ԱԶԳԱՅԻՆ գաղափարախոսությո՞ւն, թե՞


Գնդապետ Խաժակ Վազգենի ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ծառայել է Խորհրդային բանակում: 1993-ին իր դիմումով ծառայության է անցել ՀՀ պաշտպանության նախարարությունում: Ներկայումս զորամասի հրամանատարի տեղակալ է` Անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով: - Նախ անդրադառնանք հայոց բանակաշինությանը. ի՞նչ խնդիրներ դեռ կան չլուծված: - Անշուշտ, չլուծված խնդիրներ կան, բայց ակնհայտ է, որ ունենք արդեն կայուն բանակ. սա միայն մենք չենք ասում. մեր հարևան երկրներն ավելի լավ են տեսնում և° մեր թերությունները, և° առավելություններ: Ծանր ուղի ենք անցել. ֆիդայական շարժումից ծնվեց, կազմավորվեց մեր բանակը: Այդ ընթացքում շատ դժվարություններ տեսանք. չունեինք պատրաստված սպաներ: Անցանք այդ փորձության միջով. ղեկավար հրամանատարությունը կարողացավ ելքեր գտնել. շուտափույթ ձևով հավաքագրեց, կազմավորեց, պատրաստեց համապատասխան խմբեր, որոնք ուսուցման ինչ-որ փուլ անցնելով` մեկնեցին` ողջ ծանրությունն իրենց վրա վերցնելով: Հետագայում նրանք դարձան մեր բանակի պատրաստված սպաներ: Այսօր արդեն տարիների հեռավորությունից, երբ փորձում ենք վերլուծել մեր անցած ուղին, արձանագրում ենք` եղած թերությունները ոչինչ են նորաստեղծ բանակի համար, քանզի կարճ ժամանակում կարողացանք կազմավորվել և լուրջ մարտական գործողություն ծավալել, ստիպել հակառակորդին հաշվի նստի մեզ հետ: Դեռ կլինեն ինչ-ինչ թերություններ, որոնք ոչ այդքան թերություն, որքան բացթողում են: Վերադաս հրամանատարությունը շատ լավ գիտակցում է եղած խնդիրների լուծման անհրաժեշտությունը: Ուզում եմ այլ խնդրի լուրջ ուշադրություն դարձնել. նորակոչիկը բոլորովին անպատրաստ է ոտք դնում բանակ` անհրաժեշտ և տարրական գիտելիքներին չտիրապետելով: Սա վատ երևույթ է, և կարծում եմ` միայն մեր մտահոգությունը չպիտի լինի: Սկզբնական շրջանում լուրջ խնդրի առաջ ենք կանգնում: Այլ է, երբ աշխատում ես գրագետ, կրթված, զինվորական կյանքից գոնե մի քիչ տեղյակ երիտասարդի հետ: Համապատասխան կրթօջախների գերագույն նպատակը պետք է լինի խստագույնս կարևորել դպրոցներում ռազմագիտություն առարկայի դասավանդման ճիշտ մեթոդիկան: Ինչպես գիտենք` ուսհաստատություններն արդեն կցագրված են զորամասերին, որտեղ աշխատում է գրագետ սպայական կազմ: Վերջերս առիթ ունեցա շփվել մի դպրոցի տնօրինության հետ, և շատ զարմացած ու զայրացած եմ տնօրենի նման պահվածքից: Արդեն կասկածելի է` ինչ հոգեբանությամբ պետք է այդ դպրոցից երեխան դուրս գա: Դպրոցում հարց եմ բարձրացնում` ինչու ճիշտ հոգեբանությամբ չեք դաստիարակում երեխաներին` ինչ է բանակը, ինչի համար են ոտք դնում զորամաս: Եթե դպրոցի տնօրենը պնդում է, որ բանակը շատ վատ վիճակում է, մեր տղաները բանակից վերադառնում են հիվանդ, անշուշտ, այդ երեխան չի ձգտի զինվոր դառնալ: Չափազանց սխալ դաստիարակություն է գնում: Մենք բոլորս պետք է դառնանք ազգային գաղափարախոսության կրողներ: Այսօր պետությունը ռազմական հաստատություններում սովորելու հնարավորություն է տվել, որից հետո ապահովելու է աշխատանքով, բայց հասարակության մի մասը խուսափում է` վախենալով, որ անհրաժեշտության դեպքում առաջին գիծ կգնա իր որդին: Մենք անցնում ենք պատերազմի միջով, և անկախ նրանից` երիտասարդն ունի զինվորական կրթություն, օրհասական պահին նա պետք է զենքը ձեռքը վերցնի: - Իսկ այսօր սպաների մեթոդական պատրաստության համար համապատասխան ի՞նչ քայլեր են ձեռնարկվում: Անձնակազմի ֆիզիկական ու հոգեբանական պատրաստվա ծությունը կարելի՞ է բավարար համարել: - Այն համակարգը, որ գործում է, չի կարող լինել անթերի: Միշտ ինչ-որ բարեփոխիչ առաջարկություններ լինում են: Հաճախակի անցկացվում են հատուկ դասընթացներ. ունենք ամենօրյա դասընթացներ: Այսօր ոչինչ չի անտեսվում, անուշադրության չի մատնվում` մթնոլորտը կայունացնելու համար: Անձնակազմը բավականին պատրաստված է: Մեր ամենօրյա աշխատանքի շնորհիվ բարձրացնում ենք նրանց ֆիզիկական պատրաստվածության մակարդակը: Այսօր մեր բանակում 90-95% գրագետ, կրթված սպաներ են, ովքեր իրենց կրթությունն ստացել և ստանում են թե° Հայաստանում, թե° արտերկրում: Հոգեբանական առումով զորամասում կան խնդիրներ, քանի որ մեզ մոտ շատ են ծնողազուրկ երեխաները: Իմ կարծիքով, հայ սպան այսօր արժանվույն գնահատված չէ: Խորհրդային տարիներին սպայի հանդեպ հասարակության վերաբերմունքն այլ էր: Այն դեպքում, երբ հիմա ունենք հաղթանակած բանակ, և այդ ամենն ստեղծվեց արյան գնով և նվիրյալների շնորհիվ, չկա արժանի հարգանք հայ սպայի հանդեպ: Այսօր պետության վերաբերմունքը պետք է խորը լինի սպայի հանդեպ, սպան իրեն գնահատված պիտի զգա: Այս երևույթը մեզ հուզող հարցերից է: - Ինչպես գիտենք, շնորհիվ այսօր զորամասերում իրականացվող սանիտարահիգիենիկ միջոցառումների` կանխարգելվել են մաշկային մի շարք հիվանդություններ, սակայն նույնը չենք կարող ասել զորամասերում զինվորների բարոյահոգեբանական վիճակի մասին: Նրանց անհարմարվողականության, ինքնավնասման դեպքերն ի՞նչ «զարգացում» են ունենում: Հոսպիտալների բժիշկ-մասնագետների այցերը զորամասեր, անշուշտ, նպաստում են զինծառայողների առողջության ամրապնդմանը: - Մեր բուժկետի բժիշկների ակտիվ աշխատանքի շնորհիվ` այսօր մեզ մոտ լուրջ խնդիրներ չկան: Այն հիվանդությունները, որոնք կարելի է կանխարգելել այստեղ, իրականացվում է, իսկ եթե չկան համապատասխան միջոցներ, շտապ ուղարկվում են հոսպիտալներ: Քանի որ հոսպիտալներում կան ավելի պատրաստված, փորձառու բժիշկ-մասնագետներ, բնականաբար նրանք ավելի հետևողական են: Այցելելով զորամասեր` նրանք անհրաժեշտ փորձ ու հմտություն են փոխանցում իրենց ենթակա բժիշկներին: Անշուշտ, դա օգուտ է տալիս: Ինչ վերաբերում է զինվորների անհարմարվողականությանը, հետևյալը կասեմ: Եթե ինչ-որ զորամասերում կան հոգեկան ինչ-ինչ խանգարումներ ունեցող զինվորներ, հավատացնում եմ` դրանք գալիս են քաղաքացիական կյանքից, մասնավորապես ընտանիքից: Չեմ բացառում, որ ծառայության ընթացքում զինվորի մոտ կարող է հոգեկան խնդիրներ առաջանալ: Այս երևույթը կրկին առնչվում է անհատի ապրած կյանքին, ինչու՞… Եթե նա պասիվ կյանքով է ապրել, իրեն ճիշտ դրսևորելու համար չի ունեցել շփման մակարդակ, հայտնվելով զորամասում` չի կարողանում հարմարվել: Անշուշտ, հետագայում բարդություններ են առաջանում: Չեմ բացառում նաև սպաների թերի աշխատանքից առաջացած խնդիրները, բայց դրանք չնչին տոկոս են կազմում: Ցանկացած զորամասի հրամանատարական կազմ լրջորեն հետևում է զորամասում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի կայունացմանը: Ամեն մի ախտանիշի դեպքերում շտապ քայլեր են ձեռնարկվում` հիվանդությունների տարածումը կանխելու համար: Տարիներ առաջ եթե բանակում կային լուրջ խնդիրներ, չկային համապատասխան բժիշկ-մասնագետներ, անհրաժեշտ սարքավորումներ, դեղորայք: Իսկ այսօր հստակորեն արձանագրում ենք` լուրջ աշխատանքներ են կատարվում, և զորամասը մնում է անհրաժեշտ ուշադրության կենտրոնում: Խիստ կարևորում եմ ընտանիքի դերը. ընտանիքում է կայանում երիտասարդը: Ճիշտ դաստիարակված երեխան դառնալու է հայրենիքի զավակ, իսկական զինվոր: Երեխան մանկուց պիտի սիրի իր հայրենիքը. կարևոր է առողջ հոգեբանության ներարկումը: Զինծառայողների հետ զրուցելիս հաճախ լսում ենք ցավալի պատասխաններ` եկել ենք պարտք տալու: Մեզ պետք չեն միայն պարտք տալու հոգեբանություն ունեցող երիտասարդներ: Նրանք պիտի գիտակցեն, որ ճակատագրական կարող է դառնալ ցանկացած հարձակում մեզ համար, իսկ մենք պիտի պատրաստ լինենք դիմակայելուն: Ժամանակին ռազմագիտություն առարկան դասավանդելիս սովորեցնում էին նաև` ինչ է հայրենիքը, ովքեր ենք մենք… Հասարակությունը պետք է հասկանա` ինչ է բանակը: - Ինչպե՞ս կբնութագրեիք հայ զինվորին: - Երկար տարիներ ծառայել եմ Խորհրդային Ռուսաստանում: Անկախությունից հետո հինգ տարի եղել եմ մեր բանակի ներկայացուցիչը ՌԴ-ում. մի ճշմարտության մասին կասեմ` մեր զինվորը լավ զինվոր է: Մի քանի ամիս անց նա դառնում է կայացած, պատասխանատու զինվոր: Ռազմական ուսումնական հաստատություններում ոտք դնող երիտասարդի մեջ պետք է գնահատել ոչ միայն գիտելիքը, այլև խստապահանջությունը, պատասխանատվության խոր զգացումը: Եթե զինվորը թույլ սպայի մոտ է հայտնվում, առմիշտ կասկածելի է զինվորի հետագա բարոյահոգեբանական ճիշտ մոտեցումը կյանքին: Սպան չպետք է անտեսված լինի: Հատկապես ղեկավարությունը մեծ ուշադրություն պետք է դարձնի: Ոչ բոլորն են հայրենասեր ծնվում, շատերը դառնում են, և այդ ճանապարհին հիասթափություններն ակամա «նպաստում» են, որ շատերը լքեն երկիրը: Ակամա ցավալի իրողության ենք հանդիպում: Ճշմարտությունից չենք փախչի…

Նաիրա ԲԱԴՈՅԱՆ