Վշտից խենթացել են 


 

Վենեսուելացիներին «Գնա մեռի, արի սիրեմ» «սկզբունքի» հետևորդներ չի կարելի համարել: Իրենց առաջնորդի հանդեպ սերը նրանք արտահայտել են Ուգո Չավեսի կենդանության օրոք, ու հիմա միանգամայն անկեղծ են այն արցունքները, որոնք սեղմվել են մարդկանց կոկորդում:

Առաջնորդը նրանց միայն մի հարցում էր «խաբել». հավաստիացրել էր, թե առողջությունը վերականգնվում է: Եվ նրա մահվան բոթը հարյուրավոր շարքային քաղաքացիների հավաքեց Կարակասի զինվորական հոսպիտալի մոտ, ուր վերջին 2 շաբաթների ընթացքում քիմիաթերապիա էր անցնում Ուգոն: «Վշտից խենթանալ» ասվածը ամենադիպուկ նկարագրությունն է այդ մարդկանց հոգեվիճակի: Իսկ նման պոռթկումներն առանց միջադեպերի չեն անցնում:

Կարակասցիներն էլ, երևի, լրագրողներին չեն սիրում: Եվ ահա ողբացող մարդկանց կողքին հայտնվել է RCN հեռուստաալիքի լրագրողուհի Կարմեն Անդրեա Ռենխիֆոն ու օպերատորի հետ ռեպորտաժ է փորձել նկարահանել Չավեսի մասին` հոսպիտալի տեսարանով (հաղորդել է NTN 24-ը): Ամբոխային բնազդով` հավաքվածները հարձակվել են աղջկա և օպերատորի վրա:

- Ես հազիվ էի սկսել տեքստը կարդալ, երբ ամբոխի միջից թշնամական գոռգռոցներ լսեցինք: Հետո դեպի մեզ նետվեցին մի աղջիկ ու մի տղա և սկսեցին մեզ ծեծել: Մենք փորձեցինք փախչել, բայց ամբոխի միջով անցնելիս` ավելի շատ ցասում հարուցեցինք: Մեզ հետ կռվում էին բոլորը` տղամարդիկ, կանայք, տարեցները, դեռահասները: Հարվածում էին բռունցքներով, ձեռնափայտերով, մոտոցիկլիստի սաղավարտներով,- Ei PΖis-ին պատմել է լրագրողուհին:

Իրականում այդ մարդիկ վրեժխնդիր են եղել: Ականատեսների պնդմամբ` Կարմենի հանդեպ այդ վերաբերմունքը ձևավորվել է նրա մասնագիտական գործունեության արդյունքում: Ներկաները մանրամասնել են, թե նա աշխատում է ընդդիմադիր հեռուստաալիքում և ճանաչվել է նրանով, որ մի քանի ամիս առաջ փորձել է Չավեսին անպատեհ հարցեր տալ (գրել է AntenΖ 3-ը):

Այս աղմկալի ինքնադատաստանը, սակայն, մարդկանց ուշադրությունը չի շեղել իրականությունից: Որպես երկրի ճշմարիտ քաղաքացիներ` հավաքվածները երգել են Վենեսուելայի հիմնը` վանկարկելով. «Չավեսը մի´շտ կլինի, մենք կշարունակենք հեղափոխությունը», «Չավե´ս, հանգչիր խաղաղությամբ. քո ժողովուրդը քեզ հետ է»...