1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ


Մսի շուկայում տարատեսակ գործընթացներ են սկսվել: Այս սննդատեսակի գինը վաղուց արդեն այնքան բարձր է, որ անհնար է պատկերացնել, թե վաճառքի կետերի զանգվածաբար փակվելու արդյունքում առաջացած արհեստական դեֆիցիտը մինչև ո՞ւր կարող է հասցնել մսի գինը: Ամեն դեպքում, հայտարարվել է, որ որոշ շուկաներում մսավաճառների գործունեությունը մեկ շաբաթով է կասեցվելու, և առևտրի ու սննդի անվտանգության օրենքների պահանջներին համապատասխան պայմանների առկայության դեպքում կրպակները կվերաբացվեն: Չի բացառվում, որ հետզհետե տաքացող եղանակը չէ Գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության ծառայության այս կտրուկ որոշման պատճառը: Բոլոր հունիսներն ու ամռան մյուս ամիսները Երևանում շատ ավելի շոգ են եղել, սակայն երբեմն կազմակերպված կրպակաշարերի փակման «ակցիաներն» այսչափ զանգվածային բնույթ չեն կրել: Համենայն դեպս, այսպես կոչված «ԳՈՒՄ¬ի շուկայի» վերաբերյալ ասում են, թե կոնկրետ մարդիկ կոնկրետ հավակնություններ ունեն այս տարածքում ու ձգտում են մսամթերքի վաճառքն իրենց ձեռքում կենտրոնացնել: Նշվում է, որ վաճառակետերի գործունեության այս օրերի կաթվածահար վիճակը հենց նշված հանգամանքով է պայմանավորվում: Բայց, անկախ դրանից, ամենակարևորը սանիտարահիգիենիկ պայմաններն են: Մինչդեռ մսավաճառներն էլ խոստովանում են, որ եթե նույնիսկ պահանջվող պայմաններն իրենք ապահովեն, միևնույն է, մաքրությունը, կարգ ու ու կանոնը կարճ է տևելու: Բոլոր կրպակներում պայմաններն այնպիսին են, որ թերությունները միայն ժամակավորապես կարող են վերացվել: Այսինքն, մեկանգամյա «շաբաթօրյակը» ոչինչ չի կարող փոխել, իսկ համապատասխան պայմաններ ստեղծելու տարածք և միջոցներ վաճառականները չունեն: Յոթնօրյա պարապուրդից զգալի կորուստներ են կրում նաև այն միջնորդները, ովքեր տարբեր մարզերից համեմատաբար էժան գնով ձեռք բերվող միսը մայրաքաղաքի վաճառակետեր են հասցնում: Ասել է թե` չի բացառվում, որ կորուստները մեղմելու նպատակով նրանք ավելի ուշ իրացնեն արդեն հնացած իրենց ապրանքը: Ի դեպ, այս օրերին համառ խոսակցություններ են պտտվում` առաջիկայում համանման մի արշավ էլ պանրի շուկայում կազմակերպելու մասին: