ՆՐԱՆ ԷԼ ԵՆ ՓՈՐՁՈՒՄ ՅՈՒՐԱՑՆԵԼ


Արդեն անցել է մոտ 300 տարի, ինչ հայոց գրականագիտությունը նժարում է հանճարեղ Սայաթ-Նովայի ոչ միայն գրական ժառանգությունը, այլ նաև նրա կյանքի մթին փաստերը Սայաթ-Նովան, ինչպես հայտնի է, հայ աշուղական արվեստի բնագավառում ամենակարկառուն դեմքն է ոչ միայն ներկա դարի, այլև բոլոր ժամանակների: Նրա երաժշտութ յունը այնքան վեհարժեք ու բարձրակարգ է, խորիմաստ ու հոգեթով, որ գերում է արևելյան երաժշտարվեստից հեռու մինչևիսկ մերօրյա եվրոպացուն: Այս հաստատ համոզմուն քին եկա Եվրոպա կատարած իմ համերգային շրջագայություններից (Շվեյցարիա, Ֆրանսիա, Բելգիա, Հոլանդիա) ստացած բարձր տպավորություններից: Սիրտս ուռճանում էր հպարտությունից, երբ արևելյան երաժշտությունից հեռու եվրոպացու աչքերում հուզմունքից ու բերկրանքից արցունքներ նկատեցի: Այո°, այժմ էլ ապրում է Սայաթ-Նովան, բազում դարերի խորքից եկող իմ հանճարեղ նախնին: Սայաթ-Նովան մեզ ակամա հնարավորություն չի տվել իր մասին անցյալով խոսելու: Միշտ արդիական աշուղ-բանաստեղծն ու քնարերգուն, ճիշտ է կշռել հանճարեղության հասցնող իր թե° գրչի, թե° նվագարանի ուժը, զորությունը, կարողությունը` յուրօրինակությունը, դրանց մինչևիսկ անհասանելիութ յունը հայ և օտարյուն ցանկացած ուրիշի կողմից: Այդ զգացումը, ըստ էության, այնքան է ծանր բեռ, որ դա կարող էր շալակել և հասցնել աշխարհի բանաստեղծության գագաթը` պառնաս: Այս հավատն ինձ օրինակ, զարմացնում է` մարդկային մտքի այդչափ հզորացող թռիչքի անսխալականությամբ: Որ նա ստեղծագործել է աշխարհի մի շարք ազգերի լեզվով, դա հանրահայտ է: Ուրիշ փաստի անդրադառնամ: Իր որոշ բանաստեղծության տողատակի ծանոթագրություններում ընդգծել է. Աստծու բերնեմեն առնիս մըխիթարիչ սուրբ հոքին, Էլ վաղ միռնի Սայաթ-Նովեն` ճիտըտ գըցած չըտեսնե: Այդպիսի ավարտից հետո նա գրում է. «Էսպես դիվանի, լավ տեղ ասած, որն գրոց հայերեն տառ է, որն վրացերեն, թուրքերեն էլ ուզում էի հետն խառնել, բայց չխառնեցի»: Այլ խաղի նույնօրինակ տողատակային բացատրությունում նա փաստորեն հպարտությամբ հիշատակում է, թե ինչ նվագարանների է ինքը տիրապետում. «Յիս` մղդսու վարթի Արութինս, պստուց ինչորի յարսուն տարին գլուխ դրի ամենան խաղին, ամա Սուրբ Կարապետի կարողութենով սովրեցա քամանչեն ու չոնգոտն ու թամբուրեն»: Սույն վերջին արտահայտության առիթի պատճառով նրան ոմանք շփոթում են թամբուրիստ Արութինի հետ, ով իհարկե Սայաթ-Նովան չէ: Այդ անձը մեկ ուրիշ հայազգի տաղանդավոր երաժիշտ է, դարձյալ Արութին անվամբ: Մերօրյա Հայաստանի քաղաքական խառնաշփոթի և կովկասյան տարածաշրջանի ազգամիջյան լարվածության պարագայում անձամբ միտք եմ անում, թե արդյոք ինչո՞ւ է հայազգի ռահվիրան ստեղծագործական այդչափ վիթխարի, այդքան արժեքավոր ժառանգություն թողել հայոց այդօրինակ տարազգի չկամների սեղանին ևս: Այսօր, դիցուք ադրբեջանցները երգում են նրա ադրբեջաներեն լեզվով գրած երգերը, բնականաբար ոչ հայեցի, նույնիսկ փորձում են սեփականացնել տվյալ հայ հանճարին: Ավելին. երբեմն էլ նրա երգերը ներկայացվում են որպես ադրբեջանական ժողովրդական երաժշտություն: Եթե ադրբեջանցիներից ոմանց խելքը չի հասնում շնորհակալ լինելու Սայաթ-Նովային և, հետևապես, ի զորու չեն ստույգ գնահատել նրա ստեղծած համամարդկային արժեքները, ապա դա նրանց մարդկային ցածր չափանիշների և թերարժեքության մասին է վկայում: Մարդը, ինչ ազգի էլ պատկանելիս լինի, պետք է մնա ճարտարախոս` ասուն մարդու, ոչ թե ան-ասունի մակարդակի, որը, պարզ է, չի կարող ազնվորեն և ստույգ արժեքավորել արժանիին: Սույն դատողություններից միտքս, Աստծո կամոք կարողացավ ինձ տանե¯լ-տանե¯լ ու մի պահ հավասար հարթության վրա դնել անզգուգական Սայաթ-Նովայի իսկապես համամարդկային մտածողության տաճարում` խորհելու: Ես «գյուտ» արեցի. Սայաթ-Նովան, որ ապրել է նույնպես քաղաքական լարված ժամանակներում, իր գաղափարական մակարդակով եղել է ամենայն ազգի, ամեն ժողովրդի պաշտողը, անշուշտ, չէր կարող չկատարել Աստծո` իրեն իսկ տրված հանրահայտ պատվիրանը: Այն է` սիրել մարդուն. «Մարթըս մարթ ի…» գրում է նա, և ավելացնում. Ամեն մարդ չի կանա կարթա` Իմ գիրն ուրիշ գըրեն է… Քաջ գիտակցելով առեղծվածային մարդ արարածի կերպարի էությունը, անգութ աշխարհում տեղի ունեցող անարդարությունները, նա յուր ամբողջ վեհ հոգով պաշտպանել է ռամիկին, այսինքն` հասարակ ժողովրդին, ինչ ազգի էլ նա լիներ: Սայաթ-Նովայի սիրո ու հանճարի շաղախը եղավ նրա թողած գրական-փիլիսոփայական, երաժշտական յուրահատուկ սայաթնովյան անկրկնելի ձեռագրով գրված երգերի ահռելի ժառանգությունը, ոչ միայն իր հայ ազգի, այլ նաև Կովկասի ժողովուրդների համար: Այս փաստից ես, օրինակ, հպարտանում եմ անսահմանորեն: Բազմաբազում մտավորականների համոզմամբ` անմրցելի Սայաթ-Նովան միակը չէ հայազգի այն այդօրինակ եզակիներից, ովքեր ստեղծագործել են մինչև անգամ ուրիշ երկրամասում, այլ հողի վրա: Սայաթ-Նովայի գրչի ու նվագարանի երկնած ժառանգությունները դրանց հեղինակին դուրս են բերել ժամանակի ճամփեքից, բայց մշտապես մնալով իբրև հավերժ կենդանի զավակ մանավանդ երեք ժողովուրդների ոչ միայն գրականության մեջ ու երաժշտարվեստում, այլ նաև տվյալ երեք ժողովուրդների կյանքում: Այդպիսի անհատ կարող էր լինել Սայաթ-Նովան և ովքեր Սայաթ-Նովայի պես եզակի անձինք են: Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս

Անուշ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ