Թուլությու՞ն, թե՞ գողություն


 

Մարդկային ամենատարբեր թուլությունների, գայթակղությունների, և հատկապես ունևոր ու հայտնի մարդկանց կատարմամբ տեղի ունեցող դեպքերի անսպառ տեղեկատվություն են պարունակում արտասահմանյան մամուլն ու համացանցը: Պարզվում է, օրինակ, որ մանկության տարիներին ինչ-որ տեղից ինչ-որ բան թռցնելու գայթակղություն շատերն են ունեցել: Մեծանալուն պես փոխվել են նաև գայթակղության առարկաները, ասենք` խանութից թռցրած բլիթները փոխարինվել են սրճարանից գողացած գարեջրի բաժակներով: Գողանալու հակում ունեցողներին անվանում են կլեպտոմաններ, իսկ այդ հիվանդությունը` կլեպտոմանիա: Հայտնի և ճանաչված մարդիկ, ովքեր մեծ գումարներ են աշխատում և թվում է` ոչնչի կարիք չունեն, նույնպես կարող են գայթկղվել գողությամբ: Նախ ներկայացնենք դրանցից մի քանիսը:

Հայտնի մոդել, գեղեցկուհի, դերասանուհի Մեգան Ֆոքսը խոստովանել է, որ կատարել է փոքրիկ գողություններ, իսկ 14 տարեկանում նույնիսկ ձերբակալվել է դիմահարդարման պարագաներ գողանալու համար:

Դիմա Բիլանն անառողջ կիրք ունի կրակայրիչների հանդեպ: Մի անգամ Կիևի ռեստորաններից մեկից Բիլանը գողացել է կրակայրիչ: Երբ գողությունը բացահայտվել է, երգիչը ստիպված է եղել խոստովանել, որ ցանկացած ուղևորությունից իր հետ հուշանվերների տեսքով կրակայրիչներ է տանում:

«Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմի գլխավոր դերակատարուհի Սառա Ջեսիկա Փարքերը սվարովսկի քարերով կոկտեյլի 24 բաժակ է թռցրել` 4380 դոլար ընդհանուր արժողությամբ, ինչպես նաև հագուստ և զարդեր` 9000 դոլար արժողությամբ:

Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ և ամերիկյան մարտաֆիլմերի աստղ Առնոլդ Շվարցնեգերը Մոսկվայում անցկացրած 3 օրերի ընթացքում հյուրանոցից լոգարանի խալաթ է թռցրել:

Հոլիվուդյան կինոաստղ Լինդսեյ Լոհանին բռնացրել են ջրաքիսի կիսամուշտակով, որը, ինչպես պարզվել է, պատկանել է մի ռուս ուսանողուհու, ով այն հագել է միջոցառման ժամանակ, որին ներկա էր նաև Լինդսեյը: Հավաքույթի վերջում դերասանուհին որոշել էր հագնել 11000 դոլար արժողությամբ կիսամուշտակը: Այդ օրը, ակումբից դուրս գալիս, Լոհանին լուսանկարել էին. լուսանկարները հայտնվել էին ամսագրերից մեկում, որից էլ ռուս ուսանողուհին գլխի էր ընկել, որ հենց հայտնի երգչուհին է գողացել իր կիսամուշտակը:

Իսկ այժմ անցնենք մեր բուն նյութին` մեկնաբանությունները թողնելով ընթերցողին:

Մայիսի 28-ի գիշերը, ժամը 04-ի սահմաններում, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում ահազանգ է ստացվել, որ օդանավակայանի տարածքում գտնվող մի խանութից գողություն է կատարվել:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ Երևան-Վիենա չվերթի 52-ամյա ուղևոր, Չեխիայի քաղաքացի, Չեխիայի Հանրապետությունում գործող հիդրոտուրբինների արտադրությամբ զբաղվող խոշոր ընկերություններից մեկի գլխավոր տնօրեն Յան Շիպը խանութից գողացել է լոգանքի պարագաներ:

Ուղևորը բերման է ենթարկվել բաժին: Գողոնն առգրավված է:

Կատարվում է հետաքննություն: