Վարչապետությունը` 1,1 մլրդ դոլար 


 

Աճուրդով կամ կաշառքով պաշտոն գնելու մասին չէ խոսքը, այլ` ամենաազնիվ ճանապարհով աղքատանալու: Գործարարները սովորաբար պաշտոն են ձեռք գցում` ունեցվածքը բազմապատկելու: Մեր հարևան երկրի հաղթող ընդդիմության, հիմա արդեն նաև գործադիր իշխանության ղեկավարի բանկային քսակը պակասել է 1,1 միլիարդ դոլարով:

Վրաստանի ամենահարուստ մարդը` Բիձինա Իվանիշվիլին համաշխարհային միլիարդատերերի վարկանիշային ցանկում անցյալ տարի զբաղեցրել է 153-րդ հորիզոնականը, այս տարի «վայրէջք» է կատարել` հանգրվանելով 229-րդում: Այն ժամանակ նրա ունեցվածքը գնահատվել է 6.4, իսկ այս տարի` 5.3 միլիարդ:

Այս տվյալները հրապարակելով, Forbes հանդեսը նաև «աղքատացման» պատճառն է փորձում հիմնավորել. Իվանիշվիլիի ակտիվները նվազել են ՌԴ-ում իր բիզնեսը վաճառելու հետևանքով: Ընտրություններից մեկ տարի առաջ էր նա այդ քայլին դիմել, որպեսզի «վրաց քաղաքացիների շրջանում հարց չծագեր Ռուսաստանում ունեցվածքի մասին»:

Չորս ամիս առաջ (դարձյալ` ամերիկյան հրատարակության տվյալներով) վաճառվածի ընդհանուր գումարը կազմել է 1.3 մլրդ դոլար: Իսկ վերջինը` 2012-ի սեպտեմբերին, «Ստոյլենսկայա նիվա» գյուղատնտեսական ընկերությունը նա վաճառել է 180 միլիոն դոլարով:

Ասում են` Իվանիշվիլիի արվեստի ստեղծագործությունների հավաքածուն գնահատվում է միլիարդավոր դոլարներով: Դիցուք, Պաբլո Պիկասոյի «Դորա Մարը կատվի հետ» կտավը դեռևս 2006 թ. նա գնել է Sotheby&undefined;s աճուրդում` 95 միլիոն դոլարով:

Ի դեպ, 2013 թ. աշխարհի ամենահարուստ մարդու կոչմանը վերստին արժանացել է մեքսիկական հեռահաղորդակցության մագնատ Կառլոս Սլիմը, ում ունեցվածքը գնահատվել է 73 միլիարդ: Նրան հաջորդում է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը (67 միլիարդ դոլար):