ԱՆԿԵՂԾԱՆԱԼՈՒ ՊԱՀ`  ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻՆ 


 

Դրսի ցո՞ւրտն էր պատճառը, թե՞ ինչ, բայց չէի նկատել, որ արդեն գարուն է և Մարտի 8...

Մի պահ կանգ առա ու փորձեցի կանանց նվիրված այս գարնանային տոնը գարնանային համ ու հոտով շնորհավորել: Կանանց ինքնասիրությունն ու լսելիքները շոյող բառեր որոնեցի, բայց ոչ մեկը չհավանեցի. բոլոր հաճոյախոսությունները կեղծ ու ճռճռան թվացին: Չարչարվեցի, տքնեցի ու հասկացա, որ այս անգամ չի ստացվելու քաղցր-մեղցր բաներ հորինել: Միտքս Ազատության հրապարակն էր գալիս ու այնտեղ հավաքված մարդկանց բազմությունը, որ ամեն ելույթից հետո ալեկոծվում ու վանկարկում էր` Հա´-յա´ս-տա´ն, Հա´-յա´ս-տա´ն: Ու այդ բազմության վանկարկումների մեջ ամենից զիլ հնչում էին հատկապես կանանց ձայները: Ինչո՞ւ է մեզանում ամեն անգամ ընտրություն ներից հետո իրավիճակը լարվում, ինչի՞ց է, որ մենք միշտ բողոքում ենք, որ մեր ձայների հաշվարկը ճիշտ չի կատարվել, արդեն քսան տարուց ավել է` փորձում ենք մեր գլխի, մեր երկրի տերը լինել, մեր կյանքի տերը լինել ու չի ստացվում: Ինչո՞ւ... ո՞վ է խանգարողը...

Այսօր` Մարտի 8-ին, ընթերցողը կրպակից հեռանալիս նոր գնած թերթը շուռումուռ է տալու` էջերում Մարտի 8-ին նվիրված հոդված կամ գոնե մի երկու սիրուն տող գտնելու հույսով: Ու հիմա ինձ մնում է շնորհից զուրկ տղամարդկանց անունից նաև Նե´-րո´-ղո´ւ-թյո´ւն խնդրել կանանցից` մեր երազած երկիրը կառուցելն ուշացնելու համար, մեր կյանքի հիմնական բեռը շատ հաճախ նրանց փխրուն ուսերին ծանրացնելու, մեր երեխաների լիակատար երջանկությունը չապահովելու, մեր մայրերին, քույրերին, կանանց ու դուստրերին իրենց երազած երջանկությունը նվիրել չկարողանալու համար: Ուզում եմ նաև երախտիք հայտնել նրանց` մեր պայքարի ողջ ընթացքում, ինչպես ազատամարտում, այնպես էլ խաղաղ օրերում միշտ և ամենուր մեր թիկունքը դատարկ չթողնելու համար...

Շնորհավոր Ձեր Գարունը, սիրելի կանայք, Շնորհավոր Մարտի 8: 

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ