Օրինական մորաքույրը


Բարաք Օբաման շատ ազգականներ ունի: Մարիխուանայի սիրահար նրա հարազատներից մեկին ոչ շատ առաջ հայտնաբերել էր մամուլը: Հիմա էլ քենիացի մորաքույր Զեյթունի Օնիանգոն է ի հայտ եկել, ով մինչև վերջերս ապօրինաբար ապրել է ԱՄՆ-ում: Եվ ապրիլի 1-ին դատարանը նրան թույլատրել է օրինական հիմունքներով մնալ երկրում` մինչև 2010 թ. փետրվարի 4-ը: Գաղտնակյաց մորաքրոջ գոյության մասին իմացվել է 2008-ի աշնանը` քարոզարշավի ընթացքում: Ընտրություններից մի քանի օր առաջ Բուշի վարչակարգը հրահանգ էր արձակել, որ երկրում ապօրինի ապրողներին կալանավորելու համար անհրաժեշտ է վերադաս ատյանների թույլտվությունը: Շշուկներ կան, որ բարձրաստիճան պաշտոնյա զարմիկն այդ կերպ մորաքրոջը փրկել է հետապնդումներից: Ընտրություններից հետո հրահանգը չեղյալ հայտարարվեց: Օբաման ասել է, որ ինքն անտեղյակ է «անլեգալ» մորաքրոջից: Իսկ նրան շրջապատողներն ընտրություններից առաջ հավաստիացրել են, որ նա չի նպաստել, որպեսզի 56-ամյա Զեյթունին ամերիկյան զբոսաշրջության վիզա ձեռք բերի և 2000 թ. Ամերիկա գալով` 2004-ին փախստականի կարգավիճակի փոխարեն երկրից հեռանալու պահանջ ստանա: Մեզ համար գուցե և անպատկերացնելի է, չէ՞°. երկրի նախագահի մորաքույրը նույն երկրի ապօրինի բնակիչ է` արտաքսման վտանգով: Օրենքի պահանջ է և այնպիսի պահանջ, որ նույնիսկ նախագահը փոխել չի կարող: Հո չի՞ գրանցելու իր նստավայրում` ընդունված չէ: Իսկ առանց գրանցման բնակվելու իրավունք չի տրվում. ժողովրդա վարական երկրում բոլորը հավասար են օրենքի առաջ: Այնպես որ` մինչև 2010 թվականը Օբաման պետք է մի բան մտածի: Միլիոնից ավելին չվերադարձան Չինաստան Բարեփոխումների քաղաքականությունն իրականացնող լավ մասնագետներ ունենալու նպատակով Չինաստանը 1,39 միլիոն ուսանողներ ու ասպիրանտներ էր ուղարկել արտերկրներ` ուսումնառության: Նրանցից, սակայն, ընդամենը 320 հազարն են հայրենիք վերադարձել. 1 միլիոնից ավելին նախընտրել է բնավորվել այն երկրներում, ուր գիտելիքներ է ձեռք բերել: Երկրի զարգացմանը նպաստելու նպատակով արտասահմանում ուսում ստացող երիտասարդների քանակն աճում է տարեցտարի: Եթե 1978-ին այդ թիվը եղել է 860, ապա 2008-ին արդեն 179,8 հազար ուսումնատենչ չինացիներ են հեռացել հայրենիքից: