Հա՞ որ..


ՏԱՐՕՐԻՆԱԿ ու անհասկանալի մարդիկ են մեզ շատ սիրող, մեզ ու մեր վճարած գումարներին սպասող տաքսիստները: Ահա նրանցից 300-ը Գյումրիում դարձյալ բողոքի հանրահավաք են կազմակերպել: Իհարկե, տաքսիստների, թե այլոց միտինգները վաղուց սովորական են դարձել, և այստեղ խոսքը բոլորովին էլ այն մասին չէ, որ հանուն տևական բողոքի մեղմման արված որոշակի զիջումներից վերջիններս դարձյալ դժգոհ են մնում: Ուշագրավ, եթե չասենք ցնցող էր տեղեկատվությունը գյումրեցի տաքսիստների յուրօրինակ սպառնալիքի վերաբերյալ: Վերջիններս պնդել են, թե եթե իրենց բոլոր պահանջները կարճ ժամկետում ու մինչև վերջ չբավարարվեն, ասել է թե կառավարության սահմանած խորհրդանշական հարկերն էլ չվերացվեն, ապա իրենք զանգվածաբար դիմելու են ՌԴ հյուպատոսություն` քաղաքացիություն ստանալու խնդրանքով: Փաստորեն այլ բան չի մնում ենթադրել, քան` որ այս մարդկանց սերը հայրենիքի հանդեպ չափվում է ինչպես տաքսու հաշվիչը, ու եթե այն քիչ է պտտվում, քիչ է եկամուտ բերում: Կամ` երբ այդ պտույտը փորձ է արվում օրինականորեն կանոնակարգել, մարդկանց մեջ անմիջապես գլուխ է բարձրացնում հպատակը… Ու նրանք իսկի չեն էլ փորձում մի քիչ ավելի երկար մտածել կամ շուրջը նայել` տեսնելու, համոզվելու, որ Ռուսաստան ներխուժած ճգնաժամի արդյունքում մեր հայրենակիցները զանգվածաբար հետ են վերադառնում: Կարևորը… սպառնալիքն է, իսկ դրա անհեթեթության աստիճանը տվյալ դեպքում բնավ էլ չի գիտակցվում: ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅԱՆ բոլոր հնարավոր սահմանները գերազանցեց նաև Երևանում գործող ծաղկի խանութներից մեկը: Ապրիլի 7-ի նախօրեին գլուխ արդուկող հեռուստագո վազդը հարյուրամյա տատիկներին հրավիրում էր խանութ` ծաղկեփունջ ընտրելու: Թեկուզև անվճար, բայց գեղեցիկ սեռը ոչ միայն ինքն է իր համար ծաղիկ ընտրում, այլ սովորաբար նվեր է ստանում: Ու հետո հարյուրն անց տատիկներն այնքան քիչ են, որ նույն գովազդային ախորժակը պահպանելով` կարելի էր պարզապես գտնել բոլորի հասցեներն ու գովազդն իրական դարձնելով` ծաղիկները տուն հասցնել: Գեղեցիկ նվերը նաև գեղեցիկ պետք է մատուցել: Չէ՞ որ ըստ «Բրաբիոն ֆլորա»-ի» ղեկավարների տպավորության` փնջեր ձեռք բերելու համար տղամարդիկ դժվարությամբ են գումար հայթայթում: Թերևս այս պատճառով էլ խանութն առաջարկում է այդ նպատակին հասնելու համար կանացի կոշիկներով, գուլպաներով ու չգիտես թե էլ ուրիշ ինչ անվայել պայմանների դիմաց այդքան բաղձալի ծաղկեփունջն անվճար հատկացնել: Հաստատ սա չէ այն գինը, ինչի դիմաց տղամարդկանց վայել է հասնել տոնական նվերին: Ոչ մի արժանապատիվ կին նման նվեր չի° հանդուրժի: Եվ հետո, որքան հայտնի է` անգամ Եվրախորհուրդը դեռևս նման պայմաններ չի պարտադրում: Այնպես որ, մեր ժամանակների կարաբալաները առայժմ մարդկանց նսեմացնելու վատթարագույն տարբերակն են ընտրել` գռեհկացնելով գեղեցիկ տոնի խորհուրդը: ՄԵԶ համար աչքի ընկնելու հրաշալի առիթ էր ստեղծվել Էստոնիայում` տեղի ֆուտբոլային հավաքականի հետ օրեր առաջ տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Սակայն մեր հավաքականի հաղթանակի հույսը վիճահարույց հանքային ջրի պղպջակների նման հօդս ցնդեց: Չկարողանալով մրցակցի դարպասը նվաճել` մերոնք սեփական դարպասը գրավեցին: Նշված ինքնագոլը հայկական ֆուտբոլից չհիասթափվող բազմաթիվ մարզասերներին նորից դառնացրեց: Բայց լավ է, որ մինչև աշուն հայկական ֆուտբոլային հավաքականը նախատեսած խաղեր այլևս չունի, ու փաստորեն հստակ երաշխիքներ կան, որ նման տհաճ անակնկալներից առժամանակ` գոնե մինչև աշուն, հայ մարզասեր ներն ապահովագրված են: