ՅՈՒՐԻՆ ՆԱԽԱՐԱՐ Է ԴԱՌՆՈՒՄ


 

Աշխարհի և Եվրոպայի, օլիմպիական խաղերի բազմակի չեմպիոն Յուրի Վարդանյանը, ինչպես հաղորդում են իրազեկ աղբյուրները, դառնում է սպորտի և երիտասարդության հարցերով նախարար: Այս պաշտոնը պատկանում էր ԲՀԿ-ին, սակայն հիմա այլևս ԲՀԿ-ն գործադիրում տեղեր չունի, ուրեմն Յուրի Վարդանյանի հարցը կարելի է համարել լուծված: Լոս-Անջելեսում ՀՀՇ մասնաճյուղի ակտիվիստներից մեկը հանդիսացած Վարդանյանը գալով Հայաստան` իշխանության մաս է կազմել: Միայն թե մի խնդիր կա, որն այս օրերին շատերին է հետաքրքրում. Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի և Յուրի Վարդանյանի հարաբերությունները խիստ լարված են, նրանք իրար դժկամությամբ են բարևում: Կլինե՞ն հակամարտություններ, թե՞ ոչ ԱՕԿ նախագահի և նախարարի միջև` առայժմ դժվար է ասել, սակայն ակնհայտ է մի բան. կողմերից ամեն մեկը փորձելու է ապացուցել, որ կարևորն իր խոսքն է, որ ինքն է որոշումներ կայացնում: Ուրեմն, ինչպես ասում են մարզաշխարհի մարդիկ, գուցե ստեղծվի մի վիճակ, երբ դիրքային պայքարը նպաստի մեր սպորտի զարգացմանը, ամեն մեկը փորձի մեծ ջանքեր ներդնել` իր կարևորությունը հաստատելու համար: