ԶՈՐԱԿՈՉ


Ընթացքի մեջ է գարնանային զորակոչը` զինված ուժերը համալրելու խիստ պատասխանատու աշխատանքի հերթական փուլը: Պաշտպանության նախարարության ղեկավարության վերաբերմունքը, ինչպես միշտ` պատասխանատու և սրտացավ է: Որոշակի բարեփոխումներ են իրականացվել զորակոչիկների կցագրման, բժշկական հետազոտման և բուժհանձնաժողովների կազմի բարելավման ուղղություններով: Եվ ինչպես զորակոչի նախօրյակին ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան ՕՀԱՆՅԱՆԸ փաստեց` - Ստեղծված են համապատասխան մեխանիզմներ, որպեսզի մենք ներքին և արտաքին վերահսկողություն իրականացնենք զորակոչի գործընթացի նկատմամբ: Այսօր զորակոչը վերահսկվում է ոչ միայն Պաշտպանության նախարարության, այլև Անվտանգության խորհրդի, իրավապահ մարմինների, քաղաքացիական, հասարակական կառույցների կողմից: Զորակոչի հաջող ընթացքի ապահովման ու արդյունավետության կարևորագույն պայմանը նախապատրաստական աշխատանքների ճիշտ կազմակերպումն է, ինչն իրականացվել է աչալրջությամբ և մեծ պատասխանատվությամբ: - Լիարժեք իրականացվել են բոլոր աշխատանքները` բուժզննում, զինակոչիկների ընտանեկան պայմանների, ուսման մակարդակի, նախնական զինվորական պատրաստության գիտելիքների, ինչպես նաև բարոյահոգեբանական վիճակի ուսումնասիրում,¬ հավաստիացնում է Արաբկիրի զինկոմի տեղակալ, փոխգնդապետ Անդրանիկ ՕՐԴԻՆՅԱՆԸ: - Բուժզննումը ևս իրականացվել է ամենայն մանրամասնությամբ: Քաղաքացիական բուժհաստատություններում կատարված հետազոտությունների ախտորոշումից հետո, անհրաժեշտության դեպքում զինակոչիկները հետազոտվել են նաև Կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից: Դրանից հետո միայն որոշում է կայացվել նրանց պիտանելիության մասին: Անհրաժեշտության դեպքում տարկետում է հատկացվում, որի ժամկետները լրանալուն պես` կրկին որոշվում է պիտանելիության աստիճանը,¬ հավելում է Նոր Նորքի զինկոմիսարիատի Զորակոչի բաժանմունքի պետ, փոխգնդապետ Սամվել ՊՈԿԱՑՅԱՆԸ: Անժխտելի փաստ է, որ տարեցտարի ավելանում է զորակոչվող երիտասարդների պատրաստակամությունը: Ավելի գիտակցաբար և ըմբռնումով են վերաբերվում ծառայությանը` ձգտելով ժամանակին կատարել պարտքը հայրենիքի նկատմամբ: - Մեր զինակոչիկները պարտաճանաչորեն, ճիշտ ժամանակին ներկայանում են զինկոմիսարիատ: Արտառոց դեպքեր չեն գրանցվել: Բարոյահոգեբանական վիճակը ևս բավականին բարձր է,¬ համոզված է Ս. Պոկացյանը: Զորակոչից¬զորակոչ աճ է գրանցվել զինակոչիկների թե´ բարոյահոգեբանական, թե´ ֆիզիկական վիճակի բարելավման առումով: Ավելի հաճախակի են դարձել արտերկրից ինքնակամ վերադառնալու և Հայոց բանակ զորակոչվելու դեպքերը: - Շատ բան է փոխվել: Զորակոչիկների մոտ ընկճվածություն չկա: Հիմա ավելի ակտիվ են: Տարեցտարի նկատելի է դառնում ծառայության նկատմամբ թե´ երիտասարդ ների, թե´ նրանց ծնողների վերաբերմունքի դրական փոփոխությունը,¬ վստահեցնում է Նոր Նորքի զինկոմիսարիատի Զորակոչի բաժանմունքի նախազորակոչի խմբի պետ, կապիտան Վ. ԱՂԱԼԱՐՅԱՆԸ: