Ստամբուլյան հանդիպում


Նախորդ երեկոյան Ստամբուլում կայացել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Ալի Բաբաջանի հանդիպումը: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակի պաշտոնակատար Տիգրան Բալայանը` մանրամասներ, սակայն, չհաղորդելով հանդիպման վերաբերյալ: Է. Նալբանդյանը մեկնել էր Ստամբուլ` մասնակցելու ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող «Քաղաքակրթությունների դաշինք» 2-րդ ֆորումին: Թուրքական աղբյուրները հաղորդել են, որ Բ.Օբամայի ուղերձն է եղել երկու երկրների ղեկավարներին` ավարտին հասցնել երկկողմ բանակցությունները` ուղղված հարևան երկրների կապերի վերականգն մանը: Ուշագրավ է համարվում, որ ԱՄՆ նախագահն իր ուղերձը հղել է անձամբ արտգործնախարարներին` հանդիպելով նրանց Ստամբուլում անցկացվող միջազգային ֆորումի համար նախատեսված հյուրասրահում: Միջազգային փորձագետներն արդեն իսկ Բ.Օբամայի քայլը որակում են որպես «չափազանց լուրջ», իսկ երբեմն էլ «պատմական»: