ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՓՈՒՉԻԿ


ՀԱԿ¬ի ներկայացրած երկխոսության նախապայմաններից արտահերթ ընտրությունների պահանջն, անհեթեթ ու անիրականանալի լինելու պատճառով, ընդամենը որպես երկխոսության մեկնարկին հաջորդած առաջարկ է ներկայացվում: Առաջին հայացքից հրաշալի կարող է թվալ, երբ կարճ ժամանակահատվածում իշխանություն-ընդդիմություն միջակայքի հակասություններն այնքան հիմնավոր լուծում ստացան, որ ընդդիմության մասին պահանջացուցակում միայն արտահերթի մասին անհուսալի ձևակերպումները մնացին: Մյուս կողմից, սակայն, լավ հասկանալով, որ ընտրությունները կազմակերպվելու են ԿԸՀ սահմանած ժամանակացույցով, ընդդիմությունը հետագա կամակորությունների սողանքներ է ձգտում թողնել: Ընտրություններին շատ ժամանակ չի մնացել, իսկ առաջիկա ամիսները բուռն ու իրադարձություններով հարուստ են լինելու: Այսինքն, որքան էլ երկխոսության մեկնարկը խոստումնալից թվա, միևնույն է, դժվար է դրա հետագա ընթացքը կանխատեսել: Մանավանդ, որ կողմերից մեկին` ՀԱԿ-ին, իսկապես անկանխատեսելի քաղմիավոր կարելի է համարել: Եվ չնայած Կոնգրեսը բավական օպերատիվ կերպով ներկայացրեց երկխոսության պատվիրակության իր կազմը, այսուհանդերձ, չի բացառվում, որ պատվիրակների հնգյակն ինչ¬որ ժամանակ հետո նույն օպերատիվությամբ հետ կանչվի: Արտահերթ ընտրությունների չիրականանալիք նախապայմանն արդեն իսկ որպես պահուստային պահելով` ՀԱԿ¬ը ցանկացած պահի դա կարող է օգտագործել որպես կամուրջներն այրելու տարբերակ: Եվ խնդիրը միայն այն չէ, որ Կոնգրեսին համագործակցելիս պատկերացնելը (այն էլ իշխանության հետ) չափազանց դժվար է: Միանգամայն սպասելի էր, որ երկխոսությունն այս քաղմիավորում միանշանակ ընդունելության չի արժանանալու, և քիչ չեն լինելու իշխանության հանդեպ արմատական կեցվածքը պահպանելու կողմնակիցները: Ճիշտ է, ՀԱԿ¬ի ճաքերը դեռևս ճեղքերի չեն վերածվել, բայց որոշումներ կայացնելիս սովորաբար դանդաղող առաջին Նախագահը կարծես մտավախություն է ունեցել, թե բանակցողների ցանկում ընդգրկվել ցանկացողների թիվն օր-օրի կարող է մեծանալ: Եթե արտահերթ ընտրությունները շարունակեն մնալ Կոնգրեսի օրակարգում, ապա Լ. Տեր-Պետրոսյանը սովորականի նման նորից ինքն իրեն հակասած կլինի: Հենց վերջին հանրահավաքում նա հայտարարեց, որ պաշտոնների ու պատգամավորական մանդատների շուրջ բանակցելը «ստոր, անպարկեշտ և ամոթալի գործարք է»: Մինչդեռ արտահերթի թեման առաջ մղելը, հենց նման ակնկալիքի մասին է վկայում` տպավորություն ստեղծելով, թե Կոնգրեսն իշխանությունից մաս ունենալու նկրտում ներով է երկխոսելու: Իսկ նախորդող շրջանի պահանջները, որոնք արդեն բավարարվել են, ՀԱԿ¬ի համար այլևս լրիվ ածանցյալ են: