«Միլիոն գծերի նկարիչը»


- Իրարամերժ տպավորությունները` հիացականից մինչև ժխտողական, ամենևին չեն նսեմացնում իրական արժեքը Հորսթ Յանսենի բեղմնավոր ստեղծագործության` հազարից ավելի գծանկարներ, 3000 օֆորտ, 2500 լիտոգրաֆիա: Իրավամբ համարվելով XX դարի լավագույն գծանկարիչներից մեկը, նա դասականի նշանակություն է ձեռք բերել Գերմանիայում,- այսպես Ազգային պատկերասրահում անցկացվող իր դասախոսությունն է սկսում անկախ մշակութաբան Բիրգիթ Դենիցելը, ով հատուկ հրավիրվել է հայրենակցի 80-ամյա հոբելյանի առիթով բացված ցուցահանդեսի պրիզմայով նրա թողած ժառանգության կարևորությունը մեզանում հանրաճանաչելու: Մանրակրկիտ ոգեշնչվածությամբ` ֆրաու Դենիցելը Որմնանկարների սրահում հավաքվածներիս պատմում է Յանսենի մանկության օրերից, որ անցել են մոր հետ Օլդենբուրգում, պատերազմական տարիներին նրան բաժին ընկած որբության դառնություններից, որոնց հոգեցունց զգացողությունները փորձել է արտահայտել նկարչության «լեզվով»` հուշելով իր խնամքը ստանձնած մորաքրոջը բնատուր շնորհի առկայության մասին: 10 տարեկանից հղկել է ունակությունները` ստանալով հիանալի մասնագիտական կրթություն: Տարվելով գծախաղով` Յանսենը սկզբում միայն սև, ապա, 80-ականներից, նաև գունավոր մատիտներով սեփական մանրակերտ ոճն է ստեղծել` բառերի արժեք ստացած պատկերավոր գծիկներով: Նրա համար առաջնայինը միջավայրի, մարդկանց, առարկաների յուրընկալ հարաբերությունների, մթնոլորտի իր զգացողությունների խոսուն արտահայտչականութ յանը հասնելն էր, ոչ թե ճշգրիտ, չափած-ձևած վերարտադրությունը: Ձեռքը համարելով աչքի` դիտողունականության կամ տեսողական մտքի իրագործող` կատարողական վարպետությունը խորացրել է անվանի նկարիչների բազում գործերի ընդօրինակմամբ: Մշակելով հատուկ տեխնիկա` չի ջանացել նմանակել, այլ ներքին երկխոսության մեջ մտնելով նրանց հետ` իմպրովիզի է գնացել գաղտնիքների վերծանմամբ, յուրացմամբ: «Ես փոխում եմ իմ կենսաբանական հորը Դյուրերի հետ»,- ասում էր Յանսենը, ում սրտամոտ էին Ռեմբրանդտն էլ, Գոյան էլ, իմպրեսիոնիստներից շատերն էլ: Հիմք ընդունելով Հոկուսայի «Ջրում մարգարտահատերը հսկող հրեշը» գծանկարը` համադրել է գերմանական բծախնդիր ճշտապահությունը արևելյան մտախոհ հայեցողականությանը և փորագրության ու օֆորտի հատուկ տեխնիկայով ստեղծել 46 աշխատանքներից բաղկացած «Զբոսանքներ Հոկուսայի հետ» հայտնի շարքը: Միաժամանակ հեղինակել է «Գծանկարը բնության մեջ» և «Օֆորտի ծնունդը» հետազոտությունները: Չդադարելով ուսումնասիրել իր հանճարեղ նախորդների աշխատաոճը` սեփական գործերում Յանսենը չի խուսափել նրանց հետ ունեցած հոգեհարազատությունը երևակելուց: «Վենետիկյան դիմակահանդես» գրաֆիկական սյուիտում, օրինակ, նկատելի են Պ. Գավարնիի, Ֆ. Գվարդիի և Ժ. Կալոյի վիմագրությունների մոտիվներն ու կերպարները: Բազմազան են նրա թեմատիկ հետաքրքրությունները` մանկության հիշողություններ, էրոտիկ զգացողություններ, բնանկարներ, դիմանկարներ… Հատկապես աչքի են ընկնում նրա հազարից ավելի ինքնանկարները, որոնցով, ասես, պեղում է սեփական եսը, տարբեր տեսանկյուններից ներկայացնում իր մարդկային նկարագիրը: Ինչպես, «Հանոյի մահը» նկարաշարում, որտեղ հանդես է գալիս Թոմաս Մաննի «Բուդենբրոքներ»-ի մեռնող տղայի ողբերգական կերպարով: 1968-ին Վենետիկի Բիենալեում ստանում է I մրցանակ «միլիոն գծերի նկարիչը», ում կյանքում ներշնչանքի անփոխարինելի աղբյուր են եղել 3 օրինական ու բազում տարանցիկ սերերը, բայց նրանցից ոչ մեկը այնքան մեծ ներգործություն չի ունեցել Յանսենի ստեղծագործության զարգացման վրա, որքան Գեյշեն, ով դուրս բերեց նկարչին բնակարանից ու կենտրոնացրեց բնության վրա, ճանապարհորդելով հետը` գրառեց մի շարք պատմություններ: Ինքը` Յանսենը սիրում էր զուգակցել իր աշխատանքներին բանաստեղծական մեկնաբանություններ: Բոհեմական խառնվածքը, անմիջակականությունը նրա շուրջն էին համախմբում շատերին: Չունենալով ազդեցիկ լծակներ` իր աշխատանքներով էր վարձահատույց լինում ընկերներին, ցուցահանդեսների կազմակերպիչներին, գրահրատարակիչներին: Սիրում էր խմել ու գինովցած առանձնակի արգասաբեր էր աշխատում` մի օրում 10-12 գործ: Նպատակամետ աշխատասիրությունը Յանսենի համար ապահովել է նաև ստեղծագործելու կայուն հիմքեր` 70-ականներին արդեն ուներ սեփական վարպետ-փորագրիչ, ով շուտով դարձավ նրա ուրույն երկվորյակը` լրացնելով իր հմուտ արհեստով նրա հղկվող արվեստը: 80-ականներից տեր էր նաև հրատարակչության: …Առանց հոգնության մանրամասնում է ֆրաու Դենիցելը Յանսենի անձնական կյանքի ու գործունեության պատմությունը, այնուհետև առաջնորդում դեպի առաջին հարկ, որի 3 ցուցասրահներում Յանսենի 1950-70 թթ. ստեղծագործության յուրահատկություններն է խորիմացությամբ պարզաբանում ներկայացված մոտ 160 ինքնատիպ գործերի վերլուծությամբ: Երբևէ կկարողանա՞նք ինքներս մեզ այսպես կարևորել…

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ