Մահացու վտանգավոր են ծուլությունն ու փողը


 

Ո՞րն է ժամանակակից մարդու համար լավ ապրելու չափանիշը` հարմարավետ բնակարան(ներ), շքեղ ավտոմեքենա, շատ փող: Եթե հակիրճ` հնարավորինս անշարժ կենսակերպ ու վայելքներ: Այսինքն` այն ամենը, ինչն «ուղիղ գծով» դեպի մահ է տանում: Անշարժ ապրելաձևը մինչև 2030 թ. կմեծանի քաղցկեղային հիվանդությունների քանակը: Իսկ երրորդ աշխարհի երկրներում ուռուցքներով տառապողների թիվը կկազմի 90 %. տագնապալի այսպիսի եզրահանգում են արձանագրել Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալության (ՔՀՄԳ) մասնագետները:

Այդպես էլ անբուժելի մնացող այս հիվանդության վիճակագրությունն ուսումնասիրողները հիմք են ընդունել 184 երկրներում արձանագրված տվյալները: Հաշվի են առնվել բնակչության քանակը, կյանքի միջին տևողությունը և երկրի զարգացումը: Նրանց կարծիքով` Հնդկաստանը, Պակիստանը և աֆրիկյան որոշ պետություններ գտնվում են ռիսկի գոտում, քանի որ նրանց կենսամակարդակը բարելավվում է:

Ըստ կանխատեսումների` 2030 թ. սահմանագծին քաղցկեղով հիվանդների թիվը կհասնի 22,2 միլիոնի. 2008-ին այդ թիվը եղել է 12,7 միլիոն: Ու դրա հիմնական պատճառներից են ճարպակալումը, վտանգավոր մթերքների օգտագործումը, ծխելը, ֆիզիկական սահմանափակ ակտիվությունը ու նաև… մեծ եկամուտները:

- Քաղցկեղն արդեն մահվան հիմնական պատճառ է դարձել` բարձր եկամուտներ ունեցող երկրներում: Առաջիկա մի քանի տասնամյակում այն մահացության գլխավոր պատճառ կդառնա աշխարհի ամեն երկրում,- դոկտոր Ֆրեդի Բրեյի կարծիքը մեջբերել է The Sun թերթը:

Պրոֆեսոր Յեսին էլ հավաստիացրել է, որ մարդիկ լիարժեքորեն կարող են ապրել` մինչև 100 տարի` եթե հետևեն 7 հասարակ կանոնների: Դրանց շարքում ելակետայինները երկուսն են` ճիշտ սնունդ և ակտիվ կենսաձև, որոնց շնորհիվ հնարավոր է 40-50 տարով երկարացնել կյանքը: Ավելին, ապրել առողջ սրտով, խուսափել գլխուղեղի կաթվածից (ինսուլտ) ու խրոնիկական մյուս հիվանդություններից. այդ թվում և քաղցկեղից: