Հայոց ցեղասպանությունը ճանաչած ԱՄՆ 42-րդ նահանգը


Միացյալ Նահանգների նախագահ Բ.Օբամայի ծննդավայր Հավայան կղզիների նահանգային ներկայացուցիչների պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը` դառնալով ԱՄՆ 42-րդ նահանգը, որը դատապարտում է 20-րդ դարի մեծագույն ոճրագործությունն ու Թուրքիայի ժխտողական կեցվածքը դրա նկատմամբ: Բ.Օբամայի հայրենի նահանգը ԱՄՆ նախագահի` Թուրքիա այցի ընթացքում ապրիլի 24-ը հռչակում է որպես «1915թ-ի Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման օր»: Ընդունված պաշտոնական փաստաթուղթն ամրագրում է, որ «Օսմանյան կայսրության սահմաններից ներս ապրող մոտ 1,5 միլիոն հայ տղամարդիկ, կանայք, երեխաներ են սպանվել դաժան Ցեղասպանության ժամանակ»: Արձանագրվում է նաև, որ հարյուր հազարավոր մարդիկ են բռնի տեղահանվել և արտաքսվել այլ երկրներ: Նշվել է, որ 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը դեռևս մնում է չճանաչված Թուրքիայի կողմից: Հավայան կղզիների իշխանությունները կիսում են ամերիկահայերի և աշխարհում սփռված հայերի վիշտը: ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբից, տեղեկացնելով «Արմենպրես»-ին նահանգի որոշման մասին, հույս են հայտնում, որ հավատարիմ մնալով Հավայան կղզիների և ԱՄՆ մյուս 41 նահանգների ոգուն` Միացյալ Նահանգների նախագահը ևս գալիք օրերին կճանաչի Հայոց ցեղասպանությունը: