ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿ

նո՞ր արդյոք 


 

Րաֆֆի Հովհաննիսյանն, իհարկե, քաջ գիտակցում է, որ Սահմանադրական դատարանը չի վերանայելու ընտրությունների արդյունքները, երկրորդ փուլ չի հայտարար վելու, ուստի հենց ստվերային ալյանսի կամքը կատարելով, նա վառ է պահում հանրահավաքային կրքերը, որպեսզի դրանք շարունակվեն մինչև ավագանու ընտրությունները:

Քաղաքական դաշտում չափազանց հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում: Դաշնակցությունը միանում է Րաֆֆի Հովհաննիսյանին, ԲՀԿ-ն միավորման քայլեր է անում, իսկ առջևում Երևանի ավագանու և քաղաքապետի ընտրություններն են: Հազիվ թե «Բարգավաճ Հայաստանի» քայլերը հեռու լինեն ընտրությունների համատեքստից: Այս կուսակցությունը մասնակցելու է ավագանու ընտրություններին: Եվ, ինչպես արդեն հաստատվում է, համամասնական ցուցակը գլխավորելու է Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը: Նշանակում է, Քոչարյանը շատ է կամենում իր որդուն տեսնել քաղաքապետի պաշտոնում` այսպիսով նաև ապահովելով 2018-ին իր վերադարձը նախագահական: Իսկ այս ծրագրի իրականացման համար անհրաժեշտ են համապատասխան ռեսուրսներ: Այսօր այդ ռեսուրսներն ունի Րաֆֆի Հովհաննիսյանը, ով Երևանում ևս բազմաթիվ ձայներ է հավաքել: Հետևաբար, ԲՀԿ-ն արդեն կամաց-կամաց մոտենում է ընդդիմադիր դաշտին: Եթե Երևանի ավագանու ընտրությունների նախօրյակին ստեղծվի ԲՀԿ-Ժառանգություն-ՀՅԴ ալյանսը, չի բացառվում, որ քաղաքապետի պաշտոնն անցնի այս ալյանսի ներկայացուցչին: Հենց սա է ազգային համաձայնության կառավարութ յան ծառուկյանական տեսլականը: Ժամանակին առաջարկելով ազգային համաձայնության կառավարության գաղափարը, մենք նկատի ունեինք ՀՀ կառավարությունը, որը պիտի ձևավորվի իշխող ուժի և 500 հազարից ավելի ձայներ ստացած Րաֆֆի Հովհաննիսյանի միջոցով: Երկրի իշխանությունները մերժեցին Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկությունը` այսպես հասկացնելով, որ իշխող կուսակցությունը մտադիր չէ կորցնել իր հնարավորությունները և զիջել իշխանությունը: Հովիկ Աբրահամյանի մոտ կայացած քննարկման ժամանակ ԱԺ նախագահը կտրուկ մերժել է ազգային համաձայնության կառավարության ձևավորման գաղափարը: Սա արդեն յուրատեսակ մարտահրավեր էր ընդդիմադիր կեցվածք ունեցող բոլոր քաղաքական ուժերին, ովքեր այժմ կամենում են համախմբվել և առաջին հերթին Երևանում ստեղծել ազգային համաձայնության մոդելը` հող նախապատրաստելով կառավարության նոր մոդելի ստեղծման համար:

Հասկանալի է, որ Երևանն ընդգրկում է ՀՀ բնակչության մեկ երրորդը, այն երկրի մայրաքաղաքն է, ուստի այստեղ հաստատելով ընդդիմության իշխանությունը` ալյանսը կարող է դյուրությամբ լուծել երկրում իշխանափոխության հարցը: Թերևս հենց սա է Ռոբերտ Քոչարյանի ցանկությունը, ով այսօր օգտագործում է նաև Դաշնակցությանն ու «Ժառանգությանը»: Դաշնակցությունը միշտ էլ կանգնած է եղել Ռոբերտ Քոչարյանի կողքին. այս կուսակցությունը նրան է պարտական իր վերհառնումի համար: Իսկ ահա Րաֆֆի Հովհաննիսյան-Դաշնակցություն սիրախաղը միշտ էլ հայտնի է եղել բոլորին: 

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ