Մեծապատիվ մուրացկաններ», «Ատամնաբույժն արևելյան», Ե. Օտյան` «Ընկեր Փանջունի», Փալանդուզ Մկո` «Շոր և Շորշոր»: Անցյալ դարում «ծնված» երկեր ու հերոսներ, որոնք այսօր էլ այժմեական են, և նկարչուհու պատկերմամբ էլ դրանք հենց մերօրյա մարդիկ են հիշեցնում: Ամալյայի գծանկարների ամենաակնհայտ առավելությունը գունային լուծումներն են:

Փարիզը մեկեն սիրելի է դառնում առաջին իսկ այցելության պահին: Ամալյայի հայացքը, սակայն, զբոսաշրջիկի հպանցիկ որոնում չէ.

- Քաղաքի օդը, շունչը, ճարտարապետությունը ներշնչանք են դառնում: Փարիզն ինձ համար նախևառաջ տրամադրություն է:

- Ամեն ցուցահանդես յուրովի ամփոփումն է արվածի և անելիքի նախանշում: Այս ցուցահանդեսը կնպաստի՞ դրան:

- Անպայման: Մի պահ մտահոգվում էի, որ շատերը գուցե այնպես չեն ընկալի արվածը` ամբողջության մեջ: Ոմանք գուցե ավելի շատ հումորը տեսնեն, ուրիշները` միայն գիծը կամ գույնը: Ընկալումներն, իհարկե, միանշանակ չեղան, բայց բոլորի վերաբերմունքը դրական էր,- անկեղծանում է Ամալյան:

Նրա հետ զրույցից և աշխատանքները դիտելուց հետո ավելորդ է թվում «Դու լավատե՞ս» ես հարցը: Լավատեսություն էր ճառագում նրա հայացքը, երբ փաստում էր`

- Առանց լավատեսության հնարավոր չէ ստեղծագործել:

«ԻՄ ՀԵՐՈՍԸ ԳՈՒՅՆԵՐՆ ԵՆ»

Ուշադիր հայացքից չէր վրիպի, որ վաստակաշատ գեղանկարիչ Էդիկ Բաղդասարյանը գնահատանք է որոնում ոչ թե իր, այլ դստեր կտավների մոտ խմբված այցելուների աչքերում: Ու ասես չարտաբերված այս կարծիքին ի պատասխան, նա ասում է.

- Բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ եմ ունեցել, բայց այս մեկն առանձնահատուկ է, որովհետև աղջկաս հետ եմ: Նա չէր սիրում ցուցադրել իր գործերը. բնավորություն է: Իմ ծննդյան հոբելյանը առիթ էր, որ չմերժի առաջարկս: Հաճելի է ու միաժամանակ` շատ պատասխանատու. մանավանդ` իր համար: Ամալյայի գործերն, իսկապես, նոր հնչեղություն ունեն թե´ կատարման, թե´ մտածելակերպի առումով: Շնորհակալ եմ նրան` շնորհալիության, ինքնուրույն մտածողության համար:

Յուրաքանչյուր ստեղծագործողի հերոսը հեղինակի էության կամ երազանքների կրողն է: Ինչ-որ վերջնակետում ստեղծագործության հերոսն ինքը` հեղինակն է: Եվ լրագրողներիս կողմից արվեստագետին տրվող «Ո՞վ է Ձեր հերոսը» հարցի նպատակը նրա էությունը ճանաչելն է: Էդիկ Վարդանյանի պարագայում, սակայն, այդ հարցը «չաշխատեց»: Մնում էր նրա գույների խաղում որսալ ամեն պահի ճախրանքի պատրաստ վարդանյանական հոգին, մարդկանց և աշխարհին ուղղված նրա քննախույզ, բայց բարի հայացքը, ներողամտությունն ու պահանջկոտությունը:

- Իմ հերոսը գույներն են: Գույնն է, որի միջոցով ես իմ ներքինն եմ բացահայտում: Իսկ թե ի՞նչ տեսքով է այդ գույնը` արդեն էական չէ: Նկարչության մեջ «ինչը» չէ կարևորը, այլ` «ինչպեսը»: Իմ առաջին անհատական ցուցահանդեսի խորագիրն էր «Ես նկարում եմ իմ կորցրած հեքիաթները»: Մինչև հիմա էլ ես որոնում եմ իմ կորցրած կամ չգտած հեքիաթները: Ամեն նկարս ինձ համար մի փոքրիկ հեքիաթ է,- ասում է Էդ. Վարդանյանը:

Նա ուզում է, որ այդ հեքիաթը լսեն, հասկանան մարդիկ, որ իր կտավները դիտողը գոնե մի պահ ապրի իր հեքիաթների աշխարհում:

- Իմ հերոսը գույնն է,- ասում է արվեստագետը, բայց նաև «խոստովանում», որ չունի գունային նախասիրություններ: Բոլոր գույներն էլ սիրելի են, թեև` ոչ ամեն պահի համար նախընտրելի: Նկարակալին մոտենալիս` նա դեռ ընտրած չի լինում գույնն ու պատկերները: Ասելիքը խմորվում է մտքում, ապա` փոթորկում հոգին: Միտքն ու հոգին էլ գործադրում են վրձինը` գույն ու կերպ տալով նոր կտավին:

- Այն, ինչը ես հետո պիտի տեսնեմ կտավի վրա, ներսումս կա, բայց գույնն ու պատկերը աշխատելու պահին են գալիս, երբ դեռ չգիհեմ, թե ինչպես պետք է ավարտվի նկարը: Կտավի անունն էլ չգիտեմ նախապես և նկարելու ընթացքում, ու դա ինձ համար էական էլ չէ: Այդ ամենը հետո ես տեսնում,- ասելիքը շարունակում է զրուցակիցս:

Այսինքն, կա ասելիքը, որը պետք է արտահայտվի: Եվ արտահայտվելու կերպն ու տեսքը գտնելն էլ հենց ստեղծագործական ընթացքն է, մտքի թռիչքը, նոր ծնվող հույզը, հեքիաթի բույրը: Այդ ամենը խոսքերով չես բացատրի և նույնիսկ ինքդ քեզ համար մտովի չես ձևակերպի: Արվեստ է դրա անունը, իսկ մուսա կոչվածը ոչ գալիս է, ոչ էլ գնում: Այն արվեստագետի հոգում է, բանականության անվերծանելի ծալքերում: Հենց էությունն է դա ստեղծագործողի, ում համար ամեն պահը հայտնություն և հայտնագործություն կարող է դառնալ: Տքնանք է, որի վայելքը չգրված մի տող գտնելը, գունային նոր գամմա կամ երփնագրումդ մի նոր երանգ ավելացնելն է:

Էդիկ Վարդանյանը հարազատ ծնողի գորովով է խոսում իր սաների` ապագա արվեստակիցների մասին:

- Հրաշալի սերունդ է աճում. հերոսական, հայրենիքը, հողը, ազգը սիրող: Նրանց մտածելակերպը, աշխարհընկալումը շատ ավելի բարձր է, քան իմ սերնդինը` երբ նրանց տարիքին էինք:

Ցուցասրահից հեռանում ես հարստացած: Վարդանյաններին հրաժեշտ տալուց հետո քեզ շարունակում են ուղեկցել նրանց հախուռն գույները, որոնք միախառնվելով բակի շատրվանների խոխոջին, ջերմացնում են հոգիդ` ասես մրցելով հունիսյան բարկ արևի հետ: