ԱԶԱՏ, ԱՐԴԱՐ ԵՎ ԹԱՓԱՆՑԻԿ


 

- Ամեն ինչ կերևա ընտրություններից հետո, կոնկրետ այստեղ ՀՀԿ-ն նաև շատ կարևոր խնդիր ունի, որպեսզի կարողանա ապահովել թափանցիկ, արդար մրցապայքար: Ես օրերս պատահաբար հանդիպել եմ Սասուն Միքայելյանին, զրուցել ենք, ես իմ կուսակցության կարծիքը ասել եմ, որ ՀՀԿ-ն շահագրգռված է, որպեսզի լինի ազնիվ, թափանցիկ ընտրապայքար, որովհետև մեզ համար ժողովրդավարական արժեքներն այլընտրանք չունեն և հենց առաջինը մեզ է անհրաժեշտ, որպեսզի թե´ տեղական ինքնակառավարման մարմինների, թե´ համապետական ընտրությունների ժամանակ կարողանանք ապահովել նորմալ ընտրություններ:

Օրերս նման հայտարարություն է արել ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Անշուշտ, փոխխոսնակի անկեղծությունը չի կարող կասկածի առիթ տալ, մանավանդ` որ ականատես ենք եղել նրա և Սասուն Միքայելյանի անմիջական զրույցին: Իսկ հայտարարության հենց սկզբնամասում Շարմազանովը պատասխանում է այն հարցին, թե` հնարավո՞ր է նոր կոալիցիոն հուշագրի ստորագրում: Եվ չի հերքում, որ ամեն ինչ հնարավոր է:

Այո´, հնարավոր է, քանզի այսօր կոալիցիոն գործընկերներից ոչ բոլորն են պաշտպանում միասնական խաղի կանոններն ու ոչ բոլորն են գիտակցում այն պարզ ճշմարտությունը, որ հատկապես ընտրություններից առաջ ամեն մի խզում կարող է լուրջ ցնցումներ առաջացնել քաղաքական դաշտում և զրոյացնել այն ձեռքբերումները, որոնք գրանցվել են մոտ չորս տարիների ընթացքում: Դեռևս 2008-ին ստորագրված կոալիցիոն հուշագիրը ոչ միայն նպաստեց երկրում խաղաղության հաստատմանը, այլև կանխեց անհաճո բազմաթիվ զարգացումներ, ստեղծեց միասնական ուժի փիլիսոփայությունը, որն անհրաժեշտ է զարգացման ուղիով ընթացող ամեն մի երկրի համար: Ոչ միայն զարգացող, այլև` ժողովրդավա րությունն իբրև գերակա արժեք հռչակած երկրի: Իսկ մենք մեզ ժողովրդավարության ջատագով ենք համարում: Հենց վերջերս միջազգային դիտորդ կազմակերպությունների հրապարակած տվյալները` որ հայաստանյան մամուլը դարձել է առավել ազատ` արդեն վկայությունն է այն իրողության, որ ժողովրդավարության կարևորագույն հենարաններից մեկն այսօր աստիճանաբար ձերբազատվում է ճնշումներից, իսկ իշխանություններն էլ նպատակադրվել են չմիջամտել «չորրորդ իշխանության» գործունեությանը:

Ժողովրդավարացման կարևորագույն խնդիրներից մեկն էլ ազատ և արդար ընտրությունների կազմակերպումն է, ինչն այսօր մտահոգում է ինչպես ընդդիմությանը, այնպես էլ իշխանություններին:

Է. Շարմազանովը ոչ պատահականորեն է հիշատակել Սասուն Միքայելյանի հետ ունեցած զրույցը, որովհետև ՏԻՄ ընտրությունները յուրատեսակ փորձաքար են դառնալու բոլորի համար` համապետական ընտրությունների կազմակերպման նախադռանը: Հրազդանում փետրվարի 12-ին քաղաքապետի ընտրություններ են, առաջադրված թեկնածուներից մեկը նախկին ազատամարտիկ և ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանն է: Արդեն իսկ նկատելի են դառնում ոչ հաճելի «ինքնագործունեության» նշաններ, արդեն իսկ ընտրությունները հայտնվում են փակուղում, որովհետև տեղական որոշ իշխանիկներ որոշել են «Հռոմի պապից էլ ավելի կաթոլիկ» երևալ ու միջամտել ընտրությունների ընթացքին: Մինչդեռ Հանրապետական կուսակցությունը` պաշտոնապես հայտարարելով իր թեկնածուին պաշտպանելու մասին, չի հրահանգել քաղաքում ստեղծել վախի մթնոլորտ, պետական լծակներն օգտագործել հանուն սեփական թեկնածուի հաղթանակի: Հենց նման փաստերն են, որ անհանգստացնում են այսօր բոլորին` երկրի նախագահից սկսած: Ոչ թե եվրոպական տարբեր կառույցների, այլ հենց մեզ համար են պետք արդար ընտրությունները:

Այսօր արդեն երկրի նախագահն է հրամայական համարում արդար ընտրությունները և ողջ պատասխանատվությունը ստանձնում է անձամբ: Սա նշանակում է, որ արդեն մեր պատմության մեջ եկել է մի ժամանակաշրջան, երբ ինքներս պիտի գնանք ինքնամաքրումի, քաղաքական մշակույթի արժեքների հաստատման և ժողովրդավարական ըմբռնումների հաստատման: Ինչպես ասում են` այլընտրանք և այլ ճանապարհ չունենք:

Մենք անցնող տարիներին տեսանք, թե ինչպես ոմանք փորձեցին կեղծել ընտրությունների արդյունքները` վասն համայնքապետի պաշտոնի, թե ինչպես ոմանք փորձեցին մարդկանց մեջ մեռցնել հավատը, 3-5 հազար դրամներով կաշառել ընտրողներին ու տեղեր գրավել խորհրդարանում: Ընտրվեցին և մոռացան իրենց ընտրողներին, մոռացան ժողովրդի ու պետության շահերի և իրավունքների մասին: Այդ պատճառով էլ Հայաստանը դեռևս չի կարողանում լուծել իր առջև հառնող սոցիալական խնդիրները, այդ պատճառով էլ որոշ արևմտյան տերություններ փորձում են իրենց կամքը թելադրել` հիշեցնելով, թե այս կամ այն ընտրությունների ժամանակ եղել են խախտումներ…Կարծես թե` մեզ ոչինչ չի խանգարում ունենալ այնպիսի ընտրություններ, որոնք մեծացնեն մեր հավատը մեր իսկ երկրի հանդեպ: Հենց այս են ուզում այսօր բոլորը` իշխանությունը և ընդդիմությունը: Եվ լավ է, որ այս հարցում տարբեր բևեռներում հայտնված ուժերը միակամ են: Նշանակում է, մոտ ենք մեր ցանկությունների իրագործումին…

Իսկ ինչ վերաբերում է կոալիցիոն նոր հուշագրին, ապա այն անհրաժեշտ է: Ոչ թե այն բանի համար, որ այդ ուժերը պարզեն իրենց հարաբերությունները, այլ համատեղ պարտավորություններ ստանձնեն` ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների կազմակերպման համար: Այսինքն, բոլորը հասկանան, որ կրում են պատասխանատվություն, որ իրենք էլ իրավունք չունեն մթագնելու ընտրությունների մասին պատկերացումները…

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ