ՕԵԿ-Ն ԷԼԻ ՊՈՊՈՒԼԻԶՄԻ ԵԹԵՐՈՒՄ Է ՍԱՎԱՌՆՈՒՄ 


 

Խորհրդարանական ընտրությունների ժամանակ խոստումների ամենահզոր ալիքը պատկանում էր «Օրինաց երկիր» կուսակցությանը, որն ուներ վարկանիշի և հանրային հակակրանքը հաղթահարելու խնդիր: Ըստ կուսակցության մի շարք անդամների` ՕԵԿ-ի խոստումները դուր կգային նույնիսկ ամենաքմահաճ ընտրողներին:

Եվ ընդհանրապես, այս կուսակցությունը  խոստումներ տալու և այսպիսով հանրությանը գայթակղելու մեծ փորձ ունի: Ինչպե՞ս կարող է քաղաքացին չընտրել նրանց, ովքեր  նոր աշխատատեղերի ստեղծումը, կենսաթոշակների բարձրացումն ու մենաշնորհների դեմ պայքարն իրենց համար որպես առաջնահերթություններ են ներկայացնում: 

2012-ին ՕԵԿ-ը  նախընտրական ծրագրում նաև  ներառել էր կրթական ոլորտի բարեփոխումների մի շարք հարցեր: Քարոզարշավի ընթացքում  Արթուր Բաղդասարյանին ուղեկցող  կոչերն էին ` ՀՀ-ում բուհական ոլորտին վերաբերող  մի շարք կուտակված խնդիրների, այդ թվում նաև կրթության կազմակերպումը, նոր սկզբունքների ներդրումը: ՕԵԿ-ը խոստանում էր  վերացնել բուհական ընդունելության քննությունները: Դրանք, ինչպես պնդում էր Ա. Բաղդասարյանը, շատ դեպքերում փող վաստակելու միջոց են դարձել:

Բուհական համակարգին առնչվող միջազգային բոլոր զեկույցներում, երբ խոսվում է կոռուպցիոն ռիսկերի մասին, մատնանշվում են հայաստանյան ընդունելության քննությունները:

- Ով ուզում է` թող գնա սովորի, լավ սովորելու դեպքում կտեղափոխվի երկրորդ կուրս: Այդպես են անում ողջ առաջադեմ աշխարհում,- նշում էր  Արթուր Բաղդասարյանը:

Այսօր նորից, երբ առջևում Երևանի ավագանու ընտրություններն են, ՕԵԿ-ը սկսել է «գրգիռներ»  տալ և նորից խոստանալ ընդունելության քննությունների վերացում:

Հասկանալի է, որ այս խայծը կարող են շատերը կուլ տալ, բայց արդյո՞ք կհավատան մի կուսակցության, որը վաղուց իր խոստումներով մի այնպիսի Հայաստան էր «կառուցել», որ ԱՄՆ-ն ու Ճապոնիան սկսել էին մեզ նախանձել...

Իհարկե, չենք կարծում, թե Արթուր Բաղդասարյանի կուսակցությանը հավատացողներ կլինեն, սակայն խնդիրն այն է, որ իսկապես անհրաժեշտ է Հայաստանում գնալ դեպի բարձրագույն կրթության բարեփոխումները, վերացնել ավարտական-ընդունելության քննությունները, որոնք պատուհաս են դարձել շատերի համար: Հազիվ թե մեզանում դիմեն նման քայլի և հրաժարվեն քննություններից, որովհետև դրանք հարստացնում են շտեմարաններ կազմողներին, ընդունելության քննությունների հանձնաժողովներին, բազմաթիվ կրկնուսույցներին, որոնց մեջ մեծ թիվ են կազմում համալսարանական դասախոսները: Այս կերպ Հայաստանում կփակվի ևս մի կոռուպցիոն երակ: Եթե իսկապես ՕԵԿ-ին հաջողվի հասնել դրան ու Հայաստանում արմատավորել բուհ ընդունվելու նոր կարգ, ապա դա մեր գլխավոր ձեռքբերումը կլինի...