«Ամենակարևոր մրցանակն այն է, որ լսում ու սիրում են քո երգերը»


Երգահան Սուսաննա Բարսեղյանը ստեղծագործում է երկար տարիներ: - Երգն ու երաժշտությունը միշտ էլ հոգեհարազատ են եղել ինձ, բայց երգահան դառնալ չէի էլ մտածում: Երգչուհի` միգուցե, ինչպես երազում են երաժշտասեր շատ աղջիկներ, բայց ոչ ավելին: Սակայն երևի Աստված այդպես կամեցավ, և երգը դարձել է իմ ողջ էությունը, ու երգով եմ արտահայտում իմ զգացածն ու ապրածը,- ասում է երգահան Սուսաննա Բարսեղյանը, ում երգացանկում գրեթե բոլոր ժանրերով ստեղծագործություններ կան, բացառությամբ մեկի. - Միայն ժողովրդականն է, որ չի ստացվում. մի քանի փորձ անելուց հետո հիմա նույնիսկ չեմ էլ փորձում: Պատճառն այն չէ, որ չեմ սիրում: Ընդհակառակը, կարելի է ասել, որ ամենաշատն եմ սիրում ժողովրդականը: Պարզապես այդ երգերը, իմ կարծիքով, շատ ավելի բարդ են ու անչափ պատասխանատու: Սուսաննա Բարսեղյանի երգերի լավագույն կատարողներից են Մայքլ Քոթանջյանը, Գոգան, Միքայել Պողոսյանը, Էմմին, Արմինկան, որոնց հետ համագործակցությունը շարունակվում է: Այժմ Սուսաննան համագործակցում է նաև «Դո-ռե»մի» ստուդիայի հետ, ու նրա գրած մանկական երգերը նորություն էին առաջին հերթին հենց իր համար: - Չէի էլ մտածել անգամ, որ կկարողանամ գրել մանկական երգեր: Մանկական առաջին երգս գրել եմ պատվերով, բայց հիմա իմ երգերի շարքում մանկական երգերն ունեն իրենց առանձնահատուկ նշանակությունը,- անկեղծանում է Սուսաննան: Երգահանն ասում է, որ իր երգերը ծնվել են ամենատարբեր հոգեվիճակներում, բայց մանկական երգեր գրելիս ինչ-որ տարօրինակ զգացում է առաջանում, մարդ կարծես բարի գործ է անում, մաքրվում է ու պայծառանում: Իր գործունեության ընթացքում Սուսաննայի երգերը տասնյակից ավելի մրցանակների են արժանացել, ու թեև բոլորն էլ շատ կարևոր են նրա համար, սակայն մի քանիսը առավել հոգեհարազատ են. - Կառանձնացնեմ «Զինվոր» մանկական երգիս համար ստացած մրցանակը, որը իրոք հաճելի անակնկալ էր: Իսկ վերջերս երգերիցս մեկն առաջին տեղ գրավեց հեռուստադիտողի քվեարկությամբ, ինչը վկայում է, որ երգը հոգեմոտ էր ունկնդրին: Իսկ ստեղծագործողի համար ամենակարևոր մրցանակն այն է, երբ մարդիկ լսում, գնահատում ու սիրում են քո երգերը:

Նարինե ՂԱԶԱՐՅԱՆ