Հնարամիտը` հնարամիտ է, բայց հիմա նա հազիվ թե գոհ լինի դրանից:

Պեկինի մետրոյի ծանրաբեռնվածությունն աշխարհին է հայտնի: Անցյալ տարի այն տեղափոխել է 2,1 միլիարդից ավելի մարդ: Եվ ահա պեկինցի մի կին, ում լրատվամիջոցները պարզապես Չժանգ են անվանել, որոշել է աշխատանքի գնալ ու վերադառնալ «արագ, էժան ու հարմարավետ»: Հարմարավե´տ, այսինքն հրմշտոցից հեռու, նստած: Ու որպեսզի միշտ իրեն տեղ զիջեն, նա սկսել է հղի ձևանալ: Դե, 21-րդ դարում «տեխնիկական» նման հնարանքները քչություն չեն անում: Ի˜նչ բարձ, նա փորին ամրացրել է սիլիկոնային որովայն, որը շատ նման է բնականին:

Չինացիները հարգում են հղիներին, և Չժանգը սկսել է նստած երթևեկել, առանց հրմշտոցի մետրո մտնել-ելնել: Բայց մի օր հանկարծ սիլիկոնը պոկվել ու վայր է սահել` մատնելով սարսափահնար «հղի» կնոջը: Ականատեսները զարմացել ու ծիծաղել են, նրան տեղ զիջողն անգամ չի զայրացել, փոխարենը Չժանն է գազազել և մայրաքաղաքի առևտրային պալատին բողոք է ներկայացրել` սիլիկոնային որովայն արտադրողների դեմ: Ի դեպ` այդ որովայնն արժե 300 յուան (52 դոլար): Նա մեղադրել է ֆիրմային (որի անունը չի նշվում) և հայտարարել, որ դրա փնթիությունն իրեն բարոյական մեծ տառապանքներ է պատճառել:

Արտադրողն, իհարկե, հերքել է «սուտ հղիի» հայցը և հիմնավորել, որ այդ կինը սպառող համարվել չի կարող, որովհետև իրենց արտադրանքից նա չի օգտվում ամեն օր: