Կտրուկ քայլերի ժամանակը


 

Յուրաքանչյուր հայ զինվորի կորուստը` մեր ողջ ժողովրդի կորուստն է: Զոհվածների ընտանիքների հետ միասին սգում ենք մենք բոլորս: Հակառակորդին տրվող պատասխանի առումով չկա համաչափության այնպիսի աստիճան, որը կարող է սփոփել մեր վիշտը:

...Մենք չենք ցանկանում իրավիճակի սրում, բայց անպատասխան չենք թողնելու մեր քաղաքացիների, պետական սահմանների և Լեռնային Ղարաբաղի դեմ ուղղված որևէ գործողություն: Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը ստացել են խիստ հրահանգ` ցուցաբերել զսպվածություն և զգոնություն` միևնույն ժամանակ կանխել և պատժել հակառակորդի ցանկացած սադրանք: Վստահ եմ, որ միջազգային հանրությունը և Ադրբեջանի բնակչությունը հասկանում են, թե ում խղճի վրա է զոհվածների արյունը:

Հատված` սահմանային միջադեպերի վերաբերյալ ΘΖnorΖΗΖ.ΖΗ-ի թղթակցի հարցին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանից

Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանային գոտում տեղի ունեցող իրադարձություններն իսկապես աննախադեպ են` իրենց սանձարձակությամբ ու լկտիությամբ: Գլխապտույտ արագությամբ միմյանց հաջորդած ողբերգական միջադեպերը, հայկական գյուղերի վրա իրականացվող կրակահերթերը, դիվերսիոն խմբերի առաջխաղացման փորձերը խուճապային տրամադրություններ ստեղծեցին: Ու թեև մեր համարժեք գործողությունների արդյունքում հակառակորդի զոհերի թիվն արդեն հատել է 2 տասնյակի սահմանը, այնուամենայնիվ կորուստների ցավը չի կարող մեղմանալ:

Հայրենասիրական բազմաթիվ նախաձեռնություններով ճանաչված «Հայազն» միությունը, լավագույնս գիտակցելով իրավիճակի լրջությունը, այս անգամ էլ անտարբեր չմնաց: Երեկ միության նախաձեռնությամբ բողոքի երթ էր կազմակերպվել` ի հիշատակ օրեր առաջ զոհված մեր զինվորների:

- Ադրբեջանական կողմը շարունակում է սանձարձակ գործողությունների դիմել, անընդհատ հայ զինվորներ ենք կորցնում, վերջապես սահմանամերձ բնակչությունն է տուժում: Որոշեցինք մենք ևս արտահայտվել` պահանջագիր-նամակ հղելով ՀՀ նախագահին և արտգործնախարարին: Պահանջում ենք տալ կտրուկ պատասխաններ, որպեսզի ադրբեջանցին հասկանա, որ իր ապիկար իշխանությունների պատճառով ինքն է տուժելու ,- իր ընդվզումն է արտահայտում «Հայազն» միության կենտրոնական մարմնի անդամ Արմեն Մկրտչյանը:

- Մեր նամակով պահանջում ենք, որպեսզի չհանդուրժենք այս ամենը: Սահմաններում մեր տղաներն են զոհվում, իսկ նույն հայը Երևանում բազմազանության շքերթ է կազմակերպում, Հիլարի Քլինթոնին ենք դիմավորում և այլն: Մեր բուն նպատակը ուշադրություն սևեռելն է մեր պահանջներին,- հավելում է միության կենտրոնական մարմնի անդամ Խորեն Հարությունյանը:

ՀՀ նախագահին և արտգործնախարարին ուղղված հայտարարության մեջ հստակ են պահանջները. հակառակորդի զոհերի` մեկին տասը հարաբերությունն այն նվազագույնն է, որ կարող է ըստ էության համարժեք համարվել:

Հայտարարության մեջ հստակ է նաև բանակցային գործընթացները դադարեցնելու պահանջը.

- Անիմաստ է բանակցել մի կողմի հետ, որը չի պաշտպանում խաղաղ բանակցությունների պարտավորությունները: Միջազգային հանրություն կոչվածը կարծես թե չի արձագանքում, ավելին` բարձրաստիճան պաշտոնյաների` տարածաշրջան կատարվող այցերի ընթացքում միշտ էլ ծանր կորուստներ ենք ունենալու,- համոզված է Ա. Մկրտչյանը:

Միության անդամները նաև պահանջում են դադարեցնել բանակցությունները ոչ միայն հակառակորդի, այլ նաև` նրա բարեկամների հետ:

- Գաղտնիք բացահայտած չեմ լինի, որ Արևմուտքը Ադրբեջանին թիկունք է կանգնում այսպիսի հարցերում: Քլինթոնն եկավ Հայաստան. քանի՞ զոհ ունեցանք: Իսկ նրա պատասխանը որևէ մեկը լսե՞ց: Մեծ հումանիստ, ժողովրդավարության աղբյուր Ամերիկայի երկրորդ դեմքն ի՞նչ պատասխան տվեց: Ո´չ մի պատասխան: Մեր կողմից բարձրացվում է նաև Արցախի հիմնախնդրի ապամիջազգայնացման պահանջը: Պահանջում ենք, որ մեր իշխանություններն Արցախը ճանաչեն որպես Հայաստանի անքակտելի մաս, վերականգնեն 1989- ի դեկտեմբերի 1-ի վերամիավորման որոշումը, և Արցախը ճանաչվի որպես ՀՀ մարզ: Արդեն 20 տարի այս կեղծ բանակցությունների մեջ ենք, ու հաղթած կողմ լինելով հանդերձ` փորձում են մեզնից զիջումներ կորզել: Եթե մեր իշխանություններն իրենց հստակ դիրքորոշումը չներկայացնեն, չհայտարարեն, որ ցանկացած զիջման դեմ են, որ դադարեցնում են միջազգային բանակցությունները, այս խնդիրն անընդհատ շարունակվելու է,- մանրամասնում է Ա. Մկրտչյանը:

Բայց արդյո՞ք հնարավոր է Արցախյան հիմնախնդիրն ապամիջազգայնացնելով` սեփական ուժերով հասնել վերջնական լուծման:

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ. - Միանշանակ հնարավոր է: 1989-ի դեկտեմբերի 1-ին եղել է վերամիավորման որոշում, որը ԽՄ կողմից համարվել է ուժի մեջ մտած: Ընտրություններ են տեղի ունեցել, որի արդյունքում 11 պագամավոր ընտրվել է Արցախից: Արցախի բոլոր գործարանները համարվել են Երևանի գործարանների մասնաճյուղեր: Այդ ամենն օրենքով ուժի մեջ է եղել, պետք է միայն վերականգնել վերամիավորման որոշումը: Միանշանակորեն, կլուծվի խնդիրն այդ եղանակով:

Խ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ.- Եթե հայացք ձգենք մեր պատմությանը, որքան հայերն իրենց հույսը կապել են այլ երկրների հետ, անպայման տուժել են: Պիտի միայն սեփական ուժերով փորձենք մեր պահանջներն առաջ տանել:

Ի դեպ` օրերս մի խումբ անհայտ երիտասարդներ թռուցիկներ են տարածել` ծանուցելով նույն երթի մասին, սակայն միանգամայն այլ նպատակներով: Իբր այն նվիրվում է բանակում յուրայինների կողմից սպանությունների թվի ավելացմանը: Ասել կուզի` կրկին պատվերի հոտ է գալիս:

Սակայն մի կողմ թողնելով խառնակիչներին` ուրախությամբ փաստենք. մեկ անգամ ևս համոզվեցինք, որ ունենք հայրենասեր երիտասարդություն, որը ցանկացած պահի կարող է բռունցք դառնալ, որն իսկապես մտահոգ է հայ զինվորի կյանքի համար և հաղթական երգերով ու ակնկալիքներով իր պահանջն է ուղղում իշխանություններին:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ