Պատմական զենքեր


Զենքերի պատմությունն իրականում ավելի մեծ ժամանակահատված է ընդգրկում, քան ընդունված է կարծել: Դրանց արմատները ձգվում են մինչև պատմական ամենախոր անցյալ: Կա ընդունված տեսակետ, ըստ որի զենքը ստեղծվել է մարդու ծագման հետ, իրականում` այն ի հայտ է եկել մարդկության ծնունդից դեռ շատ առաջ. շիմպանզեները կրծողների և այլ կենդանիների դեմ պայքարելիս կիրառում էին սուր ծայրով փայտ: Բնությունն օրինաչափորեն կենդանիներին զինել է սուր ժանիքներով, մագիլներով, տաք մորթով և արագավազ ոտքերով, իսկ մարդուն` բոլոր ժամանակների ամենահզոր «զենքով»` բանականությամբ: Նա ժամանակի ընթացքում հարմարվել է շրջակա միջավայրին` յուրացնելով գոյատևելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Մարդկությանը հայտնի առաջին զենքը եղել է հղկված գետաքարը` 2 կողմից ջարդվածքներով, որոնք շեղբի գործառույթ էին կատարում: Հետագայում մարդը գիտակցեց, որ ավելի արդյունավետ է թիրախը խոցել հեռվից, քանի որ տարածությունը նաև անվտանգություն է երաշխավորում: Դրան հետևեց նետող զինատեսակների ստեղծումը` նիզակ, նետ ու աղեղ և ավելի կատարելագործված տեսակ` արբալետ (աղեղնազենք, ձգազենք): ՆԻԶԱԿ Մարդկությանը հայտնի առաջին զենքերից է: Երբ մեր նախնիներն սկսեցին գործածել քարը, դրան անմիջապես հետևեց նիզակի գործածումը: Առաջին նմուշները ծայրակալ չունեին: Փայտի ծայրը պահում էին կրակի վրա` նրան ամրություն հաղորդելու համար: 12-17 հազար տարի առաջ ստեղծվեցին առաջին ծայրակալով նիզակները: Դրանք պատրաստված էին քարից կամ ոսկորից, իսկ ավելի ուշ շրջանում` մետաղից: ԹՈՒՐ Սառը զենք է` կազմված շեղբից և բռնատեղից (դաստապան): Առաջին բրոնզե թրերը գոյություն են ունեցել մ.թ.ա. II հազարամյակում, իսկ երկաթե թրերը` 700 տարի հետո: Մարդկությանը հայտնի են թրերի 3 տեսակներ. ԿՈՐ ԹՈՒՐ Ընդհանրություններ ունի կացնի հետ, բայց շեղբն ավելի լայն է: Գործածվել է վերևից կտրող հարված հասցնելու համար: ՈՒՂՒՂ ԹՈՒՐ Այս տեսակի ծանրության կենտրոնը դաստապանից մի փոքր վերև է, ինչով էլ պայմանավորված է նրա արդյունավետությունը: Ավելի հարմարավետ է, բայց այդ ամբողջ հարթությունով կարելի է հարվածել` ի տարբերություն կոր թրի: ԵՐԿԿՈԹԱՆԻ ԹՈՒՐ Սա ուղիղ թրի «հսկա» տեսակն է` մինչև 160 սմ երկարությամբ և 3,5¬7 կգ քաշով: ԴԱՆԱԿ Ամենահին դանակները վերագրում են պալեոլիթին: Առաջին նմուշները քարից էին: Ավելի ուշ ավելացել է նաև բռնատեղը, որը պատրաստված էր փայտից կամ ոսկորից: Ամենասուր դանակները ստանում էին օբսիդիանից, իսկ բրոնզե և երկաթե տեսակները ստեղծվել են 5000 տարի առաջ: ՊԱՐՍՊԱԿՈՐԾԱՆ ՄԵՔԵՆԱ Զենքը նախատեսված է ամրոցներ գրավելու, պարիսպները ջարդուփշուր անելու համար: Ստեղծվել է Կարթագենում և առաջին անգամ կիրառվել է իսպանական Կադիս քաղաքի գրավման ժամանակ:

Էջի նյութերը` Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ