ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ


«Գունավորող» քավորի կենացը Վերջերս Թբիլիսի այցելած Յուշչենկոն Սահակաշվիլու հետ խմել է Քավոր Սեմի «թանկագին» կենացը և մաղթել նրան բազմաթիվ նոր սանիկներ` հանձին ԱՊՀ երկրների: Մարսելու բան չի Ասում են` ժողովուրդը ընտրակաշառքը «ուտում» է համամասնորեն, բայց «մեծամասնորեն» չի մարսում: Անորոշ վախ ապարանցիներից Ինչպես երևում է, Արտաշես Գեղամյանը Նապոլեոն Ազիզյանի «դեպքից» հետո տառապում է հակաապարանյան սինդրոմով, այլապես Աղասի Արշակյանի անունը ԱՄ-ի համամասնական ցուցակի «լուսանցքում» չէր հայտնվի: Իսկ «խեցգետինները ձմեռում են» ԱԺ-ից դուրս Ըստ մեզ հասած տեղեկությունների` Ստեփան Դեմիրճյանը նպատակադրված որոշել էր պատժել «Արդարություն» դաշինքի ինքնագործունեությամբ զբաղվող լիդերներին, ասելով` «ԱԺ ընտրությունների հաջորդ օրը նրանք կհասկանան, թե որտեղ են խեցգետինները ձմեռում»: Եթե... խցերը ծառայեն իրենց նպատակին Եթե մայիսի 12-ին ընտրողները հայտնվեն ընտրախցերում, իսկ կեղծարարները` մենախցերում, Հայաստանի զարգացման «խցանումներն» էլ այլևս կվերանան: Մաքուր և ցեխոտ ձեռքերի մի տխուր պատմություն Վերջերս հայտնի թերթերից մեկի հայտնի լրագրողը` ամբողջ լրատվական դաշտը «ցեխը կոխեց-հանեց»: Եվ ոտքից մինչև գլուխ ցեխակոլոլ եղած` այդպես էլ չհասկացավ, որ «թքում է այն ջրհորի մեջ», որից ամենաշատը հենց ինքն է «ջուր խմում»: Ցեխապաշտության մոլագարության դեպքը, թերևս, ժամանակային առումով լրիվ համընկնում է «մաքուր ձեռքերով» մարդու` սույն լրագրողից ձերբազատվելու հետ: Այսպիսով, լրագրողական համերաշխության «հերն անիծողը» դարձավ մամուլի Հերոստրատ: Ականջդ կանչի, Ցոլակ Դարբինյանի «քեռակին» Հեղափոխականորեն տրամադրված կուսակցությունների միավորման ձախողումը ապացուցում է, որ սույն ուժերի «քեռակինը» ոչ միայն չի ապաքինվել, այլ բավական վաղուց կնքել է իր մահկանացուն: Դիտարկում Պաշտոնական քարոզարշավի ժամանակ որոշ կուսակցություններ քարոզելով են արշավելու, որոշներն էլ`արշավելով են քարոզելու: Մարտի են գնում ոչ միայն ծերունիները Հայաստանը ուժեղ, բայց ոչ ուժային տեսնելու հեռանկարը «Ժառանգություն» կուսակցության գլխավոր նպատակն է: Բազմիցս բռնաճնշումների ենթարկված կուսակցությունն, այնուամենայնիվ, պատրաստվում է, անգամ անհավասար պայմաններում, մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Քաջ գիտակցելով, որ պայքարն իրականում ընդդիմության և իշխանամետության միջև չէ, այլ երկրի անցյալի և ներկայի, որոնց ետևում կանգնած են հայրենի քաղաքական ուժերը, կուսակցության նախագահ Րաֆֆի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ երբևէ չտատանվեց իր դիրքորոշումներում և, ի տարբերություն ընդդիմություն-իշխանություն երթուղում դեգերող քաղաքական գործիչների, բարձր պահելով իր բարոյական նկարագիրը, պատրաստ է մասնակցել ընտրություններին: - Սա քմահաճույք չէ, սա գիտակցված քաղաքացիական որոշում է, հայրենիքի նկատմամբ սեր, նվիրում, ծառայություն: «Ժառանգությունը» նորաստեղծ կուսակցություն չէ, այլ բոլորի ժառանգությունը, որն անցյալից ստանում ենք իր թռիչքներով, սխրանքներով, բացթողումներով, իմաստավորում ենք ներկա կյանքով և փոխանցում հաջորդներին, իսկ հաջորդը որպես ժառանգություն պիտի ստանա ժողովրդավարական, իրավական պետություն»: Մեծամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու նախկին որոշումը փոխարինվեց կուսակցության վարչության նիստում հաստատված ցուցակով, որն ունեցավ համամասնական հնչեղություն: Ակնկալիքներն ինքնին հստակ են` ամեն ինչ անել այս իրավիճակում բեկում մտցնելու համար: Սակայն խորհրդարանում մեծամասնություն կազմելու համար «մի ձեռքով ծափ չես տա», իսկ ներկայիս ընդդիմադիր դաշտի պառակտվածությունը առանձնակի հույսեր չի ներշնչում: Առանձին-առանձին գնալու դեպքում ուժերի լրացուցիչ փոշիացումն անխուսափելի է: Քաղաքական զարգացումների վրա լուրջ ազդեցություն կարող է ունենալ միայն ծանրակշիռ ընդդիմությունը: Այնինչ «Ժառանգության» համամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների` հանուն արդար ընտրությունների համախմբված պայքարի ուղերձը մնաց ձայն բարբառո հանապատի, և այդպես էլ «Հանրապետության», ՀԺԿ-ի, հնչակյանների և մյուսների հետ չստեղծվեց հատվածային ընդդիմադիր դաշտ: Ընտրարշավի գոնգն արդեն հնչել է, և մրցավազքի ելած կուսակցությունները դժվար թե ընդունակ լինեն միմյանց հաջողություն մաղթելու ասպետական քայլին, քանի որ յուրաքանչյուրն իր հոգում փայփայում է եզրագծին առաջինը հասնելու բաղձանքը: Րաֆֆի Հովհաննիսյանն, այնուամենայնիվ, իր մրցակիցներին հաջողություն է մաղթում: - Պարկեշտ քաղաքական պայքար թող լինի, փոխադարձ հարգանքի, ազատ մրցակցության վրա խարսխված պայքար թող լինի: Այսօրվանից մենք դնում ենք հավասարության պահանջ: ՀՀԿ-ին, «Բարգավաճ Հայաստանին», ՀՅԴ-ին, ընդդիմադիր մեր գործընկերներին կոչ ենք անում ապահովել այդ հավասարությունը: Թող արժանավորը հաղթի, այլ ոչ թե շատ խոսողը կամ շատ փող ունեցողը: Մենք պատրաստ ենք մեր ձեռքը մեկնել ցանկացած մրցակցի: Եվ ասում ենք` հավասար պայմաններում մենք ենք հաղթելու և մենք արձանագրելու ենք այսօրվանից մինչև մայիսի 12-ը` որ հայը առաջին ազատասերն է և գիտե, որ ազգային արժեքները, քաղաքացիական ազատությունը և ժողովրդավարական համակարգը անբաժանելի տարրեր են: Սա է մեր ճանապարհը, և այդ ճանապարհը գնալու ենք միասին:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ