ՎԵՐՋԱՊԵՍ ԽՆԴԻՐ ԴՐՎԵՑ


 

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը կոչ է արել ԵՄ-ին Ադրբեջանի դեմ բանաձև ներկայացնել, որպեսզի դադարեցվի Հարավային Կովկասի միլիտարիզացիան: Տ. Սարգսյանի խոսքով` ԵՄ-ն պետք է հռչակագիր ընդունի, որը ենթադրում է, որ ԼՂ կարգավիճակի շուրջ վեճը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով: ՀՀ վարչապետը կարծում է, որ ԵՄ-ն պետք է սպառնա Ադրբեջանին պատժամիջոցներով` ուժի կիրառման դեպքում, ինչպես նաև բացատրի, թե կոնկրետ ինչպիսի պատժամիջոցների մասին է խոսքը:

Տիգրան Սարգսյանը նաև հայտարարել է, որ Ադրբեջանը փորձում է խափանել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերը` ընդգծելով, որ Հայաստանը բավական ուժեղ է, որպեսզի պահպանի ուժերի հարաբերակցությունը:

Վերջապես Հայաստանը թոթափեց «ամոթխածությունը» և հանդես եկավ կառուցողական առաջարկով: Իհարկե, այս առաջարկությունն առայժմ ընդամենը մեկ հարցազրույցի շրջանակներում է, սակայն հուսանք, որ առաջիկայում նման հայտարարությամբ հանդես կգան ինչպես Հայաստանի խորհրդարանական, այնպես էլ իշխանական ուժերը, քանի որ այլևս անհնար է համակերպվել այն մտքի հետ, որ մեկը պիտի հարվածի, իսկ մյուսը` պաշտպանվի: