Բժշկական աղբը Հայաստանում 


 

Նուբարաշենի աղբանոցը, որտեղ մայրաքաղաքի (և ոչ միայն) աղբն է կուտակվում, զբաղեցնում է 52,3 հա տարածք` 38 մ խորությամբ: Այստեղ մոտ 7 մլն տոննա աղբ է կուտակված, օրական բերվում է մոտ 650 տոննա, և այն մշտապես ծխում է: Այրվում է աղբակույտի ներսում գոյացող մեթանը: Ծխի սյուները տարածում են թերայրման արդյունքները` պոլիարոմատիկ ածխաջրածիններ, շմոլ գազ, դիօքսիններ, ցիանիդներ:

Կա թափոնների հատուկ տեսակ, որը քաղաքային աղբանոց տանելը կտրականապես արգելվում է, քանի որ դրանք տարբեր վարակների փոխանցման, տարածման առումով վտանգավոր են հենց ի հայտ գալու պահից: Խոսքը բժշկական թափոնների մասին է, որոնցից ազատվելու ամենահուսալի, էժան և անվտանգ ճանապարհը համարվում է այրումը:

Ըստ բնապահպան Լիլիթ Տեր-Վարդանյանի` բժշկության մեջ օգտագործվում են այնպիսի նյութեր, տարատեսակ թթուներ, որոնց բաղադրությունը խիստ բազմազան է: Այդ նյութերը միմյանց հետ փոխազդելուց հետո թափվում են հողի վրա, ինչի հետևանքով հողը թունավորվում է: Վտանգը առավել մեծ է, եթե դա հատկապես սննդամթերքի հետ առնչություն ունեցող տարածք է:

- Նյութերը միմյանց մեջ շուտ են ներթափանցում, որովհետև երկրագունդը բաց համակարգ է: Ամեն ինչ մթնոլորտից հեշտությամբ անցնում է քարոլորտ, այնտեղից ջրոլորտ` փակ ցիկլով: Այդպես այդ թունավոր նյութերը կարող են բոլոր ոլորտների մեջ հայտնվել,- տեղեկացնում է Լ.Տեր-Վարդանյանը:

Մայրաքաղաքում կենսաբժշկական թափոնների ոչնչացման մասնագիտացված հրկիզարանը վերջերս է ստեղծվել: Մեկ օրվա ընթացքում հրկիզարան տեղափոխված մոտ 100 կգ կենսանյութը վերամշակվում է մի քանի ժամվա ընթացքում: Բժշկական թափոններից առանձնացված պլաստիկե թափոնները կուտակվում են երկրորդական վերամշակման համար: Բացի այս հրկիզարանից, հանրապետությունում` Էջմիածին քաղաքում, գործում է բժշկական թափոնների ոչնչացման հայ-գերմանական համատեղ գործարանը, որն իր տեսակի մեջ միակն է Հարավային Կովկասում:

Գործարանն աշխատում է մեկ վառարանով, որը 1500-1600 ջերմաստիճանի տակ, այրման եղանակով վնասազերծում է մետաղական և ոչ մետաղական թափոններից առաջացած գազերը: Ըստ տնօրեն Անժելա Մովսիսյանի ` ընկերությունը պայմանագրեր ունի բժշկական մեկ տասնյակից ավելի կազմակերպությունների հետ:

- Թափոնների համար հիգիենիկ, մեկանգամյա օգտագործման տարաներ ենք տրամադրում բուժհիմնարկներին և հատուկ մասնագիտացված մեքենաների միջոցով դրանք տեղափոխում գործարան,- նշում է Ա. Մովսիսյանը:

Հին դեղորայքից բացի, թափոններ ասվածի մեջ ներառվում են նաև վիրակապերը, գիպսակապերը, մեկանգամյա օգտագործման սպիտակեղենը, ներարկիչները, հերձադանակները, մարմնի մասերը, օրգանների մնացորդները, արյան պարկերն ու պահածոյացված արյունը, գունավոր մետաղ պարունակող քիմիական միջոցները, հանքային յուղերը...

Էկոլոգ Լիլիթ Տեր-Վարդանյանի կարծիքով` անհրաժեշտ է վերահսկողություն սահմանել հատկապես աղբի այդ տարատեսակի վրա:

- Իհարկե, չենք կարող ասել, թե ո՞րն է ավելի վնասակար` բժշկակա՞ն աղբը, թե՞ արդյունաբերական: Յուրաքանչյուրն իր հերթին վտանգավոր է մարդու, ինչպես նաև բուսական և կենդանական աշխարհի տարբեր ներկայացուցիչների համար,- հավաստիացնում է Լ. Տեր-Վարդանյանը: 

Գոհար ԽՈՒՄԱՐՅԱՆ