ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ


Ռուսաստան-Հայաստան ֆուտբոլային խաղը, որի ժամանակ Հայաստանի ազգային հավաքականը պարտվեց 1-3 հաշվով, շարունակում է մնալ ֆուտբոլասերների ուշադրության կենտրոնում: Մասնավորաբար` շատերին է հետաքրքրում այն հարցը, թե ինչ պատահեց, որ երկրորդ խաղակեսում իսպառ փոխվեց խաղի պատկերը. Ռուսաստանի հավաքականին ոչնչով չզիջող մեր հավաքականի խաղը խամրեց, ինչի արդյունքում էլ խաղային նկատելի առավելությամբ առաջին խաղակեսն ավարտած հայ ֆուտբոլիստները պարտվեցին: Խաղից հետո իրենց դժգոհությունն են հայտնել նաև հավաքականի երկու վետերանները` Ռոման Բերեզովսկին և Սարգիս Հովսեփյանը, ովքեր առաջին հերթին նշել են ռուսական կողմի անհյուրընկալ ընդունելությունը: Գիտենք, որ այդ վատ հյուրընկալության առթիվ նշանավոր մարզիչ, Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը ներողություն էր հայտնել հայ ֆուտբոլիստներին: Մեր անվանի ֆուտբոլիստներն առաջին հերթին բողոքել են վատ մրցավարությունից, որը եղել է աչառու և նպատակամղված` հայկական հավաքականի համար վատ պայմաններ ստեղծելու: Մրցավարը, վետերանների կարծիքով, հաճախ սուլում էր ի վնաս Հայաստանի, խանգարում խաղը, խոչընդոտում մի շարք խաղային զարգացում ները: Երկու ֆուտբոլիստն էլ նշում են, որ նշանակված 11 մետրանոցը ոչ միայն վիճելի էր, այլև` հորինված, քանի որ տեսագրությունը դիտելուց հետո բոլորն էլ հանգել են այն եզրակացության, որ խախտում չի եղել. խաղավարը գերազանցելով իր լիազորությունները` նշանակել էր հարված ի վնաս Հայաստանի հավաքականի: Ֆուտբոլիստ ների վկայությամբ` նա հետագայում ընդունել է իր սխալը և ներողություն խնդրել: Սակայն ներողությունը, բնականաբար, չէր կարող ազդել արդյունքի վրա: Ի դեպ, մրցավարի կողմից իր սխալը գիտակցելու մասին գրել են ռուսական լրատվամիջոցները: Նրանք նաև փոխանցել են Բերեզովսկու այն կարծիքը, որ դաշտը չոր է եղել, չի ջրվել, ինչն էլ առաջացրել է որակական խոտան: Միաժամանակ ռուսական լրատվամիջոցները նշել են, որ խաղից առաջ Սարգիս Հովսեփյանը սննդային թունավորում է ստացել, որի հետևանքով էլ նրա խաղը ոչ միշտ է եղել օգտակար ու դիտարժան: Լ. Մ.