ՀԱՎԱՏ ՉՈՒՆԵ՞Ն՞, ԹԵ՞ ԱՍԵԼԻՔ


Ինչպես հայտնի է` «Ժառանգության» պատգամավորները տևական ժամանակով բոյկոտել են խորհրդարանի աշխատանքները: Մեկ, նույնիսկ երկու խմբակցության ավել¬պակասն, իհարկե, օրենսդիրի գործունեության այդպես էլ անտեսանելի մնացած որակը դարձյալ չի փոխում: Բայց արժե նկատել, որ ցավալիորեն, թե բարեբախտա բար` «Ժառանգության» բոյկոտը համընկավ Ընտրական օրենսգրքի քննարկումներին: Մինչև բացօթյա ընդդիմության կարգավիճակն ընտրելը թվում էր, թե երբեմնի արտգործնախարարի կուսակիցները բավական ակտիվ են, և հնարավորն են փորձելու անել` է´լ ավելի բարվոքված օրենսգրքով սպասվող ընտրություններին մասնակցելու ուղղությամբ: Ինչ¬որ պահի նրանք երևի հասկացան, որ օրենսգիրքն այնքան էլ վատը չէ (թեև բարեփոխումները երբեք չեն խանգարում), իսկ արդար ընտրությունների երաշխիքներ կարող են տրվել միայն գործող կամ նորացվող օրենքները կիրառելու հաստատակամության պարագայում: Չի բացառվում նաև, որ իրենց ներկայացրած առաջարկներն իշխող մեծամասնության կողմից շարունակաբար մերժվելուց հետո, նրանք բացօթյա պայքարը լավագույն ելքը համարեցին: Բացի այդ, ինչպես ժառանգականներն են խոստովանում, Րաֆֆի Հովհաննիսյանի նախատեսած հացադուլի մասին խմբակցության անդամները վերջին պահին են տեղեկացել: Այլ կերպ ասած` առաջնորդը կուսակցության վերնախավին փաստին առաջ է կանգնեցրել: Համենայն դեպս «Ժառանգության» բոյկոտն իշխանության օգտին մեկ կարևոր միավոր էլ գրանցեց` հնարավորություն ստեղծելով առժամանակ անց այս մի ընդդիմության «երեսով տալու», թե այն ժամանակ, երբ հանուն արդար ընտրությունների համապատասխան օրենսգիրքն էր մշակվում, դուք Ազատության հրապարակում ծռմռազատությամբ էիք զբաղված... Խորհրդարանում ներկայացված մյուս ընդդիմադիր ուժը գոնե ավելի առարկայական կարող էր դարձնել իր մասնակցությունն` ընտրական օրենսգրքի մշակմանը: ՀՅԴ խմբակցությունն, իհարկե, լրացումներ ու փոփոխություններ ենթադրող որոշ առաջարկներով հանդես եկավ, որոնք ԱԺ մեծամասնության հավանությանը չարժանացան: Դաշնակցությունը կարծեք թե կանխատեսել էր իր ձախողումը: Ի վերջո հազիվ թե ՀՅԴ¬ն արդար ընտրությունների կայացմամբ ամենաշահագրգիռ ուժը լինի: Այն ինչը կարող է կորցնել կամ շահել այս միավորը, վերաբերում է ընտրություններին մասնակցել պատրաստվող ցանկացած կուսակցության: Այսպես թե այնպես` դրանք իրենց հաջողությունն առանձնապես օրենսգրքի բարեփոխմամբ չեն պայմանավորում: Հետևաբար անիմաստ է նաև խորհրդարանական քննարկումներից մեծ հույսեր ունենալը: Միևնույն է, հանրությունը նման քննարկումների հանդեպ անտարբեր է, իսկ քաղուժերը ակտիվ, երևի, օրենքից առաջ իրենց տեխնոլոգիաներին են ապավինում: Մինչդեռ քվեն ուժ կարող է դառնալ միայն ընտրազանգվածի առկայության դեպքում: Իսկ այս առումով, բացառությամբ 1-2¬ի, հայրենի քաղուԺերն ինքնավստահ լինելու առիթ չունեն: