ՎԵՏՈՆԵՐԻ ՇՔԱՀԱՆԴԵՍ


Անօրինակ իրավիճակ է ստեղծվել ԵԱՀԿ անդամ պետությունների միջև. նրանք չեն կարողանում համաձայնության գալ և ընտրել կառույցի գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրված թեկնածուներից որևէ մեկին: Թուրքական «Զաման» օրաթերթը մեղադրել է Հայաստանին և Կիպրոսին, որ վետո են կիրառելու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրված Էրսին Էրչինի թեկնածության հանդեպ, քանի որ նա թուրք է: Թուրքիան, չընդունելով երկու պետությունների այս դիրքորոշումը, իր հերթին հայտարարել է, թե կօգտվի վետո կիրառելու իր իրավունքից և դեմ դուրս կգա ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրված Ավստրիայի նախկին արտգործնախարար Ուրսուլա Պլասնիկի թեկնածությանը: Ըստ Ահմեդ Դավութօղլուի, Ուրսուլա Պլասնիկը ժամանակին հանդես է եկել հակաթուրքական դիրքորոշումներով, քննադատել թուրքական կառավարիչներին, կասկածի տակ առել Թուրքիայի «եվրոպական ինքնությունը»: Պաշտոնական Վիեննան զայրացել է այս վարքագծից և իր հերթին հայտարարել, որ ինքն էլ է օգտվելու վետոյի իրավունքից` թուրք դիվանագետին թույլ չտալով զբաղեցնելու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը: Հեռախոսազրույց ունենալով Ահմեդ Դավութօղլուի հետ, Ավստրիայի ներկայիս արտգործնախարար Միխայել Շպինդելեգերը նախազգուշացրել է Թուրքիային, որ այդ դիրքորոշումն ընկալվում է որպես Ավստրիայի դեմ ուղղված քայլ: - Այդ դիրքորոշումը բացասական ազդեցություն կունենա թուրք-ավստրիական հարաբերություններում... Թուրքիայի` Ավստրիայի դեմ վետո կիրառելու մասին հայտարարությունը կողմնակալ է և անարդարացի: Եթե Թուրքիան նման բան անի, դա ստվեր կնետի երկկողմ հարաբերությունների վրա: Անկարան, սակայն, շարունակում է պնդել վետո կիրառելու որոշումը` հայտարարելով, որ կիրառվելիք վետոն ոչ թե ուղղված է Ավստրիայի, այլ կոնկրետ Ուրսուլա Պլասնիկի դեմ, ով խոչընդոտել է Թուրքիայի` ԵՄ անդամակցությանը: Թուրքական թերթերը գրում են, որ ԵԱՀԿ-ում Հայաստանն ու Կիպրոսը հակաթուրքական դաշինք են ստեղծել, ինչն ամրապնդում է Ուրսուլա Պլասնիկի դիրքերը: Թուրքիային ամենամեծ աջակցություն ցուցաբերողը Ռուսաստանն է, որը ոչ միայն աջակցում է թուրք դիվանագետին, այլև 56 անդամ ունեցող կազմակերպության մեջ սկսել է լոբբինգ անել Թուրքիայի օգտին: Սա վկայում է, որ օրավուր ջերմանում են թուրք-ռուսական հարաբերությունները` կարծես հետ տալով պատմության անիվն ու վերականգնելով 1918-1921 թվականների հարաբերությունները, երբ Ռուսաստանը ջատագովում էր Թուրքիային, աջակցում նրան, ռուսական բարձրաստիճան պաշտոնյաներն ամեն ինչ անում էին` Թուրքիային դուր գալու համար: Դրա վառ ապացույցներից են Մոսկվայի պայմանագիրը, Լեռնային Ղարաբաղի ու Նախիջևանի մասին ընդունված հակաօրինական որոշումները: Ռուսաստանն, իհարկե, իր շահերն ունի և ամեն ինչ անում է` օգտվելու համար իրեն ընձեռված հրաշալի հնարավորությունից: Թուրքիային աջակցության խոստում է տվել նաև Հունաստանի վարչապետ Գեորգիոս Պապանդրեուն: Սա ևս զարմանալի է, որովհետև Հունաստանը միշտ էլ համարվել է Թուրքիայի ավանդական հակառակորդներից մեկը: «56 անդամ ունեցող այդ կազմակերպությունում Թուրքիային ամենամեծ աջակցությունը ցուցաբերում է Ռուսաստանը: Բացի այդ, Հունաստանի վարչապետ Գեորգիոս Պապանդրեուն նույնպես խոստացել է աջակցել Թուրքիայի` ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին առաջադրած թեկնածուին»,_ գրել էր «Սաբահը»: Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա փետրվարին «Հաբերթուրք» պարբերականը տեղեկություն էր տարածել, թե նախագահ Աբդուլլահ Գյուլը պատրաստվում է նամակով դիմել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին` ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին առաջադրված թուրք դիվանագետ Էրսին Էրչինի թեկնածության հարցում աջակցություն ստանալու համար: Սակայն հայկական կողմն Անկարային հստակ հասկացրեց, որ պաշտոնական Երևանը չի աջակցելու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Թուրքիայի առաջադրած թեկնածուին: Ներկայում ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է Մարկ Պերեն դե Բրիշամբոն, որի պաշտոնավարման ժամկետը լրանում է հունիսի 30-ին:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ