«Թացն ու չորը»` միախառն


Կային ժամանակներ, երբ բարձրագույն ուսումնական հաստատության պետպատվերով ընդունված ուսանողը մյուսներից տարբերվում էր գիտելիքների անհամեմատ մեծ պաշարով և ուսման մեջ հաջողությունների հասնելու անհագուրդ ծարավով: Մեր ժամանակները մի փոքր այլ են: Ամենահպանցիկ դիտարկումներն էլ ցույց են տալիս, որ բուհ-երի անվճար համակարգում սովորողներից շատերը կամ բոլորովին պատահաբար են հայտնվել այնտեղ, կամ էլ նրանց այնտեղ հայտնվելուն նպաստել են որոշակի «դեմքեր, դեպքեր, իրադարձություններ»… Իսկ այս ամենի արդյունքում իսկապես արժանիներից ոմանք հայտնվում են կամ վճարովի համակարգում կամ էլ պարզապես դուրս են մնում ընդունվածների ցուցակից: Նրանցից լավատեսները վերագտնում են իրենց` շարունակելով պայքարել գոնե հաջորդ տարի երազանքների իրագործման սկբզնակետին հասնելու համար և կամ (ինչը ավելի հաճախ է պատահում) հրաժարվելով այդ երազանքներից, բռնում են առանց կրթություն ստանալու գոյատևման դեգերումների ուղին: Վճարովի ուսում ստացող ուսանողների համար փրկության ելակետ է դառնում տարիներ առաջ ընդունված ռոտացիոն համակարգը, որը ենթադրում է բարձր առաջադիմութամբ, բայց վճարովի համակարգում սովորող ուսանողների տեղափոխությունն անվճար համակարգ և հակառակը: Բնականաբար, այս հնարավորությունը մեծ հույսեր է ներշնչում թե° երեխաներին, թե° ծնողներին, սակայն այստեղ հայտնվում է մի նոր բայց… Ռոտացիոն համակարգի մասին հարցմանը մասնակցած ուսանողների մի մասը պնդում է, որ այստեղ էլ շատ են անարդարությունները: Օրինակ` ընդունելության քննություններից հետո բուհ-ում «պատահաբար» հայտնված ուսանողը նույն այդ «պատահականության սկզբունքով» էլ իրեն սատարող դեմքերի ու դեպքերի շնորհիվ տարիներ շարունակ մնում է քննությունների «գերազանցային» հարթության վրա` աներևութացնելով իր կողքին օր ու գիշեր սովորող ուսանողի ջանքերն ու երազանքները: Թերևս մնում է նշանաբան ընտրել «Հավատքը նպաստում է հրաշքի իրականանալուն» ասացվածքը և հուսալ, որ ժամանակի ընթացքում յուրաքանչյուր ուսանող ըստ իր առաջադիմության և գիտելիքների պաշարի արդարացիորեն իր տեղը կգրավի բուհ-ում, որն էլ հենց մեծ կյանքի շեմքն է…

Էլեն ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ