ՆՇԱՆԱՎՈՐ ԵՐԳՉՈՒՀՈՒ ԴՈՒՍՏՐԸ` ՆՇԱՆԱՎՈՐ ԴԱՌՆԱԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ


Ռուսաստանում մեծ ճանաչում և հռչակ ունեցող Օլեգ Լունդստրեմի անվան ջազային նվագախմբի համերգը Երևանում նշանավորվեց մի շարք հետաքրքիր ու ինքնատիպ ստեղծագործությունների կատարմամբ: Դահլիճում էր նաև ՀՀ ժողովրդական արտիստուհի Ռաիսա Մկրտչյանը: Գուցե անակնկալ կամ արտառոց չլիներ նրա ներկայությունը համերգին, եթե շատերը չնկատեին հուզումն ու անհանգստությունը: Իսկ այս ամենի պատճառն այն էր, որ նվագախմբի հետ հանդես էր գալիս նաև նրա դուստրը` երգչուհի Արմինե Սարգսյանը, ով երկար ժամանակ է` այս կոլեկտիվի առաջատար մենակատարներից է: Նրա մասին ասում են, որ Մոսկվայի լավագույն ջազային երգչուհիներից մեկն է, ում համերգներն անցնում են լեփ-լեցուն դահլիճներում, արժանանում ունկնդիրների բարձր գնահատականներին: Նրա երգացանկում տեղ են գտել ինչպես համաշխարհային ջազի ստանդարտները, ֆրանսիական շանսոնի լավագույն հիթերը, այնպես էլ լատինա-ամերիկյան կրակոտ ռիթմերը, ռուսական նրբագեղ ռոմանսները: Առանձին տեղ են գրավում հայկական ժողովրդական երգերը, հայ կոմպոզիտորների այն ստեղծագործությունները, որոնք դիմացել են ժամանակի քննությանը: Երաժշտության հետ առաջին ծանոթությունը Արմինե Սարգսյանի համար կայացել է իրենց տանը, ուր մշտապես հյուրընկալվել են հայ ճանաչված կոմպոզիտորներ Առնո Բաբաջանյանը, Ռոբերտ Ամիրխանյանը, Մարտին Վարդազարյանը, Ստեփան Շաքարյանը, ուրիշներ: Հենց նրանք էլ, մոր հետ միասին, աղջկա մեջ ձևավորել են սերը երաժշտության հանդեպ: Մանուկ հասակից սկսել է երգել, սակայն երգի հանդեպ մեծ հետաքրքրություն հանդես չի բերել, քանզի ուղղորդված է եղել դեպի դաշնամուրային արվեստը: Ավարտել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի դասարանը, ապա` պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետը` ինչպես ժամանակին իր նշանավոր մայրը: 1995-ին ընդունվել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ակադեմիա: Սովորել է Իոսիֆ Կոբզոնի մոտ, ապա արդեն հանդես եկել նշանավոր երգիչներ Յուրի Անտոնովի, Օլեգ Գազմանովի, Սոսո Պավլիաշվիլու հետ... Իսկ երգարվեստում հայտնվել է պատահականորեն, երբ Մոսկվայում նկատել է մի մրցույթի մասին հայտարարություն: Մասնակցել է այդ մրցույթին և միանգամից արժանացել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնի բարձր գնահատականին: Ապա արդեն, հենց Կոբզոնի առաջարկությամբ էլ, սովորել ջազային երգեցողություն, քանի որ նրա ձայնական տվյալները շատ մոտ են եղել այդ երգեցողության առանձնահատ կություններին: Արմինե Սարգսյանին այսօր համարում են այն բացառիկ երգչուհիներից, ովքեր կարողանում են ոչ միայն հանդես գալ ամենատարբեր ոճերում և ջազային բարդագույն ստեղծագործություններից կազմված ծրագրերում, այլև` մշտական նորություններով, անակնկալներով: Երգչուհին կարողանում է իր շուրջ ձևավորել այնպիսի մթնոլորտ, որն իր մեջ է ներքաշում երգի հանդեպ սեր ունեցողներին: Ինչպես վկայում են ռուս երաժշտագետները, Արմինե Սարգսյանը մեծ հեռանկարների երգչուհի է, նա շատ շուտով կարող է դուրս գալ համաշխարհային ասպարեզ և իր մնայուն տեղն ունենալ ջազային արվեստում: Դրա վկայությունն են այն բազմաթիվ համերգները, որով հանդես է գալիս Ռուսաստանի սահմաններից դուրս, եվրոպական խոշոր համերգասրահներում: Լ. Մ.