«Տանգո»` Հանրապետության հրապարակում 


 

Օրերս տապալվեց Հայաստանի կառավարության թիվ 2 մասնաշենքի հերթական աճուրդը: Այսինքն` այս անգամ էլ Արտգործնախարարության շենքը նոր գնորդներ չունեցավ: Ուրեմն, կարող ենք վստահաբար փաստել, որ աճուրդը չի կայացել:

Կառավարությունում մեծագույն ջանասիրությամբ պատրաստվել էին աճուրդին, նախապատրաստել դահլիճը, ստեղծել բոլոր պայմանները, սակայն այդպես էլ որևէ գնորդ չներկայացավ ու հայտ չներկայացրեց: Աճուրդի կենտրոնի տնօրեն Լյուդվիգ Գրիգորյանն այդ ամենից հետո դարձավ անտրամադիր ու ստիպված եղավ հայտարարել աճուրդը չկայանալու մասին: Իհարկե, առանձնապես համոզիչ չէր Լ. Գրիգորյանի «վատ տրամադրությունը», որովհետև ակնհայտ էր, որ գործ ունենք հերթական «բեմադրության» հետ, որը կարող ենք կոչել` «երևութական աճուրդ, կամ` խաղ առանց կանոնների»...

Քանիցս նշել ենք, որ ՀՀ կառավարությունն աճուրդի համար մեկնարկային գին սահմանել էր 51 մլն 270 հազար 840 դոլարին համարժեք դրամը: Սա այն նվազագույնն էր, որը հավանաբար վաղօրոք համաձայնեցվել էր միակ գնորդի հետ, ում պիտի նվիրաբերվի Հայաստանի պատմամշակութային հարստություններից մեկը: Այսինքն, ամիսներ առաջ որոշվել էր, որ շենքը վաճառվելու է հենց բոլորին հայտնի արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին:

- Նախապես ինչպես որ պայմանավորվածություն կար «Տանգո» ընկերության հետ, հենց այդ պայմանավորվածությունն էլ ուժի մեջ է լինելու,- ասաց Լյուդվիգ Գրիգորյանը: 

Այսինքն, այս մարդն էլ չուզեց դառնալ վատ կատակերգության մասնակից ու ազնվորեն բացեց խաղաքարտերը: «Տանգո» ընկերության անվան տակ հանդես է գալիս ինքը` Էռնեկյանը. մի մարդ, ով վաղուց «Զվարթնոց» օդակայանը վերածել է մի այնպիսի կառույցի, ուր առաջին քայլից սկսում են մարդկանց բարոյական ճնշումների և ստորացումների ենթարկել: Էռնեկյանը բազմաթիվ անգամներ վիրավորելով հայաստանցիների արժանապատվությունը, «Արմավիային» է կանգնեցրել փաստի առջև` վերջինիս անքաղաքավարի կեցվածքն ու մարդկանց հանդեպ քամահրանքն առավել խորացնելով: Հիմա էլ այս պարոնը աչքը տնկել էր կառավարության երկրորդ մասնաշենքի վրա ու ծածուկ գործարքով աճուրդը վերածեց իսկական զավեշտի:

- 142 հազար քմ տարածքով շենքը «Տանգոն» պատրաստ էր գնել 51,2 մլն դոլարով, այսինքն այնքանով, որքանով կառավարությունը հետագայում սահմանեց աճուրդի մեկնարկային գին: Ըստ պայմանավորվածության, Արտաքին գործերի, Էներգետիկայի և Տարածքային կառավարման նախարարությունները շենքից դուրս էին գալու այն ժամանակ, երբ պատրաստ կլիներ Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող շենքը: Սակայն տարեվերջին կառավարությունը որոշումը փոխեց ու չբացառեց, որ այն վաճառվի շատ ավելի թանկ, քան Էդուարդո Էռնեկյանի առաջարկած գումարը: Այդ ժամանակ Պետգույքի կառավարման վարչության պետն ասաց` ավելի թանկ գին տվող լինի, Էռնեկյանին շենքը չեն տա:

Ահա սա էր կառավարության հերթական «բացատրությունը»: Բայց ի սկզբանե պարզ էր, որ ցանկացած աճուրդ տապալվելու էր` Էռնեկյանին «չնեղացնելու» համար:

Զարմանալի է, իհարկե, որ ՀՀ ճարտարապետների միությունը, որը վայնասուն էր բարձրացրել, երբ Մաշտոցի պուրակի մի լքված ու ավերված անկյունում, բյուջեի միջոցներին վնաս չտալով ու պետությունից չթալանելով` Սոս Սարգսյանը կամենում էր թատրոնի շենք կառուցել: Հիմա ընդամենը բավարարվել է ՀՀ Նախագահին հղված մի նամակով: Այդ նամակում ասվում է, որ չի կարելի վաճառել այս շենքը և դարձնել հյուրանոց: Դե, Նախագահը նամակը կուղարկի Վարչապետին, Վարչապետն էլ կփորձի երևի ինչ-որ հիմնավորում գտնել: Ուրիշ ի՞նչ կարող է անել. չէ՞ որ խոսքն Էռնեկյանի մասին է:

Լ. Մ.