Մեղրին ահազանգում է 


 

Մեջբերումը մի հատված է` երկրիս Նախագահին ուղղված նամակից, որը Մեղրու ավագանու միաձայն հավանությանն է արժանացել:

Մտահոգությունն այնքան հիմնավոր է, ահազանգն այնքան ազդու, որ ավելացնելու ոչինչ չի մնում: Մնում է միայն սպասել մեղրեցիներին պատուհասելիք բնապահպա նական աղետի կանխմանը` չմոռանալով, որ հիրավի սահմանապահ այս տարածքը վտանգելը կարող է վտանգել մեր պետությունը:

- ...Տեսանելի է, որ գործարար աշխարհը` տիրապետելով ժամանակակից գերհզոր տեխնոլոգիաների, չունենալով պատշաճ խիղճ և պատասխանատվություն, անձնական շահը գերադասելով ազգային ու պետական շահից, քանդելով մեր սարերն ու լեռները` երկրամասը կարող է դարձնել մարդու կյանքի համար անպիտանի:

Նույնիսկ այսօր, երբ դեռևս հանքարդյունաբերությունն իր կանխատեսելի ծավալներից շատ հեռու է, արդեն անզեն աչքով, առանց հետազոտությունների տեսանելի է, որ տարածքում համատարած է աղեստամոքսային, հիպերտոնիկ, շնչուղիների և այլ հիվանդությունների աճը:

Մարդիկ դժգոհում-գանգատվում են, գլխացավերից, հոդացավերից, հոգնածության զգացողությունից: Ակնհայտորեն ավելացել են օնկոլոգիական (ուռուցքային) հիվանդությունները, խիստ տարածված է արյան բարձր խտությունը: Տարեցտարի անկում է ապրում հողի բերրիությունը, փոխվում է հողերի տեսքը, չորանում են ծառերը, բանջարեղեն գրեթե չի աճում, գյուղատնտեսությամբ զբաղվելը դառնում է անիմաստ:

Դատարկ ապարները, որոնք նույնպես թունավոր շատ նյութեր են պարունակում, ծածկում են շրջակա ձորերն ու կիրճերը և լեռնային գետակների զորությամբ լցվում Մեղրի գետը, այսինքն` ոռոգման համակարգ:

Տնտեսվարող սուբյեկտները, համապատասխան գերատեսչությունների թույլտվությամբ հասարակությունից ուղղակի գաղտնի մտնում են նաև ուրանի, թորիումի նախկինում հայտնաբերված տարածքներ (Լիճք, Տաշտուն, Լիճքվազ-Թեյ) և գունավոր մետաղների հավելյալ հետախուզական-որոնողական աշխատանքներ իրականացնում` ապագայում դրանց արդյունահանման նպատակով:

Տեղեկատվության բացակայությունը լուրջ ռիսկեր է ստեղծում ինչպես հանքերում աշխատող, այնպես էլ ազդեցության գոտում գտնվող բնակավայրերում ապրող մարդկանց համար, ովքեր հիմնականում աղքատ են և կարիք ունեն աշխատատեղերի, իսկ նշված ընկերությունների խոստումները սոցիալական ոչ բարվոք վիճակի համապատկերի վրա գայթակղիչ են: Եթե մեր տարածաշրջանի նկատմամբ վարվող քաղաքականությունը չփոխվի, ապա կասկածից վեր է, որ դրա արդյունքում Մեղրու շրջանը մեկ-երկու տասնամյակ անց կվերածվի անապատի` աղտոտված գետերով, թունավորված հողով, իսկ երեխաները կծնվեն հիվանդ և արատավոր, ինչի նշաններն արդեն իսկ երևում են: